«Ատելությունից» դեպի սեր մեկ քայլ է

Ճիշտ են ասում, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառել պետք չէ ու ամեն ինչ հնարավոր է. հնարավոր են քաղաքական այնպիսի շրջադարձեր ու դիրքորոշումների փոփոխություններ, որոնք մի քանի օր առաջ թվում էին անհնարին:

Նման շրջադարձի ականատես ենք լինում այս վերջին օրերին: «Հիմնադիր խորհրդարանի» շատ ներկայացուցիչներ, որոնք տարիներ շարունակ հանդես են եկել արմատական ընդդիմադիրի դիրքերից, անխնա քննադատել իշխանությանն ու տարբեր ոլորտներում առկա երեւույթներն ու անձանց, խորհրդարանական ընտրություններում պաշտպանում են ՕՐՕ դաշինքին ու մեծ խանդավառությամբ լծվել են այս ուժի ու այնտեղ հանգրվանած գործիչների քարոզչության գործին:

Իսկ քանի որ դաշինքի փաստացի առաջնորդն ու առաջին համարը Սեյրան Օհանյանն է, «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներն էլ իրենց քարոզչության մեջ գլխավոր տեղը հատկացրել են Սեյրան Օհանյանին, գովերգում ու փառաբանում են նրան, ներկայացնում որպես ամենասկզբունքային գործիչ, միակ ընդդիմադիր, իշխանության դեմ պայքարի առաջամարտիկ, արդարության ու ժողովրդավարության սիմվոլ, Հայաստանի փրկիչ:

Մինչդեռ անցյալում, նաեւ մինչեւ վերջերս, «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչների կարծիքը բոլորովին այլ էր Սեյրան Օհանյանի հանդեպ: Իշխանության գործունեությունը քննադատելով՝ այդ քննադատության մեջ մեծ տեղ էին հատկացնում նաեւ նախկին պաշտպանության նախարարին, նրան պատասխանատու համարում մի շարք գործողությունների, բանակում ստեղծված վիճակի, բանակը քաղաքականության մեջ ներգրավելու մեջ:

Այդպես էր Բերձորի դեպքերի ժամանակ, երբ Արցախում ծեծի ենթարկվեցին «Հիմնադիր խորհրդարանի» անդամները: Այդ օրերին ու հետագայում՝ որպես ջարդարարական այդ օպերացիայի պատասխանատուներից մեկը, նշում էին նաեւ Սեյրան Օհանյանի անունը:

Ապրիլյան պատերազմի օրերին եւս «ոչ մի թիզ հող»-ի դիրքերից հանդես եկող «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները անխնա քննադատում էին Սեյրան Օհանյանին՝ որպես բանակի, մեր կորուստների, նահանջի հիմնական պատասխանատուներից մեկի, նրան մեղադրանքներ ներկայացնում բանակում առկա ստվերային երեւույթների, այնտեղ տիրող բարքերի, կոռուպցիայի, գումարների մսխման, միլիարդատեր գեներալների բուծման համար:

Մինչեւ ընտրությունները «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչների մեծ մասը հանդես էր գալիս ընտրությունները բոյկոտելու դիրքերից ու կոչերով՝ դրանք համարելով իշխանական խաղ, խեղկատակություն: Հետզհետե այդ դիրքորոշման մեջ փոփոխություններ եղան, եւ հիմա փաստորեն նրանք այլ կարծիք ունեն այդ «խաղերի» ու «խեղկատակության» մասին:

Կարելի է ենթադրել, որ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչների հակվածությունը դեպի «ՕՐՕ» դաշինքը պայմանավորված է «Ժառանգության» գործոնով: ՀԽ-ն տեւական ժամանակ համագործակցել է «Ժառանգության» հետ, միասին մասնակցել են մի շարք քաղաքական ու քաղաքացիական շարժումների ու նախաձեռնությունների: Բայց այնպես է ստացվել, որ ՕՐՕ դաշինքում «Ժառանգությունն» ու նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը գրավել են ոչ առաջատար դիրքեր, հայտնվել ստվերում, եւ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներին մնում է զբաղվել դաշինքի տանող ուժ Սեյրան Օհանյանի քարոզչությամբ:

Հ. Կիրակոսյան

Դիտումներ՝ 31

Մեկնաբանել

comments