Պատերազմի մասնակցին պարտքերի պատճառով դատի են տվել

«Ամուսնուս աշխատավարձի վրա կալանք է դրված»

Արմեն Սիմիկյանն Արցախում պայմանագրային զինծառայող է: Մասնակցել է Թալիշի շրջանի ապրիլյան մարտերին: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկանքի համաձայն` սահմանագոտուց զորամաս վերադարձել է ապրիլի 28-ին: Այսօր նա կրկին ծառայում է ԼՂ-ում:

Արմեն Սիմիկյանն ընտանիքի միակ աշխատողն է: Ունի չորս անչափահաս դուստր, նրանք 2-12 տարեկան են, ապրում են Գյումրու Իսահակյան փողոցի շենքերից մեկում: Տունը սեփականաշնորհված չէ: Սիմիկյանները վստահեցնում են, որ իրենց միակ եկամուտը պետությունից ստացած 150 հազար դրամն է: Ընտանիքը վարկեր եւ պարտքեր ունի, որոնք չեն կարողանում փակել: Ա. Սիմիկյանի կինը՝ Էմմա Դավթյանն, ասում է, որ պետությունը իրենց որեւէ աջակցություն չի  ցուցաբերել` որպես պատերազմի մասնակցի ընտանիքի:


Է. Դավթյանն ասում է նաեւ, որ վարկերի չվճարման պատճառով ԴԱՀԿ-ն ամուսնու աշխատավարձի վրա կալանք է դրել:

-ՎՏԲ-ից, Յունիբանկից, ԱԿԲԱ-ից վարկ ենք վերցրել, մի մասը տվեցինք, կեսը՝ մնաց: Չկարողացա վճարել, քանի որ ամուսնուս աշխատավարձը կրճատեցին: Ամեն ամիս դժվար էր 40 հազարի տոկոս փակելը. ուրիշ եկամուտ չունենք: Ամուսինս առաջ ստանում էր 180 հազար դրամ, հիմա դարձել է 130 հազար, որը հազիվ ուտելուն ու կոմունալ վճարներին է բավարարում,-ասում է Էմմա Դավթյանը եւ շարունակում, որ մի քանի օր առաջ ՎՏԲ բանկից ծանուցում  է ստացել այն մասին, որ տոկոսները դարձել են 800 հազար դրամ:


-Մեկ տարի ու կես եղավ, որ չեմ մուծել: Լսեցի, որ գովազդով ասացին՝ եթե զինծառայող է, ուրեմն տոկոսները կքչացնեն: Գնացի բանկ, դիմում գրեցի, ասացին՝ Երեւանից կպատասխանեն, կզանգենք, կկանչենք, ու էդպես էլ չզեղչեցին: Հիմա մեզ դատի են տվել, ամուսնուս աշխատավարձի վրա կալանք է դրված: ԱԿԲԱ բանկից էլ չքչացրեցին, էլի տոկոս է գալիս վրան,-ասում է Էմմա Դավթյանը:

Ընտանիքի պարտքը կազմում է շուրջ 1 մլն 500 հազար դրամ:

Ընտանիքը նաեւ ունի բնակարանային խնդիրներ: Պատմում են, որ բնակելի շենքը վթարային է, ամրացման եւ վերանորոգման կարիք ունի: Սենյակների պատերի մեջ անցքեր կան: Էմմա Դավթյանի խոսքով՝ այնտեղից առնետներ են տուն մտնում:


Էմմա Դավթյանի խոսքով`ամռան ամիսներին բնակարանի համար դիմել է նաեւ «Գյումրին առանց տնակների» ծրագրին: Խոստացել են գալ, տեսնել տան պայմանները, իսկ անհրաժեշտության դեպքում` հերթագրել, բայց, կնոջ խոսքով, դեռեւս չեն այցելել:

Նարեկ Կիրակոսյան

Դիտումներ՝ 5

Մեկնաբանել

comments