«Եթե ուզում ես կարգդ մնա, պետք է բերես 30.000 դրամ»

Հաշմանդամության կարգի տրամադրման բացերը

«Լոգոս» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրապարակել է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից մատուցվող  ծառայությունների որակի եւ թափանցիկության մասին զեկույցի արդյունքները:

ՀԿ-ի իրականացրած ուսումնասիրությունն ուղղված է եղել բացահայտելու հաշմանդամության կարգի տրամադրման ոլորտում առկա խնդիրները եւ ներկայացնելու առաջարկություններ, ինչպես գործող ընթացակարգերի թափանցիկության բարձրացման, այնպես էլ գործող ընթացակարգերում անհրաժեշտ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու ուղղությամբ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացում հանձնաժողովների կողմից մատուցվող ծառայությունների որակի եւ թափանցիկության հետ կապված խնդիրները մեծապես պայմանավորված են համակարգային բնույթի թերություններով՝ անհրաժեշտ չափորոշիչների բացակայությամբ, առկա ընթացակարգերի անկատարությամբ, կադրային ոչ ճիշտ քաղաքականությամբ, բնակչության իրազեկվածության ցածր մակարդակով, բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) հանձնաժողովներում իրականացվող հանրային վերահսկողության ցածր մակարդակով:

հաշմանդամության կարգ

Ըստ ուսումնասիրության՝ հենց այս խնդիրները պատճառ են դառնում պետության կողմից հաշմանդամության կարգի տրամադրման բնագավառում շահառուների իրավունքների ոտնահարման, համակարգի ոչ թափանցիկության եւ հաշվետվողականության բացակայության համար, որոնք իրենց հերթին պարունակում են կոռուպցիոն դրսեւորումներ եւ խոչընդոտում ծառայությունների որակի բարձրացմանը։ Նման իրավիճակում բացառվում է շահառուների կողմից իրավիճակի վրա ազդելու հնարավորությունը, իսկ ներդրված բողոքարկման մեխանիզմների մասին հանձնաժողովների կողմից չիրազեկելը լուրջ խնդիրներ են առաջացնում շահառուների համար բողոքարկման համար։

ՀԿ-ն պարզել է, որ գումարի ակնկալիքը ամենահաճախ հանդիպող խնդիրն է շահառուների շրջանում: Այն հարցին, թե «Հաշմանդամության կարգ սահմանելու, բարձրացնելու կամ վերականգնելու համար Դուք երբեւէ գումար տվե՞լ եք հանձնաժողովի որեւէ անդամի» հարցվածների 55%-ը փաստել է վճարում կատարելը, եւ միայն 45%-ն է, որ ոչ մի վճարում չի կատարել։

Ըստ շահառուների՝ վճարում կատարելու հիմնական դրդապատճառը եղել է հանձնաժողովների նախագահների պահանջը կարգի տրամադրման, բարձրացման կամ պահպանման համար։ Ինչ վերաբերում է գումար վճարելու հիմնական դրդապատճառներին, ապա շահառուները մատնանշել են, որ 11% դեպքերում ուղղակի վերաբերմունք են հայտնել հանձնաժողովին՝ իրենց կարգի տրամադրման համար, 16%-ի հավաստմամբ, բոլորն էլ վճարում են, այս իսկ պատճառով իրենք էլ են վճարում, իսկ 54%-ի հավաստմամբ հանձնաժողովներն իրենք են պահանջել վճարում իրականացնել, իսկ 19%-ը նշել է, որ հանձնաժողովների գումար պահանջելը հիմնավորել են, որ դա պետական վճար է իրենից ներկայացնում։

«Երբեւէ փոփոխվե՞լ է արդյոք Ձեր հաշմանդամության կարգը»՝ հարցին փորձաքննություն անցնող, Շիրակի մարզի 46-ամյա բնակիչը պատասխանել է. «Գնացել եմ կամիսիայի, արագ-արագ թղթերս են նայել ու ասել են, որ իմ կարգը իջացնելու են 2-ից 3-րդ։ Հետո էլ նախագահն ասեց, որ եթե ուզում ես կարգդ մնա 2-րդ, չփոխենք, պետք է բերես 30000 ՀՀ դրամ։ Ես էլ չունիմ, չեմ տարել։ Մեկ շաբաթ հետո կանչեցին թուղթը տալու, 3-րդ կարգ էին քցել»։

Շահառուները Շիրակի մարզում տարբեր առաջարկություններ են արել.  «Շատ լավ կլիներ, եթե փորձաքննության ընթացքում լինեն ՀԿ-ների ներկայացուցիչներ, որոնք իսկապես մեզ կօգնեն եւ կպաշտպանեն մեր իրավունքները։ Ձեւական կազմակերպությունների տեղը նորմալ աշխատող կազմակերպություններ թող դնեն»:

«Ես կառաջարկեմ, որ ինչպես որ օրինակ այլ տեղերում կան առաջարկությունների ու բողոքների արկղ, էդպիսի արկղեր տեղադրեն կամ, չգիտեմ, այնպես անեն, որ մենք կարողանանք հանձնաժողովների աշխատանքը գնահատել։ Շատ լավ կլինի, որ, օրինակ, եթե մեկը փող է ուզում, գրենք, բողոքենք էդ մասին ու գործից հանենք էդ մարդուն, ոչ թե գիտեմ-չիդեմ՝ նույն մարդը տարիներով աշխատում է»։

«Կառաջարկեմ, որ մեզ վերափորձաքննության համար չուղարկեն Երեւան։ Կսեն` էդ բժիշկը Երեւանում է։ Հասկացանք, որ Երեւանում է, բայց մի՞թե հնարավոր չէ՝ ինքը գա, քան մենք հաշմանդամ հալերովս գնանք իրանց մոտ։ Կոնկրետ օր ֆիքսեն, սաղիս հավաքեն, գնանք կոմիսիայի»։

Լոռու մարզում առաջարկել են.

