Որ ընտրողի աչքին երեւան, կամ փող աշխատելու ժամանակը

Գովազդի առյուծի բաժինը մայրաքաղաքի ընկերություններինն է

Հրապարակվել են կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին տրամադրելու համար 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով գովազդային վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի եւ վարձավճարների վերաբերյալ տեղեկությունները:
Արտաքին գովազդ տեղադրող ընկերությունների ցանկը եւս հրապարակվել է, ցանկում գերակշռող մաս են կազմում Երեւանում գրանցված ընկերությունները, որոնք առաջարկել են գովազդի իրենց սակագները:
Երեւանում գրանցված ընկերություններն են՝ «ԱԴՎ դիզայն», «Ադվերսիթի», «Ալեքս հոլդինգ», «ԱՐԱԲԵԼԼԱ, « ԲԵՆԵՖԻՏ», «ԷԳԱ», «Էյ ընդ վի դիզայն», «Գլոբմոբիլ սերվիս», «Իմեքս գրուպ», «Իմիջ Մ.Գ.», «Իմիջ մեդի», «Նուշիկյան ասոցիացիա», «Պարադ մեդիա» ՍՊԸ-ները, «Միկմետալ», «Յունիքորն գրուպ» ՓԲԸ-ները, Վայոց ձորում՝ մեկ անհատ ձեռներեց եւ մեկ ընկերություն են առաջարկել սակագներ՝ «Արամ Դանիելյան», «ՄԱՌ» ԲԲԸ, Վանաձորում՝ «Սթրիթ Բորդ»-ը, իսկ Արմավիրում՝ «Ջի Եյչ Յունիոն» ՍՊԸ-ն:
Կախված ընկերությունից եւ քաղաքի աշխարհագրական դիրքից, մարզից գովազդային վահանակների սակագները տարբեր են:
Ամենաէժան գներն առաջարկում է Արմավիրում գրանցված ՍՊԸ-ն՝ երկկողմ գովազդի դեպքում 6000 դրամ՝ 18 քմ-ի դիմաց, տարածքներն առաջարկում է միայն Արմավիրում:
Ամենաբարձր գները սահմանված են Երեւանի կենտրոնում. օրինակ ընկերություններից մեկը միակողմանի գովազդային վահանակի արժեքը 54 քառ.մետրի համար սահմանել է 388 հազար 800 դրամ, 192 քառակուսի մետրի համար՝ 1 մլն 382 հազար 400 դրամ եւ այլն:

Հրազդանի քաղաքապետարանի մոտ 18 քառ.մետրի արժեքը սահմանվել է 108 հազար դրամ՝ երկկողմ գովազդային վահանակի դեպքում, նույնքան է սահմանվել նաեւ Եղվարդ քաղաքի մուտքի մոտ տեղադրվող երկկողմ գովազդային վահանակի արժեքը:
Երեւանի որոշ հատվածներում բացի սահմանված գումարից պահանջվում է նաեւ լրացուցիչ գումար: Օրինակ՝ Բաղրամյան 1 շենքի ճակատային պատի վրա 8 քառակուսի մետրը գնահատվել է 48 հազար դրամ՝ միակողմանի վահանակի դեպքում, նաեւ լրացուցիչ գումար է պահանջվում՝ 20 հազար 800 դրամ՝ որպես համայնքատիրության տուրք:
Շիրակի մարզում երկկողմ գովազդային վահանակի միջին գինը սահմանվել է 108 հազար դրամ՝ 18 քառակուսի մետրի դիմաց, Արագածոտնի մարզում բավական ցածր է սահմանվել 54 հազար դրամ՝ 18 քառմետրի դիմաց, Տավուշի մարզում՝ 18 քառ.մետրը՝ 86 4000, 97 200 եւ այլն: Առաջարկողները Երեւանում գրանցված ընկերություններն են:
Այսպիսով, քարոզարշավը նաեւ որոշ ընկերությունների եւ անհատ ձեռներեցների համար կլինի փող աշխատելու կամ խոպանի շրջան. ընտրողին խոստումներ շռայլելուց բացի կուսակցություններն ու դաշինքները ստիպված կլինեն նաեւ մրցել միմյանց հետ նաեւ արտաքին գովազդի ոլորտում՝ ընտրողի աչքին փորձելով երեւալ հնարավորինս մեծ ու խոշոր նկարներով, թանկարժեք ցուցապաստառներով:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 171

Մեկնաբանել

comments