ՔԱՔ-ից առաջին «տուժողը»

Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ-վարող Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից: Ինքը՝ Պ. Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե արձակուրդում է, նաեւ ավելացրել է, որ եթե աշխատանքից դուրս գա, կտեղեկացնի:

Լրագրողի այս արտահայտությունները նշանակում են, որ հայտնված տեղեկությունը իրականություն է, կամ՝ մոտ իրականությանը: Մանավանդ, արդեն խոսակցություններ կան հեռուստաընկերությունում  նրան փոխարինողի մասին: Մասնավորապես շրջանառվում է հեռուստահաղորդավար Նվեր Մնացականյանի  անունը: Վերջինս չի հերքել տեղեկությունը եւ Tert.am-ի հետ զրույցում մասամբ հաստատել է այն: «Պետրոսի հաղորդումը իր հաղորդումն է, եթե ես «Կենտրոն» հեռուստաընկերությունում հաղորդում վարեմ, դա կլինի իմ հաղորդումը: Դեռ քննարկում ենք, աշխատանքային որոշակի պայմաններ քննարկել ենք»,-ասել է նա:

Պետրոս Ղազարյանի՝ աշխատանքից ազատվելու մասին լուրեր տարածվեցին դերասան, երգիծաբան Սեգեյ Դանիելյանի մասնակցությամբ աղմկահարույց հաղորդումից հետո: Հիշեցնենք, որ հաղորդման ժամանակ երգիծաբանը հայտարարել էր, որ գրանցելու է  «Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) անվանումով կուսակցություն եւ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Նա հաղորդման ժամանակ նաեւ ինչքան հնարավոր է՝ հեգնել, քննադատել ու ձեռ էր առել հայաստանյան քաղաքական դաշտը, կուսակցություններին ու քաղաքական ուժերին, հատկապես գործող իշխանավորներին ու հանրապետականներին, վերջիններիս անվանելով գռփող, թալանող եւ համանման բաներ:

Իհարկե, դժվար թե նման արտահայտությունների համար աշխատանքից ազատեին հաղորդավարին, նման բաներ շատերն են ասում ու շատ տեղերում: Առավել եւս, դժվար թե էկսցենտրիկ դերասանին հյուրընկալելու ու նման կարգի հարցազրույց անելու համար ազատեին: Սերգեյ Դանիելյանը շատ անգամներ է հյուրընկալվել հենց նույն հաղորդաշարին: Բացի այդ՝ հնարավոր չէ, որ հեռուստաընկերության ղեկավարությունն անտեղյակ լիներ, որ տվյալ հաղորդման հյուրը Սերգեյ Դանիելյանն է եւ խոսվելու է կոնկրետ այս ու այն հարցի, տվյալ դեպքում՝ «Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) անվանումով կուսակցություն ստեղծելու եւ ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին։

Ամենայն հավանականությամբ, ազատման բուն պատճառը հենց Պետրոս Ղազարյանի արտահայտություններն են: Օրինակ, ասենք, երբ Սերգեյ Դանիելյանը սարկազմիկ ու պատկերավոր լեզվով բնութագրում էր իր ստեղծելիք կուսակցությունը՝ ասելով, թե այն գալու է թալանելու, ուտելու, գռփելու, Պետրոս Ղազարյանն արձագանքեց, թե նման կուսակցություն արդեն կա: Նա, իհարկե, նկատի ուներ ՀՀԿ-ն: Թերեւս սա դուր չի եկել ՀԸ սեփականատերերին, որոնք, ինչպես հայտնի է, Գագիկ Ծառաուկյանի ընտանիքից ու մերձավորներից են: Այդ արտահայտությունները, ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների, դուր չեն եկել նաեւ Գագիկ Ծառուկյանին ու Սերժ Սարգսյանին: Եւ, թերեւս, հենց դա էլ պատճառ է դարձել Պետրոս Ղազարյանի՝ աշխատանքից ազատման կամ հնարավոր ազատման համար: Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի՝ վերջին շրջանի բարիդրացիական հարաբերությունների ու մերձեցման, առավել եւս վերջինիս քաղաքականություն վերադառնալու ֆոնին, սա հնարավոր տարբերակ է:

Ավելացնենք, որ հաղորդումը 1-2-րդից հետո հեռացվել է հեռուստաընկերության յութուբյան էջից:

Չխորանալով Պետրոս Ղազարյանի պրոֆեսիոնալ որակների մեջ, նկատենք, որ հայտնած կարծիքների համար ընդհանրապես լրագրողին աշխատանքից ազատելը անթույլատրելի ու շատ անցանկալի երեւույթ է, մանավանդ, երբ հայտնված կարծիքները իշխող են հանրության ու լրատվական դաշտի մեջ:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 9

Մեկնաբանել

comments