Պայքար ռեժիմի ներսում

Այն, ինչ այսօր կատարվում է հայաստանյան ներքաղաքական դաշտում, ժողովրդի ու պետության շահերի հետ որեւէ առնչություն չունի: Քաղաքական իրողություններին հետեւելիս՝ տպավորություն ես ստանում, որ չնչին բացառություններով, բոլոր գործընթացները կատարվում են իշխանական կամ իշխանության հետ կապված  դաշտում:

Վերջին շրջանում քաղաքական դաշտում ծավալվող գրեթե բոլոր իրադարձությունների կենտրոնում այնպիսի մարդիկ են, որոնք հազար թելերով կապված են իշխանական համակարգի հետ, եղել են այդ բուրգի կարեւոր դերակատարները, առանցքային դեմքերը, մարդիկ, որոնց դեմ տարիներ շարունակ պայքարել են իշխանությունից դժգոհ քաղաքացիները:

Այս օրերի քաղաքական վերադարձներն ու հեռացումները, տարբեր դաշինքների ի հայտ գալը, այդ դաշինքներին սպասելի ու անսպասելի անդամակցումները, առնետավազքն ու կուսակցությունից կուսակցություն թռնելը ընդամենը քաղաքական փոխատեղումների հարց են լուծում, ընդ որում՝ փոխատեղումներ իշխանական դաշտում:

Օրինակ, շարքային քաղաքացու համար ի՞նչ տարբերություն՝ Հովիկ Աբրահամյանը կլինի ՀՀԿ ցուցակում, թե, ասենք, Ծառուկյանի դաշինքում: Կամ, հանրային շահի տեսակետից ի՞նչ նշանակություն ունի այն, թե էլ ինչ ուժեր ու գործիչներ կարող են միանալ Ծառուկյան ու Օհանյան-Օսկանյան դաշինքներին: Եթե այս երկու դաշինքներն էլ միանան իրար, պետության ու ժողովրդի բարօրության համար դա որեւէ էական նշանակություն չի կարող ունենալ:

Այս օրերին քաղաքական ասպարեզում առավել հաճախակի հոլովվող անուններին մի հայացք գցելուց իսկ արդեն այն տպավորությունն է ստեղծվում, թե ռեժիմը  իր ներսում մի քանի էշելոններ ու ճամբարներ է ստեղծել, եւ իշխանության տարբեր ճյուղերը պայքարում են իրար դեմ՝ անունը դնելով խորհրդարանական ընտրություններ ու պայքար իշխանության համար:

Թերեւս սա է պատճառը, որ հասարակության մեծ մասի համար առաջիկա ընտրությունները որեւէ հետաքրքրություն չեն ներկայացնում, շատերը ոչ մի դրական սպասելիք չունեն այդ ընտրություններից ու ընդհանրապես՝ քաղաքական դաշտում ընթացող անցուդարձից: Շատ մեծ է անտարբերության չափաքանակը:

Գնալով ավելի մեծ թիվ են կազմում այն մարդիկ, որոնք կողմնակից են ընտրությունները բոյկոտելու տարբերակին: Երբ իշխանությունը պայքարում է իշխանության դեմ, երբ իշխանության հարցը լուծվելու է ռեժիմի շրջանակներում, ինչ իմաստ ունի մասնակցել, այսպես թե այնպես, ռեժիմի վերարտադրման կամ փոխատեղման գործընթացին: Սա է այս տարբերակի կողմնակիցների բացատրությունը: Էլ չասած` ընտրություններ կոչվող երեւույթի հանդեպ ավանդականորեն եղած անվստահության մասին:

Համլետ Կիրակոսյան

Դիտումներ՝ 44

Մեկնաբանել

comments