Գյումրու քաղաքապետարանի «տաշի-տուշին» ու ախորժակը

2 տարում մոտ 6 մլն-ի համակարգիչ են գնել, 13 մլն-ից ավել՝ A4 ֆորմատի թուղթ
Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը 2015 եւ 2016 թվականներին ներկայացրել է բավական ճոխ գնումների պլան, որի համաձայն էլ կատարել է համապատասխան գնումները:
Միայն տարեկան 9 մլն-ից ավել գումար նախատեսել է գրենական պիտույքների գնման համար, որից 6 մլն 720 հազարը՝ A4 ֆորմատի թուղթ գնելու նպատակով: Ի դեպ, 2015-ին քաղաքապետարանը նախատեսել եւ գնել է այնպիսի արժեքով ֆորմատի թուղթ, որը Գյումրիում դժվար է գտնել:
Այսպես՝ 2015-ին A4 ֆորմատի մեկ տուփը նախատեսել է գնել 2400 դրամով, մինչդեռ Գյումրու գրենական բոլոր խանութներում ամնաթանկ տուփը այդ տարիներին եւ մինչեւ այսօր վաճառվում է 2000 դրամով՝ (մանրածախի դեպքում), իսկ ամենաէժանը՝ 1700 դրամ: Քաղաքապետարանը, այսպիսով թանկ ու չճարվող տարբերակն է նախատեսել:
2016-ին եւս գրենական պիտույքների ձեռբերման գումարի չափը նույնն է մնացել: Այս անգամ եւս նախատեսել են A4 գնել ֆորմատի թուղթ՝ 2000 դրամով, սակայն քանակն է փոխվել: Եթե 2015 թվականին նախատեսել են 2800 տուփ՝ յուրաքանչյուրը՝ 2400 դրամով, ապա 2016-ին՝ 3360 տուփ՝ 2000 դրամով: Արդյունքում գումարի չափը մնացել է անփոփոխ, նախատեսվել է 6 մլն 720 հազար ՀՀ դրամ եւ այդքան ծախսվել:
2015 եւ 2016 թվականներին քաղաքապետարանը հատուկ նպատակային այլ նյութեր ձեռքբերելու համար յուրաքանչյուր տարի նախատեսել է 3 մլն 378 հազար 500 ՀՀ դրամ:
2015 թվականին քաղաքապետարանը պլանավորել է գնել 150 հազար դրամ գումարի օճառ՝ տնտեսական եւ ձեռքի՝ յուրաքանչյուրից 500 միավոր: Յուրաքանչյուր օճառը՝ 100 գրամ: Ձեռքի օճառը նախատեսվել է 180 դրամ, իսկ տնտեսականը՝ 120 ՀՀ դրամ:
Նույնը նախատեսվել է նաեւ 2016 թվականին՝ նույն արժեքով եւ չափաբաժիններով, քանակով:
2015-ին քաղաքապետարանը 150 հազար դրամ նախատեսել է զուգարանի թղթին՝ ռուլոն, 1500 միավոր, յուրաքանչյուրը՝ 100 դրամ:
Քաղաքապետարանը 2016-ին զուգարանի թղթի խնայողությամբ է աչքի ընկել: 2015-ի համեմատ կրճատել է թղթի միավորի քանակը եւ նախատեսել է 1325 միավոր, յուրաքանչյուրը՝ 100 դրամ, այս անգամ արդեն նախատեսվել է 132 հազար 500 ՀՀ դրամ:
Ամեն տարի քաղաքապետարանը նախատեսել է գնել 50 միավոր ծորակ՝ յուրաքանչյուրը՝ 5500 դրամ, 2015-ին եւ 2016-ին յուրաքանչյուր անգամ նախատեսել է 705 հազար ՀՀ դրամի եռաբաշխիչ տարբեր ձեւերի ու չափերի, յուրաքանչյուր տարի՝ էլեկտրական լար՝ երկարացման եւ այլն:
2015-ին նախատեսել է 8 մլն դրամ վարչական սարքավորումների գնման նպատակով՝ ղեկավարի բազկաթոռ՝ 4 միավոր, յուրաքանչյուրը՝ 58 հազար ՀՀ դրամ, 6 միավոր շարժական բազկաթոռ՝ յուրաքանչյուրը՝ 40 հազար դրամ, 9 միավոր դյուրագիր համակարգիչ՝ յուրաքանչյուրը՝ 290 հազար ՀՀ դրամ, 20 միավոր պահարան՝ յուրաքանչյուրը՝ 58 հազար ՀՀ դրամ, 1 միավոր թանկարժեք հեռուստացույց՝ 380 հազար ՀՀ դրամ եւ այլն:
2016-ին վարչական սարքավորումների ձեռքբերման համար գումարը կրկնապատկվել է, ի տարբերություն 2015 թվականի:
2016-ին այս նպատակով նախատեսվել է 15 մլն 832 հազար 700 դրամ՝ 28 միավոր բազկաթոռ, յուրաքանչյուրը՝ 60 հազար ՀՀ դրամ, 40 միավոր պահարան՝ յուրաքանչյուրը՝ 58 հազար ՀՀ դրամ, 12 միավոր դյուրագիր համակարգիչ՝ յուրաքանչյուրը՝ 270 հազար ՀՀ դրամ, 54 միավոր սեղան, յուրաքանչյուրը՝ 70 հազար ՀՀ դրամ եւ այլն:
«Ասպարեզը» Գյումրու քաղաքապետարանից հետաքրրքվել է, թե որքանով է նպատակային ու արդարացի քաղաքի այս աղքատության պայմաններում նման գնումների պլան կազմել ու գումար ծախսել:
Պատասխանը, ի դեպ, գրեթե բան չի ասում:
«Ձեր կողմից առանձնացված ծախսերը, որոնք հատկացվում են գրենական պիտույքների ձեռքբերման, վարչական սարքավորումների, հատուկ եւ նպատակային այլ իրերի ձեռքբերման համար ապահովում են քաղաքապետարանի աշխատակազմի բնականոն աշխատանքը»,-փոխանցել են քաղաքապետարանից:
Ակնհայտ է, որ այս կառույցը անօթեւաններով ու անտուններով հայտնի քաղաքի սուղ միջոցները նպատակային ու արդյունավետ չի օգտագործում: Սա հերթական հոդվածներից մեկը, որն ապացուցում է վերը նշվածը:
«Ասպարեզը» շարունակաբար անդրադառանալու է Գյումու քաղաքապետարանի գնումների գործընթացին. ներկայացնելու ենք, թե քաղաքի աղքատիկ միջոցներից ինչեր են գնվել, ինչ արժեքով եւ, իհարկե, ովքեր են եղել մրցույթների հաղթողները, որքանով կապ ունեն Գյումրու ՏԻՄ-ի հետ:
Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 382

Մեկնաբանել

comments