«Ես ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր էլ վերականգնվելու տեղ չունեն իզուր ամեն տարի կամիսիայի չկանչեն։ Էնա իմ ոտքիս մեկը կտրված ա ու ամեն տարի ինձ կանչում են կամիսիայի, ինչ ա` մտածում են ոտքս աճելու ա»։

«Թող ինչ-որ չափանիշներ ստեղծեն, որ կարողանանք օրինակ` իրանց կայքերից բացենք, նայենք՝ մեզի հասնում ա հաշմանդամության կարգ, թե` չէ։ Իսկ ընդհանրապես ինչի՞ օրենքով չեն տալիս, որ հանձնաժողովներն են որոշելու։ Հենա որոշելու իրավունքը իրանցն ա, դրա համար էլ ինչ ուզում, ասում են ու ինչ գումար ասես պահանջում են»։

«Թեժ գիծ ստեղծեն, որ կարողանանք զանգել, մեր բողոքներն ասել։ Նախարարությունը ունի թեժ գիծ, մի քանի անգամ զանգել եմ, բայց իզուր ա։ Հենց կամիսիաների համար ստեղծեն, որ զանգենք մեկից մեր հարցերը ու բողոքները ուղղենք»։

կաշառքՏավուշի մարզում հարցվածները պատասխանել են.

«Մարդկանց հանդեպ լինեն բարեհամբյուր, հարգալից։ Մենք իրանցից հաց ու ջուր չենք ուզում, մենք մեզ հասանելիք կարգն ենք ուզում։ Մուննաթով, մարդկանց վիրավորելով ու անպատվելով չի։ Տարրական շնորհք չունեն»։

«Մեր իրավունքների մասին ինչ-որ նյութեր տան, որ գոնե իրենք մեր իրավունքների մասին չեն ասում` կարդանք, իմանանք։ Թե չէ, որ իրանց հույսին թողեցին, մեզ ոչ մի բան էլ չեն ասի»։

«Մարդկանց զուր տեղը քաշքշուկների մեջ չգցեն։ Հիվանդության հետ կապված բոլոր փաստաթղթերը ներկայացնում ես, ասում են՝ պակաս բան կա, բերում ես, էլի մի բան պակաս գտնում են»։

ՀԿ-ն այս ուսումնասիրությունը ներկայացնելու է ՀՀ կառավարություն, ՀՀ Աժ-ի  սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության նախարարություններին, տեղական եւ միջազգային կազմակերպություններին, որպեսզի վերջիններս հստակ պատկերացում կազմեն ոլորտում առկա խնդիրների եւ իրավական բացերի վերաբերյալ եւ համապատասխան քայլեր ձեռնարկեն դրանց լուծման եւ վերանայման ուղղությամբ։

Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման հանրապետական շտեմարանում 2015թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է` 198619 հաշմանդամություն ունեցող անձ, այդ թվում 1-ին խումբ` 10829 կամ 5,4%, 2-րդ խումբ` 84527 կամ 42.5%, 3-րդ խումբ 95257 կամ 47.9%, հաշմանդամ երեխա` 8006 կամ 4,0%: Հաշմանդամություն ունեցող անձիք կազմում են բնակչության 6 %-ը: Հաշմանդամություն ունեցող աշխատունակ տարիքի (18-ից 63 տարեկան) անձիք կազմում են 64.7%, երիտասարդ տարիքի անձիք (18-ից 40 տարեկան)` 13,6%, 40-ից 63 տարեկան անձիք` 51.0%, կենսաթոշակային տարիքի անձիք` 31.3 %: Աշխատունակ տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը կազմում է շուրջ 9%: Հաշմանդամություն առաջացնող հիվանդություններից առաջնահերթ են համարվում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, նորագոյացությունները, նյարդային համակարգի հիվանդությունները, հոգեկան եւ վարքի խանգարումները:

Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման հանրապետական շտեմարանում 2016թ․հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է` 200117 հաշմանդամություն ունեցող անձ, այդ թվում 1-ին խումբ` 10268 կամ 5,1%, 2-րդ խումբ` 80328 կամ 40,1%, 3-րդ խումբ 101780 կամ 50,8%, հաշմանդամ երեխա` 7801 կամ 3,8%: Հաշմանդամություն ունեցող անձիք կազմում են բնակչության 6.7 %-ը: Հաշմանդամություն ունեցող աշխատունակ տարիքի (18-ից 63 տարեկան) անձիք կազմում են 63,4%, երիտասարդ տարիքի անձիք (18-ից 40 տարեկան)` 13,0%, 40-ից 63 տարեկան անձիք` 50,4%, կենսաթոշակային տարիքի անձիք` 32.6%:Հաշմանդամություն առաջացնող հիվանդություններից առաջնահերթ են համարվում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, հոգեկան եւ վարքի խանգարումները, նորագոյացությունները, նյարդային համակարգի հիվանդությունները:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 223

Մեկնաբանել

comments