«Ամեն ինչ անում են, որ պլստան արանքից»

Պատգամավորի թեկնածուի հարցաշարը

ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ ենթակետի համաձայն` ՀՀ պատգամավորի թեկնածուն պետք է մասնակցի գիտելիքների ստուգման մրցույթին այն դեպքում, եթե նա չի սովորել կամ ավարտել հայկական հանրակրթական միջնակարգ դպրոց կամ ուսումնական հաստատություն: Տվյալ դեպքում պատգամավորի թեկնածուն պետք է մեր օրենսդրության համաձայն հայոց լեզվի քննություն հանձնի` թեստավորման տարբերակով:

Կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական կայքում արդեն հրապարակվել է հարցաշարը, որն ընդգրկում է հայոց լեզվի քերականության մի քանի բաժին` «Ուղղագրություն»,«Ուղղախոսություն», Բառագիտություն»:

Նման հարցեր են ընդգրկված.

Համարակալված բառերում բաց թողած տառերը պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:

Հե-վից (1) խաղալով ու խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փռփռացնում էր բաշը, եւ ձին լայն կր-քով (2) ճեղ-ում(3) էր լեռնային օ-ի (4) ալիքները:

— (1) ռ, (2) ծ, (3) ք, (4) դ

Համարակալված բառերում բաց թողած տառերը (տառակապակցությունները) պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:

Արեւը ոսկեզօծել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձ-լ (1) ասպանդակները եւ պո-պատյա (2) պախուրցը, եւ թվում էր` գորշ ամպերի պատվանդանից պոկվել էր մարմարիոնե մի հեծ-լ (3) եւ սր-նթաց (4) արշավում էր որպես չքնաղ տեսիլք:

(1) ույ, (2) ղ, (3) յա, (4) ը

ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը կարծում է, որ սա արհեստական օրակարգի հարց է:

«Ընտրողներին չենք վստահու՞մ, թե՞ այս թեստը պետք է զսպի, որ պատգամավորները հետեւեն իրենց լեզվին»,-«Ասպարեզի» հետ զրույցում ասում է Թ.Պողոսյանը:

Գրող, թարգմանիչ, լրագրող Խորեն Գասպարյանի խոսքով` այս ամենը լղոզված բան է:

«Ամեն ինչ անում են, որպեսզի կիսագրագետ կամ անգրագետ անձինք՝ օլիգարխ թե սոլդաֆոն, պլստան արանքից: Ամոթ է: Եթե Ազգային ժողովի պատգամավորն ի վիճակի չէ հոդաբաշխ խոսք ասել գրական հայերենով, նորմալ միտք արտահայտել, ես ամաչում եմ, որ նա ընտրյալ է կոչվելու: Ավելացնելու բան չունեմ»,-«Ասպարեզի» հետ զրույցում ասում է Խ.Գասպարյանը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Անահիտ Սիմոնյան

Դիտումներ՝ 79

Մեկնաբանել

comments