ՀՀԿ-ի ռեինկարնացիան

Հանրային քննարկման լայն առարկա է դարձել ԱԺ ընտրությունների քարոզարշավի մեկնարկում տարածված ՀՀԿ հոլովակը, որն, ըստ էության, իրենից ներկայացնում է այս ընտրություններում ՀՀԿ-ի հիմնը: Այն երաժշտական հոլովակ է, երգը կոչվում է՝ «Փոխենք աշխարհը», կատարում է «Ռեինկարնացիա» խումբը: Երգի որոշ հատվածներում հարվածային գործիքների վրա աշխատում է վարչապետ Կարեն Կարապետյանը: Հոլովակում նկարահանվել են հայտնի շախմատիստ Լեւոն Արոնյանն ու բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Օգտագործված է նաեւ վերջին շրջանում հայ ժողովրդի միակ ուրախություն ու մխիթարություն Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը:

Հանրային քննարկումների կենտրոնում ինչպես «Ռեինկարնացիա» խմբի մասնակցության պահն է ՀՀԿ-ի քարոզարշավին, այնպես էլ մեր հայտնի մարզիկների կերպարների օգտագործումը հոլովակում: Նրանց հասցեին հնչում են քննադատություններ (հատկապես «Ռեինկարնացիա»-ի), որ լծվել են երկիրը քայքայած ՀՀԿ-ի քարոզարշավին, որ իշխանական կուսակցությունը իր շահերի համար օգտագործում է հանրությանը սիրելի նման մարդկանց եւ իրենք ինքնակամ համաձայնել են դրան:

Կան նաեւ հատուկենտ պաշտպանողներ (խոսքը, իհարկե, ՀՀԿ-ականների մասին չէ), որոնք ասում են, թե «Ռեինկարնացիան» կատարելով այդ երգը, չդարձավ ՀՀԿ-ական, որ նրանք իրենց գործն են անում՝ երգում են, տվյալ դեպքում էլ՝ ՀՀԿ-ն պատվեր ու փող է տվել, իրենք էլ երգել են, մյուս կուսակցությունները տային, մյուսների համար էլ կերգեին:

Իհարկե, սա շատ երերուն պաշտպանություն է, քանի որ խիստ կասկածելի է, որ «Ռեինկարնացիան» կհամաձայներ երգել մյուս կուսակցությունների համար, ինչքան էլ վերջիններս փող տային: Որպես կանոն՝ հայոց երգիչ-երգչուհիները հիմնականում համաձայնում են երգել իշխանական կուսակցության համար, բացառությունները շատ քիչ են: Իշխանական կուսակցությունն էլ լիուբոլ օգտագործում է նրանց: Թե ՀՀԿ-ի համար ինչպիսի էֆեկտ է տալիս այդ օգտագործումը՝ այլ հարց է, բայց որ օգտագործվողների համար էֆեկտը շատ ցավալի է լինում, ակնհայտ է. ունենք այդտեսակ փորձ ու օրինակներ: Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Սիրուշոն հանրության կողմից սիրված ու փայփայված երգչուհիներ էին: Երբ ժամանակին նրանք էլ լծվեցին ՀՀԿ-ի քարոզարշավներին, հանդես եկան իշխանության պաշտպանությամբ, այդ սիրված լինելու պահը դարձավ ոչ միանշանակ: Վստահ կարելի է ասել, որ հիմա հանրության զգալի մասը՝  որպես երգչուհիների, չի համակրում նրանց:

«Ռեինկարնացիան» սիրված խումբ է՝ իր յուրօրինակ ոճով, ինքնատիպ կատարումներով, սեփական, տարբերվող ձեռագրով: Դժվար չէ պատկերացնել, որ այս խումբն էլ կարող է արժանանալ վերը նշված երգչուհիների ճակատագրին:

Հ.Գ. Ուշադրության է արժանի ՀՀԿ-ի քարոզչական հոլովակի երգի ու խմբի անվանումների հարցը: Երգը կոչվում է՝ «Փոխենք աշխարհը», որը հիշեցնում է ՀՀԿ-ի նախկին կարգախոսներից մեկը (Հավատանք, որ փոխենք), նաեւ ՀՀԿ-այնացված վարչապետ Կարեն Կարապետյանի համոզմունքը ՀՀԿ-ի փոխվելու պատրաստակամության մասին: «Ռեինկարնացիա» նշանակում է՝ հոգու վերափոխում: Հիշենք Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի հայտարարությունները ՀՀԿ-ի նոր ոգու մասին: Թե ինչքան են իրականություն դարձել ՀՀԿ-ի բոլոր նախորդ կարգախոսներն ու հիմները, աչքներիս առաջ է:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 39

Մեկնաբանել

comments