ՀՀԿ-ի վտանգավորությունն ու ետընթացը

ՀՀԿ-ի «Անվտանգություն ու առաջընթաց» կարգախոսն այս օրերին ցույց է տալիս իր ողջ սնանկությունն ու «մերկությունը», ինչպես միշտ է եղել այս կուսակցության նախընտրական կարգախոսների դեպքում:

Մինչ ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջատարները կամ, այսպես ասած, քաղաքական դեմքերը՝ վարչապետի գլխավորությամբ, մարզերի ընտրողների հետ հանդիպումներում ներկայացնում են իրենց կողմից կառավարվող եւ կառավարվելիք Հայաստանի անվտանգության ու առաջընթացի գունավոր ու լուսավոր տեսլականը, հեքիաթներ պատմում անվտանգ ապագայի ու զարգացման մասին, այս կուսակցության ռեյտինգային թեկնածուներն իրենց տարածքներում գործով ապացուցում են սեփական գոյության ու գործունեության ամենայն վտանգավորությունը եւ ետընթացը Հայաստանի ու հասարակության համար:

Օր չի լինում, որ տեղեկություններ չհայտնվեն ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների վտանգավոր արկածների, այս կամ այնտեղ տեղի ունեցած ծեծկռտուքների,  բախումների, հարձակումների, ահաբեկումների մասին:

Շատ տարածքներ վերածվել են իսկական մարտադաշտերի: Հաջորդող օրերին, երբ նախընտրական քարոզարշավն էլ ավելի թեժանա ու հասնի լարվածության պիկին, դրանք խոստանում են վերածվել լիարժեք պատերազմական դաշտերի: Ընդ որում, ՀՀԿ-ի ռեյտինգայինները պատերազմում են ոչ միայն մրցակից կուսակցությունների թեկնածուների դեմ, այլեւ՝ իրենց կուսակիցների:

Շատ դեպքերում ՀՀԿ ռեյտինգայինների միջեւ պայքարն ու պատերազմն էլ ավելի սուր է եւ վտանգավոր, քան մրցակից կուսակցությունների ներկայացուցիչների դեմ պայքարը, քանի որ հենց ՀՀԿ-ի ռեյտինգայիններն են այն փողի քսակները եւ, այսպես ասած, թաղային հեղինակությունները, որոնք ազդեցություն ու լծակներ ունեն իրենց տարածքներում:

Օրինակ, այս օրերին շատ է շոշափվում ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀԿ-ական Արման Սահակյանի (Գալուստ Սահակյանի որդու) եւ նրանց կողմնակիցների հարաբերությունների սրման ու սուր բնույթ կրող առճակատման մասին. ասվում է, որ նրանք անգամ իրարից շտաբներ ու կողմնակիցներ են խլում, ահաբեկում հակառակորդ ճամբարի ներկայացուցիչներին, ճնշում ու հավաքագրում մարդկանց: Սա նման միկրոմարտերի օրինակներից մեկն է միայն:

Շատ մարդիկ ուրախանում են ներհանրապետական այս գզվռտոցներից ու բախումներից, ասում են՝ «թող իրար ուտեն, հոշոտեն, վերանան»: Եթե հարցը միայն իրենց վերաբերեր, իհարկե, կարելի էր եւ այդպես մտածել: Բայց այդ բախումներին մասնակից են դառնում նաեւ շատ մարդիկ, լարվածությունը տարածվում է թաղամասերում, ընդգրկում այլ տարածքներ, հասնում ընտանիքներ, տուժում են շարքային քաղաքացիներ:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 40

Մեկնաբանել

comments