«Անվտանգության» առաջին դիրքերում ՀՀԿ հրոսակախմբերն են

Շատ է ասվել, եւ տարիներ շարունակ համոզվել ենք, որ ՀՀԿ-ի կարգախոսները որեւէ աղերս չունեն իրականության հետ: Ավելին, իրականության մեջ տեղի են ունենում այդ կարգախոսներին լրիվ հակադիր գործողություններ: Եթե ՀՀԿ-ն խոսում է «Առաջ, Հայաստան»-ի մասին, իրականության մեջ դա նշանակում է հաստատուն ետքայլ: «Ապահով Հայաստան»-ը նշանակում է անապահով Հայաստան, «անվտանգությունն ու առաջընթացը»՝ վտանգավորություն ու ետընթաց:

Անվտանգության մասին իր նոր կարգախոսը ՀՀԿ-ն գործողության մեջ դրեց Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում, որտեղ մի քանի օր է՝ ՀՀԿ-ական հրոսակախմբերը, գյուղապետի գլխավորությամբ (վերջինս «փառապանծ» փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի ազգականն է), հարձակվում են ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքական ուժի կողմնակիցների վրա, ահաբեկում են նրանց, ծեծում, կրակում, դանակահարում, լոմում: Այդ գործողություններին մասնակցել է նաեւ փոխոստիկանապետի նռնակ նետող եղբայրը, նա է եղել կրակողներից մեկը: Գործողություններից մեկի Ժամանակ ներկա է եղել նաեւ ինքը՝ Լեւոն Երանոսյանը, որին, երեւի, ընտրություններից հետո Սերժ Սարգսյանն էլի կպարգեւատրի, ինչպես եղավ Սարի թաղի կոտորածներից հետո:

Հանրապետականները Ջրառատի դեպքերի առնչությամբ նորից իրականության հետ աղերս չունեցող, մանկամիտ մեկնաբանություններ են տալիս: Օրինակ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասում է. «Բացարձակապես չեմ ուզում շեշտադրել տվյալ դեպքը, բայց առհասարակ չի կարելի բացառել, որ համայնքներում կան տարբեր բնակիչների, քաղաքացիների միջեւ վաղուց կուտակված որոշակի խնդիրներ, որոնք կարող են ընտրությունների առիթով եւս մեկ անգամ սրվել: Եւ այդ սրացումները կապել քաղաքական գործընթացների հետ, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ»: Նաեւ ավելացնում է. «Հանրապետականը կարիք չունի օրենքների խախտումով իրականացնելու քարոզարշավ եւ գնալու ընտրությունների»:

Արմեն Աշոտյանը մոռանում է, որ քարոզարշավի սկսվելուց ի վեր արդեն տեղի ունեցած տասնյակ բախումների, առճակատումների, կռիվների մեջ՝ որպես հրահրողներ, նախահարձակ, ակտիվ կողմ, հանդես են գալիս հենց հանրապետականները: Բոլոր մարտերի առաջին դիրքերում հանրապետականներն են՝ մի տեղում իրենք իրենց միջեւ, մի այլ տեղում՝ մրցակիցների հետ:

Արմեն Աշոտյանի ասած՝ «Հանրապետականը կարիք չունի օրենքների խախտումով իրականացնելու քարոզարշավ եւ գնալու ընտրությունների» միտքը միայն եփած հավերի ծիծաղը կարող է առաջ բերել: ՀՀԿ-ն բոլոր ընտրություններին օրենքները խախտելով, կեղծելով, ծեծելով, ահաբեկելով, կրակելով, տոկոսներ խփելով է մասնակցել ընտրություններին: Այս մարդիկ այլկերպ ուղղակի չեն կարող:

Այս ընտրություններն էլ բացառություն չեն. Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ականջ կտրող ու նռնակ նետող արյունարբու Երանոսյանների միջոցով անվտանգություն ու առաջընթաց են ապահովում Ջրառատում…

Իրենք հենց այդպես՝ ահաբեկելով, կրակելով, դանակահարելով, լոմելով, ծեծուջարդով են պատկերացնում երկրի ու ժողովրդի «առաջընթացն ու անվտանգությունը», իսկ այս ընտրություններում ՀՀԿ-ի հիմնական քարոզիչ Կարեն Կարապետյանի սիրուն, պեծպեծուն խոսքերն ընդամենը լոլոներ են, ինչպես իր «բառաբանի» հարվածները…

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 25

Մեկնաբանել

comments