«Ունենք նույնական ճամբարներ, շփոթված ընտրողը չի էլ հասցնում կողմնորոշվել»

Ընտրությունների միջոցով իշխանափոխություն հնարավոր չէ

«Կարծում եմ՝ դժվար թե այս ընտրությունների արդյունքում հնարավոր լինի իշխանափոխություն իրականացնել»,-ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը եւ նշում, որ իշխանափոխության համար պետք է լինի նաեւ ձգտում ընդդիմադիր սեգմենտի եւ հասարակության կողմից:

«Ոչ իշխանական սեգմենտի քաղաքական ուժերը կարծես թե հաշտվել են այս իրավիճակի հետ եւ փորձում են իրենց տեղը գտնել ընդդիմադիր սեգմենտի արեւի տակ` 1/3 երաշխավորված տեղերում գրավելով իրենց տեղը», — ավելացնում է քաղտեխնոլոգը:

Նա իշխանափոխության տենդենցներ չի տեսնում. «ընտրություններն այն օրն է, երբ ֆիքսվում է այն արդյունքը, այն մթնոլորտը, որը տիրում է ընտրատարածքից դուրս` այդ պահի դրությամբ»:

իշխանափոխությունՔաղաքագետ Անուշ Սեդրակյանի կարծիքով՝ Հայաստանում հնարավոր է իշխանափոխություն, սակայն ոչ ընտրությունների միջոցով: «Հայաստանում արդեն իշխանափոխություն եղել է, եղել է կապիտալ եւ բեւեռային իշխանափոխություն, եւ այդ իշխանափոխությունը եղել է պալատական հեղաշրջման միջոցով: Դա բխում է նրանից, որ եթե Հայաստանում երկար ժամանակ շարունակվեր ընտրական գործընթացի բռնությունների կիրառման մեխանիզմը, ապա գուցե հասարակությունը կարողանար միավորվել եւ որոշակի միասնական սեգմենտ ձեւավորել: Որովհետեւ բռնությունների հակազդեցությունը որպես կանոն միավորիչ ուժ ունի», -ասում է քաղաքագետը:

Ինչպես նշում է Անուշ Սեդրակյանը, Հայաստանում ընդդիմության եւ իշխանության սեգմենտիզացիան դադարել է. «Մենք չունենք երկու տարբեր ճամբարներ: Մենք ունենք նույնական ճամբարներ, որոնք անընդհատ փոխում են իրենց տեղը, եւ շփոթված ընտրողը չի էլ հասցնում կողմնորոշվել»:

«Կատարվում են իրարամերժ դաշինքներ, խաղը շատ ավելի բարդ է», — ասում է քաղաքագետը եւ հավելում, — «այդ խաղի մեջ կատարվում է ընդհատակյա իշխանափոխություն: Այսինքն, իշխանության մեջ փոխվում են եղած շերտերը: Այն շերտը, որը ստաբիլ պահել է սեփականության եւ իշխանության լծակները, այժմ փոխարինվում է նոր շերտով, որը գալու է ստանալու իշխանություն՝ առանց սեփականության լծակներ ունենալու: Նրանք, ովքեր չունեն խոշոր սեփականություն, բայց ունեն իշխանություն, նեղելու են նրանց, ովքեր արդեն չունեն իշխանություն, բայց դեռ ունեն սեփականություն»:

Անդրադառնալով ընդդիմությանը՝ քաղաքագետ Անուշ Սեդրակյանը նշում է, որ ներկայում Հայաստանի ընդդիմությունը չունի ընդդիմադիր մեխանիզմ եւ ընդդիմադիր պայքարի մեջ կիրառում է իշխանության մեխանիզմը:

«Ընդդիմության համակարգում տեղի են ունենում նույն իշխանական գործընթացները, այսինքն` իրարամերժ ցուցակներ, անկախականների եւ ռուսական թեւի միաձուլումներ, նույն կուսակցական պլատֆորմի վրա իրարամերժ հայտարարություններ»,-ասում է Ա. Սեդրակյանը եւ նկատում, որ այդպիսով ընդդիմությունը կորցնում է ոչ միայն իր գաղափարական ընտրողին, ով ի վերջո հասկանում է, որ նրա ուզածը միայն մանդատն է, այլեւ կորցնում է իշխանությունից տարբերվելու ցանկացած հնարավորություն:

Քաղաքագետ Սարո Սարոյանի կարծիքով՝ խնդիրն այն է, որ չկա ընտրական գործընթաց, որը կարտահայտի քաղաքացիների ազատ կամարտահայտությունը:

«Եթե Հայաստանում ազատ ընտրություններ չկան, ընտրությունները չեն արտահայտում բնակչության մեծամասնության կամարտահայտությունը, ապա սա ընդամենը քաղաքական որոշակի միջոցառում է, որը հարկավոր է տվյալ վարչախմբին իր հետագա կառավարման տարիները դասավորելու, արտաքին աշխարհից լեգիտիմություն ստանալու եւ սեփական ժողովրդին սեփական լեգիտիմության մեջ համոզելու համար», — նշում է քաղաքագետը եւ հավելում, որ ազատ կամարտահայտության բացակայության դեպքում ընտրությունների միջոցով իշխանափոխություն հնարավոր չէ:

Լուսանկարները` Մեդիա կենտրոնի

Փիրուզա Պետրոսյան

Դիտումներ՝ 34

Մեկնաբանել

comments