«Գնումների խորհուրդն արդեն իսկապես անկախ է լինելու».Հոկտանյան

Խնդրահարույց տեղեկատվության մասին

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը 2008 թվականից իրականացնում է գնումների գործընթացի մշտադիտարկում:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, ներկայացնելով հանրային գնումների համակարգի եւ 2016-2017թթ. մշտադիտարկման միջանկյալ արդյունքները, նշում է՝ մոնիթորինգն առանձնահատուկ է նրանով, որ հենց այս ընթացքում փոխվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքը:

Նոր օրենքը ընդունվել է 2016 թ. դեկտեմբերի 16-ին, ուժի մեջ կմտնի 2017-ի ապրիլի 25-ին:

Ինչպես նշում է Վ.Հոկտանյանը, մոնիթորինգի հիմնական նպատակը հետագայում առաջարկությունների ներկայացումն ու խնդիրների վեր հանումն է: «Շրջանակային համաձայնագրերն այլեւս չեն լինելու», — նշում է պարոն Հոկտանյանը եւ շարունակում.

«Մոնիթորինգի նախորդ փուլերը ցույց էին տվել, որ բավականին խնդրահարույց է տեղեկատվությունը, որը դրված է www.gnumner.am կայքում: 2016 թ. հուլիսի 6-ին www.armeps.am կայքում պետք է դրվեր ավելի համապարփակ տեղեկատվություն եւ որը, ինչպես նշեց ֆինանսների նախարարության լիազոր մարմինը, լինելու էր բավականին ինֆորմատիվ կայք, սակայն այսօրվա դրությամբ խնդիրներն առանձնապես լուծված չեն»:

Անդրադառնալով փոփոխություններին` Վ. Հոկտանյանը նշում է. «Հիմնական զարգացումը նոր օրենքի ընդունումն էր եւ փետրվարի 9-ին ընդունված որոշումը, որն ուժի մեջ մտավ փետրվարի 25-ին: ԵԱՏՄ այն մասնակիցները, որոնք առաջարկում էին ապրանք ԵԱՏՄ-ի երկրներին եւ ունեին 15% առավելություն, դա այլեւս չի լինելու»:

«Ապրիլի 1-ից ուժի մեջ կմտնի էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով  պայմանագրի կատարման հետ կապված գործողությունների իրականացումը: Էլեկտրոնային գնումների համակարգը պետք է շատ ավելի սահուն եւ հստակ աշխատի», — ասում է Հոկտանյանը:

«Նոր օրենքը բավականին պարզեցվել է: Գնումների խորհուրդն արդեն իսկապես անկախ է լինելու եւ մասնագիտացված այն իմաստով, որ ներկայիս խորհուրդը հասարակական հիմունքներով աշխատող տարբեր պետական եւ ոչ պետական մարմիններից կազմված խորհրդի անդամներ էին, ովքեր մասնակցում էին բողոքների քննարկմանը, այժմ լինելու է երեք հոգանոց խորհուրդ, սակայն այստեղ եւս խնդիր կա, ըստ որոշման չի երեւում արդյո՞ք դա կազմակերպչական կառույց է, թե երեք հոգի պետք է քննարկեն բողոքները», — նշում է Հոկտանյանը:

Վ. Հոկտանյանի խոսքով՝ մուտք է գործել իրական սեփականատերերի ինստիտուտը, ինչպես նաեւ կանոնակարգվելու է շահերի բախման իրավիճակը, որն ավելի է խստացվելու:

Անդրադառնալով կայքին՝ Հոկտանյանը նշում է, որ այն ավելի թափանցիկ պետք է լինի եւ ընդգծում, որ www.e-gov.am եւ www.armeps.am կայքերի տվյալների միջեւ զգալի անհամապատասխանություններ կան:

Հոկտանյանը նշում է նաեւ որ գնումների աջակցման կենտրոնը նույնպես այլեւս չի լինելու. «Արդեն լուծարման հետ կապված որոշումը կա, սակայն չգիտենք, թե արդյոք նրանք մինչ լուծարումը տալու են տարեկան հաշվետվություն, սովորաբար դա դրվում էր մայիսի 1-ին: Այս անհամապատասխանությունները անփույթ աշխատանքի արդյունք են», — ասում է Հոկտանյանը եւ հավելում, — «Մենք տեսնում ենք, որ տեղեկատվությունը չի համընկնում հաշվետվության մեջ եւ կայքում:  Եվ սա բարդացնում է վերլուծությունը եւ առհասարակ տվյալների հավաքագրումը, որովհետեւ ամեն անգամ նայելիս՝ նոր անակնկալներ ես տեսնում»:

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Փիրուզա Պետրոսյան

Դիտումներ՝ 39

Մեկնաբանել

comments