Մեզանում պատվերով համերգ է

ՀՀԿ փոխնախագահ եւ այս կուսակցության քարոզչական հատվածի ծանրքաշային Արմեն Աշոտյանն, անդրադառնալով իրենց հայտնի հոլովակին ու այնտեղ օգտագործված հանրային դեմքերի հանգամանքին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններն աննախադեպ էին աստղերի եւ հայտնիների ներգրավման տեսակետից: Ուստի մեր տեսահոլովակի հարգարժան լիբերալ քննադատները թող իմանան, որ դա նույնպես մարդու իրավունք է եւ քաղաքական պայքարի դրսեւորում, որ իրենք պարտավոր են հարգել»:

Այնուհետեւ նա հիշեցնում ու թվարկում է նախագահի թեկնածուներ Թրամփին ու Քլինթոնին աջակցություն հայտնած աստղերին ու հայտնի դեմքերին:

Այստեղ հարցը կապված է ոչ մարդու իրավունքի եւ քաղաքական պայքարի դրսեւորման հետ, ոչ էլ դրանք հարգելու պարտավորության հետ: Իրականության մեջ Արմեն Աշոտյանի մատնանշած իրավիճակներն իրար հետ որեւէ զուգահեռ չունեն: Նախ՝ ամերիկյան ու հայկական ընտրություններն անհամեմատելի են որպես այդպիսիք, այնքան հեռու իրարից, որ ոչ մի եզրով չի կարելի նույն հարթության մեջ դնել դրանք, համեմատություններ անցկացնել՝ ոչ գործընթացի, ոչ քարոզարշավի, ոչ էլ արդյունքների տեսակետից:

Դրանք անհամեմատելի են նաեւ աստղերի ու հայտնի մարդկանց մասնակցության տեսանկյունից՝ դրանց դրդապատճառների, եղանակների, հետեւանքների, հանրային ընկալման առումներով:

Ամերիկյան աստղերը այս կամ այն թեկնածուի, կուսակցության քարոզարշավներին մասնակցում են որպես այդ թեկնածուներից շատ առումներով ավելի բարձր դիրքում գտնվող մարդիկ, անշահախնդրորեն՝ ելնելով իրենց գաղափարներից ու քաղաքական համակրություններից, քաղաքացիական դիրքորոշումից: Ամերիկյան աստղերն ակնկալիքներ չունեն թեկնածուներից, չեն սպասում, որ իրենց ծառայության դիմաց նրանք վարձահատույց են լինելու, իրենց համար դիրք են ապահովելու, առավել լավ պայմաններ են ստեղծելու, ասպարեզ են լայնացնելու, փող են տալու: Ընդհակառակը, հայտնի է, որ շատ դեպքերում ամերիկյան աստղերն հենց իրենք են կլորիկ գումարներ ներդնում իրենց պաշտպանած թեկնածուների նախընտրական պայքարի հիմնադրամներին:

Մեզանում լրիվ հակառակ պատկերն է, մեզանում պատվերով համերգ է՝ դրանից բխող բոլոր անցանկալի հետեւանքներով:

Համլետ Կիրակոսյան

Ծաղրանկարը՝ medialab.am-ի

Դիտումներ՝ 90

Մեկնաբանել

comments