ՀՀԿ-ի՝ մրցակից չունենալու մեխանիկան

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ (դաշինքի երկրորդ համար) Արմեն Մարտիրոսյանը արձագանքել է Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի՝ օրերս արած այն հայտարարությանը, թե իրենք մրցակից չունեն։ Արմեն Մարտիրոսյանն հայտարարել է, որ ՀՀԿ-ն իսկապես քաղաքական դաշտում մրցակից չունի, քանի որ նրա մրցակիցը ժողովուրդն է, որն ուզում է ապրել արժանապատիվ երկրում։

Վիգեն Սարգսյանը՝ քաղաքական դաշտում ՀՀԿ-ի մրցակից չունենալու պնդումն արել էր այն իմաստով, որ նա կասկած էր հայտնել, թե ընդդիմադիրներն ունեն բավարար չափով ռեսուրսներ` շուրջ 2000 ընտրական տեղամասերում ներկայացված լինելու համար: Նկատի ունի վստահված անձանց, թերեւս նաեւ խորհրդարանական ուժերի ներկայացնելիք տեղամասային հանձնաժողովների անդամներին:

Վերջիններիս առումով արդեն հայտնի է, որ խորհրդարանում ներկայացված ՀՀԿ-ն,  «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» եւ«Օրինաց երկիր» կուսակցությունները նշանակումներ են կատարել բոլոր 2009 տեղամասային ընտրական հանձնաժողովներում: ՀՅԴ-ն նշանակում չի արել ընդամենը մեկ տեղամասում: «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի կողմից նշանակումներ չեն կատարվել 126 տեղամասային ընտրական հանձնաժողովներում:

ՀԱԿ ներկայացուցիչ Արման Մուսինյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենց դաշինքը 126 ընտրական տեղամասերի հանձնաժողովներում ներկայացուցիչ չի նշանակել տակտիկական նկատառումներից ելնելով: Բնական է, որ չի հայտնել, թե ինչ տակտիկական նկատառումներ են դրանք: ՀԱԿ կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Զոյա Թադեւոսյանը, «Հրապարակին» հայտնել էր, որ նշված թվով ՀԱԿ ներկայացուցիչները, որոնք մասնակցել էին ԿԸՀ կազմակերպած դասընթացներին ու ստացել հանձնաժողովներում աշխատելու համապատասխան լիցենզիա, ընդգրկվել են իրենց դաշինքի ռեյտինգային ցուցակներում, ինչի պատճառով էլ 126 տեղ թափուր է մնացել։

Ըստ օրենքի, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների թափուր տեղերը սահմանված կարգով եւ ժամկետներում կլրացվեն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից: Տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներն հիմնականում ՀՀԿ-ականներ են, ինչը նշանակում է, որ հանձնաժողովների թափուր տեղերը, ամենայն հավանականությամբ, կլրացվեն ՀՀԿ ներկայացուցիչներով:

Քաղաքական դաշտում մրցակից չունենալու հայտարարությամբ Վիգեն Սարգսյանը փաստորեն ուզում է շեշտել, որ ՀՀԿ-ն բազմամարդ է՝ ի տարբերություն ընդդիմադիր կուսակցությունների, որոնք սակավամարդ են եւ անհրաժեշտ քանակով մարդկային ռեսուրսներ չունեն հանձնաժողովներում անհրաժեշտ թվով ներկայացուցիչներ նշանակելու եւ տեղամասերում վստահված անձինք ունենալու համար:

Քաղաքական մրցակցություն ու կշռի պահով նկատենք, որ նախ՝ քանակը դեռ որակ չէ: Այսօրվա մոտավորապես 160 հազարանոց ՀՀԿ-ից բան չի մնա, եթե այս կուսակցությունը զրկվի իշխանությունից. մեկ օրում այդ կուսակցությունը կլքեն տասնյակ հազարավոր մարդիկ, եւ եթե մնա 16 հազար ՀՀԿ-ական, ապա պետք է փառք տան:

Մեկ այլ խնդիր է, թե քվեարկության օրը ինչեր են կատարվում տեղամասերում՝ ընդդիմադիր հանձնաժողովականների ու վստահված անձանց նկատմամբ. ահաբեկման ու կաշառման փորձեր, ճնշումներ, նաեւ՝ ծեծ ու ջարդ: Այս առումով Արմեն Մարտիրոսյանը նշում է. «Վիգեն Սարգսյանն ասում է՝ մյուս քաղաքական ուժերը 2000 վստահված անձ չունեն տեղամասերի համար, եթե չունենք, ապա ո՞նց է ստացվում, որ մեր վստահված անձանց ծեծում են տեղամասերում, ճնշումների ենթարկում»։

Եթե Վիգեն Սարգսյանը, մրցակիցներ չունենք ասելով, նկատի ունի այդ ճնշումներն ու ահաբեկումները, այո, այդ իմաստով ՀՀԿ-ն մրցակից չունի: Բայց դա քաղաքական մրցակցություն չէ:

Հ. Կիրակոսյան

Դիտումներ՝ 72

Մեկնաբանել

comments