Րաֆֆու հերթական ոչ միանշանակ որոշումը

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը Սեյրան Օհանյանի հետ հնարավոր դաշինք կազմելու մասին, ինչպես եւ սպասվում էր, ոչ միանշանակ արձագանքի է արժանացել: Հիշեցնենք, որ այդ հայտարարության մեջ Ր. Հովհաննիսյանը ոչ միայն խոսել էր պաշտպանության նախկին նախարարի հետ դաշինք ձեւավորելու հնարավորության մասին, այլեւ գովեստի խոսքեր էր շռայլել վերջինիս հասցեին` մասնավորապես ասելով. «Ես կարծում եմ՝ Սեյրան Օհանյանն ունի պետական շատ կարեւոր փորձ, ունի տալիք մեր երկրին, ինքը նաեւ ապագա ղեկավար կարող է դառնալ»:

Րաֆֆի Հովհաննիսյան-Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան հնարավոր դաշինքի սաղմերը քցվել էին 2016-ի տարեվերջին: Ինչպես երեւում է՝ այն արդեն հասել է ավարտական փուլին: Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնի հարցազրույցին զուգահեռ, հայտարարություն է տարածել Սեյրան Օհանյանը՝ հաստատելով, որ դաշինքային բանակցություններն ավարտական փուլում են: «Ցանկանում եմ տեղեկացնել, որ շարունակում եմ քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ՝ ձեւավորելով համախոհների թիմ՝ միաձույլ դաշինք, որը հանրությանը կներկայացնի իրատեսական ծրագիր եւ մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ճանապարհային քարտեզ: Միասնության շնորհիվ ստեղծված, արդարության պայմաններում հաստատված վստահության ալիքը հնարավորություն կտա ոչ թե շրջանցելու կնճռոտ հարցերը, այլ ընդառաջ գնալու եւ համարձակ քայլերով դրանց լուծումներ տալու: Հանրությունը սպասում է փոփոխությունների, եւ պատասխանատու մարդիկ պետք է բավարարեն հանրության՝ փոփոխությունների ձգտելու պահանջը: Իմ ունեցած քննարկումները եզրափակիչ փուլում են, եւ այսօր ես տալիս եմ հենց այդ փուլի մեկնարկը»,-նշել էր Ս. Օհանյանը:

Չնայած Սեյրան Օհանյանը անձերի ու կուսակցությունների անուններ չի տալիս, բայց պարզ է, որ խոսքը վերը նշված եռանկյունային դաշինքի մասին է:

«Ժառանգության» հնարավոր մասնակցությունն այդ դաշինքին ոչ միանշանակորեն է ընդունվում ոչ միայն հասարակական-քաղաքական շրջանակներում, այլեւ հենց կուսակցության ներսում: Երբ առաջին անգամ խոսք գնաց այդ հնարավոր դաշինքի մասին, լուրեր տարածվեցին, որ կուսակցության շատ ներկայացուցիչներ կլքեն այն: Եւ ահա կա առաջին քայլը կատարողը: «Ժառանգությունից» դուրս գալու մասին հայտարարել է կուսակցության հանգուցային ու սկզբունքային գործիչներից մեկը՝ Անահիտ Բախշյանը: Նա հայտարարել է, որ արդեն դիմում է գրել, նաեւ ներկայացրել է իր որոշման դրդապատճառները. «Ինձ համար շատ կարեւոր է հստակ արեւմտամետ ուղղվածությունը, որը «Ժառանգության» դեպքում սկսել է կասկածի տեղիք տալ, որովհետեւ այն ուժերը, որոնց հետ հիմա «Ժառանգությունը» բանակցում է, դրանց քաղաքական հետագիծը ինձ համար բոլորովին ընդունելի չէ: Խոսքը Վարդան Օսկանյանի եւ Սեյրան Օհանյանի հետ հնարավոր դաշինքի մասին է, եւ այդ մարդկանց հետ քաղաքական միավորումը իմ սկզբունքներին դեմ է»:

Անահիտ Բախշյանը մատնանշել է ոչ միայն վերը նշված գործիչների մասնակցության պահը Մարտի 1-ի դեպքերին, այլեւ ընդհանրապես իշխանության մեջ եղած ժամանակ նրանց դերակատարությունը քաղաքական ու ընտրական պրոցեսներին. «Ոչ միայն Մարտի 1, քաղաքական էն իրավիճակը, որ այսօր ունենք երկրում ընտրությունների արդյունքում: Մարտի 1-ը ինչի՞ հետեւանք է՝ ընտրակեղծարարության: Ապրիլյան պատերազմ եւ այլն»:

Հայտնի է, որ «Ժառանգության» մյուս, թերեւս, ավելի հանգուցային ու սկզբունքային գործիչը՝ Զարուհի Փոստանջյանը էլ ավելի կոշտ դիրքորոշում ունի Սեյրան Օհանյանի՝ Մարտի 1-ի գործողությանը մասնակցության պահով եւ նրան համարում է դրա գլխավոր պատասխանատուներից մեկը: Այսինքն՝ չի բացառվում, որ նա եւս լքի «Ժառանգությունը», եթե վերը նշված դաշինքը իրականություն դառնա:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 55

Մեկնաբանել

comments