ՀՀԿ-ն ՝ ախտանիշ

ՀՀԿ-ականների անամոթությանը չափ ու սահման չկա: Սուտն ու կեղծիքը, իրականության լղոզումն ու խեղաթյուրումը, մեծ-մեծ բրդելը դարձել է այս կուսակցության, այս մարդկանց կենսաձեւը, մտել արյան մեջ:

ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովն ասում է, թե իրենց կուսակցությունը երբեք չի ասել, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը փայլուն է, երկրում չկան սոցիալական խնդիրներ, նաեւ ավելացնում է, որ միայն իրենք կարող են լուծել այդ խնդիրները: «Մենք տարբերվում ենք շատ իշխանություններից նրանով, որ մենք իրատեսական ենք գնահատում իրավիճակը: Այո, երկրում կան բազում խնդիրներ, բայց ՀՀԿ-ն այն ուժն է, որը կարող է լուծել այդ խնդիրները լավագույնս, ՀՀԿ-ն է այն ուժը, որն օբյեկտիվորեն իրականացրել է խնդիրների ախտորոշում, գնալու է հետեւողաբար այդ ախտորոշումները բուժելու ճանապարհով»,- իրեն հատուկ ճոռոմաբանությամբ հայտարարում է Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակները, այդ թվում՝ Շարմազանովը, մեկ անգամ չէ, որ նմանատիպ հայտարարություններ են անում, ասում, թե իրենց ու իրենց «ամենաիմաստուն» առաջնորդին այլընտրանք չկա, որ անփոխարինելի են, որ ախտորոշիչ ու բուժիչ են եւ նման տարատեսակ հեքիաթներ:

Իրականում այդ խնդիրների ախտորոշումը մի անուն ունի՝ ՀՀԿ ու իշխանական ռեժիմ: ՀՀԿ-ն այն ուժն է, որի իշխանության տարիներին է առաջացել Հայաստանում առկա խնդիրների մեծ մասը:

ՀՀԿ-ն այն ուժն է, որի գործունեության պատճառով աճել է արտաքին պարտքը, բազմապատկվել են աղքատության ու գործազրկության ցուցանիշները, արտագաղթը հասել է վտանգավոր սահմանի, մարդկանց մեջ ծնվել անհուսության ու անհեռանկարայնության տրամադրություններ, իրականացվել է երկրի ու ժողովրդի աննախադեպ թալան, կոռուպցիան ու կաշառակերությունը դրվել պետական կառավարման հիմքում, հաստատվել մենաշնորհներ, բուծվել օրենքից վեր հաստագլուխների մի մեծ բանակ, կեղծվել են ընտրություններ, հանրության մեջ արմատավորվել այն միտքը, որ Հայաստանում ընտրություններ չկան ու ընտրություններով որեւէ հարց լուծել հնարավոր չէ, հետապնդվել ու դատապարտվել հակառակ կարծիքներ ունեցող բազմաթիվ մարդիկ, պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները հանձնվել են օտարին:

Թվարկվածները ՀՀԿ-ի կատարած գործերի մի փոքր ցանկն է միայն: Այս կուսակցությունը տարիներ շարունակ «լավագույնս» է կատարել այդ գործերը եւ ուզում է էլի կատարել:

Հանրության մեծ մասը համոզված է՝ Հայաստանում առկա խնդիրները կմնան ու կմեծանան այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության գլուխ է գործող ռեժիմն ու ՀՀԿ-ն, քանի որ այդ խնդիրների արմատն ու պատճառը այս կուսակցությունն է: Մի կուսակցություն, որն ինքնին ախտանիշ է:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 24

Մեկնաբանել

comments