«Պուտինը ցանկացել է վրեժխնդիր լինել Քլինթոնից»

Ինչպես հայտնում է NBC  հեռուստատեսությունը, ամերիկյան հետախուզական ծառայություններն իրականացրած հետաքննության արդյունքում եկել են այն եզրակացության, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինի անմիջական ցուցումով կամ կարգադրությամբ ռուսական հատուկ ծառայությունները միջամտել են ԱՄՆ-ում այս տարվա նոյեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների գործընթացին: Հեռուստաընկերության` ամերիկյան հետախուզության ղեկավար կազմից սեփական անանուն աղբյուրը ներկայացրել է, որ Պուտինը ցանկացել է նախ վրեժխնդիր լինել դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնից: Չբացելով փակագծեր` նշված աղբյուրն ասել է, որ այն, ինչ կարգադրել է անել Պուտինն իր հատուկ ծառայություններին, ունի մեկ անուն եւ որակում` «վենդետտա»: Ըստ այդմ, նախ փորձ է արվել տարակարծություն սերմանել ամերիկյան հասարակության մեջ, ապա արդեն` ի ցույց դնել ամերիկյան ընտրական համակարգում առկա կոռուպցիոն երեւույթները, որի նպատակը` ԱՄՆ հիմնական դաշնակիցների մոտ հիասթափություն առաջացնելն էր, ինչն իր հերթին կբերեր հարաբերությունների սառեցման կամ դրանց կորստի` վերջիններիս եւ Միացյալ Նահանգների միջեւ: Միաժամանակ նաեւ հարցականի տակ կհայտնվեր Միացյալ Նահանգների` որպես հուսալի դաշնակցի եւ գործընկերոջ համբավը:

NBC-ի անդրադարձում նշվում է, որ Պուտինն անձամբ է ղեկավարել այսպես կոչված «էլեկտրոնային նամակների» հետ կապված գործը: Ուշագրավ է, որ ԱՄՆ իշխանությունները գրեթե անհերքելի ապացույցներ ունենալով հանդերձ` զերծ են մնում որեւէ պաշտոնական մեկնաբանությունից կամ մեղադրանք հնչեցնելուց:

Լուսանկարը` lenta.ru-ի

Թարգմանությունը` Արման Գրիգորյանի

Դիտումներ՝ 2

Մեկնաբանել

comments