Պետության հույսը ունեւորի գրպանի փողն է

Սահմանափակ ու մաշված բուժսարքավորումներ

2016 թվականին ՀՀ պետական բյուջեից առողջապահության համակարգին հատկացված ընդհանուր գումարի 12,7 տոկոսը կամ շուրջ 11 միլիարդ դրամը հատկացվել է պոլիկլինիկաներին` համաբուժարաններին:

Պոլիկլինիկաների բյուջեն ձեւավորվում է` ըստ բնակչության թվի: Օրինակ` մինչեւ 1500 քաղաքացի սպասարկող պոլիկլինիկայում մեկ հիվանդի համար պետությունը տարեկան տրամադրում է 83 դրամ: Սա պոլիկլինիկաների ֆինանսավորման հիմնական աղբյուրն է, որը, որոշ տնօրենների խոսքով, բավարարում է միայն աշխատավարձի, կոմունալ ծախսերի վճարմանն ու որոշ դեղերի ձեռքբերմանը: Ոլորտի մասնագետների պնդմամբ` պետական գումարով հնարավոր չէ թարմացնել պոլիկլինիկաների գույքը, բժշկական սարքավորումները:

-Մեր սարքավորումները նորմալ վիճակում են գտնվում, բայց սարքավորումները նորացման կարիք միշտ էլ ունեն: Դեմ չենք, որ պետությունը թարմացնի մեր սարքավորումները: Ցանկալի կլիներ, որ ունենայինք ֆլուրոգրաֆիա կատարող սարքավորում,-ասում է Գյումրու Կարմիր խաչի անվան պոլիկլինիկայի նորընտիր տնօրեն Հովհաննես Վարձելյանը:

Հ. Վարձելյանի խոսքով` ցանկալի է, որ  պետությունը համապատասխան ներդրումներ կատարի սարքավորումների ձեռքբերման համար: Տնօրենը միաժամանակ նաեւ նշում է, որ պետությունը ֆինանսապես հարուստ չէ, դրա համար էլ չեն կարող պահանջել այն, ինչ կա ամբողջ աշխարհում:


«Իր դարն ապրած է». Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի ռենտգենի բաժնի բժշկուհին այսպես է բնութագրում իր ձեռքի տակ գտնվող, 1957 թվականին արտադրված ռենտգեն սարքավորումը:

-Օգտագործում ենք, որակով նկարներ տալիս ենք, բայց ցանկալի է, որ փոխվի: Հետազոտությունների դիապազոնը սահմանափակ է: Չենք կարողանում որովայնի նկարներ, աղիքային էխոսկոպիաներ, միզուղիների հետազոտություններ իրականացնել,-ասում է բժշկուհի Ռուզաննա Աբգարյանը:

Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունում տեղյակ են խնդրի մասին, ասում են` նախարարությունում էլ գիտեն:


-Մեր պոլիկլինիկաներում չկան այն համապատասխան սարքավորումները, որոնցով կարելի է վճարովի ծառայություններ մատուցել: Դրանք շարքից դուրս են եկել: Բոլորի մոտ բարոյապես եւ ֆիզիկապես մաշված սարքավորումներ են: Իրենց հնարավորությունները սպառել են, մի կերպ օգտագործում են,-«Ասպարեզին» տված հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը:


Եւ իրենց դարն ապրած ու մաշված բուժսարքավորումներով հագեցած անվճար պոլիկլինիկաներն առաջիկայում ունեւորների համար կդառնան վճարովի. չի բացառվում, որ այս վճարներից գոյացած շահույթներով նոր միայն բուժսարքավորումներ գնվեն: Այսպիսով` պետության հույսը կդառնա ունեւորի գրպանի փողը:

Հ.Վ.

Դիտումներ՝ 6

Մեկնաբանել

comments