Խորհրդարանի դատարկությունը

Ազգային ժողովի քառօրյայի վերջին նիստը երեկ տապալվել է, քանի որ քվորում չի ապահովվել (ամեն դեպքում, օրվա երկրորդ կեսի դրությամբ այդ վիճակն էր): Գրանցվել էր ընդամենը 34 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի կեսի ներկայությունը, այսինքն՝ առնվազն 66 պատգամավոր: Ըստ որոշ տեղեկությունների, խորհրդարանից բացակայել են հիմնականում իշխող կուսակցությունների՝ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի պատգամավորները:

ՀՀԿ-ն միայն պատգամավորների իր կազմով կարող է ապահովել քվորում, եթե անգամ մյուս խմբակցություններն ամբողջ կազմով չներկայանան նիստին: Սա նշանակում է, որ խորհրդարանի նիստի տապալման հիմնական պատճառը ՀՀԿ-ականներն են եւ նրանց, այսպես ասած, բոյկոտը: Ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ականները զբաղված են ավելի լուրջ գործերով, քան Ազգային ժողով հաճախելը, օրենքներ քննարկելն ու ընդունելն է: Այժմ նրանց ուշքն ու միտքը առաջիկա ընտրություններն են, ՀՀԿ-ի ու իրենց համար ձայներ ապահովելը, խորհրդարանում հայտնվելու մտահոգությունները, որոնք իրենց համար դարձել են կենաց-մահու պայքար:

Սա չի հերքում նաեւ ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, որը, պատասխանելով tert. am-ի հարցին, թե ԱԺ-ում ինչո՞ւ ՀՀԿ խմբակցության պատգամավորները չեն ներկայանում եւ ինչպե՞ս են պատրաստվում այդպիսի տեսքով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, ասել է. «Ամբողջ այս ընթացում որեւէ անգամ նման հարց չեք բարձրացրել, քանի որ որեւէ մեկ անգամ չի եղել այդ խնդիրը: Բնականաբար՝ նախընտրական կրքեր, նախընտրական գործընթացներն են միայն պատճառը, արդեն իսկ կարեւորագույն օրենքները ընդունել են, եւ պատգամավորները երեւի իրենց զբաղվածության պատճառով չեն մասնակցել նիստի: Ամբողջ այս 5 տարիների ընթացքում կարող է նաեւ նման դեպք լինել, դա նորմալ քաղաքական պրոցես է»:

Փաստորեն, խմբակցության ղեկավարն ասում է՝ քանի որ կարեւորագույն օրենքներն արդեն ընդունված են, դրա համար էլ իրենց պատգամավորները չեն բարեհաճել գալ խորհրդարան ու զբաղված են ընտրական գործերով, ու սա նա «նորմալ քաղաքական պրոցես» է համարում: Այսինքն՝ ըստ նրա, շատ բնական է, որ ՀՀԿ-ական պատգամավորները իրենց բուն գործառույթը թողած, որի համար «ընտրվել են» ու աշխատավարձ են ստանում, աշխատանքային պահերին զբաղված են ընտրական գործերով:

Հատկանշական է նաեւ խմբակցության ղեկավարի մոտեցումը «կարեւորագույն» եւ ոչ կարեւոր օրենքների դասակարգման հարցում: Նրա տրամաբանությամբ, «ոչ կարեւոր» օրենքները կարելի է եւ չընդունել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր բացատրությունն ունի ԱԺ նիստի տապալման հարցում: Նույն լրատվամիջոցին այս կապակցությամբ նա ասել է. «Քվորում չլինելը պայմանավորված է բացառապես հանրապետական պատգամավորների բացակայությամբ: Իսկ հանրապետական պատգամավորների բացակայությունը պայմանավորված է նրանով, որ սա այս նստաշրջանի ԱԺ վերջին նիստն է, ինչը ենթադրում էր, որ ընդդիմադիր պատգամավորներս խոսելու էինք բազմաթիվ խնդիրների մասին: Ես կարծում եմ, որ որպեսզի հերթական անգամ ընդդիմությանը հնարավորություն չտրվի օգտագործել ԱԺ ամբիոնը, ՀՀԿ հարգարժան գործընկերները նախընտրեցին կազմակերպել քվորումի բացակայությունը»:

Այս տարբերակը շատ հնարավոր է՝ նկատի ունենալով այս օրերին ՀՀԿ ներկայացուցիչների կողմից տարբեր մարզերում նախընտրական պատերազմներ վարելու դեպքերը եւ մրցակից կուսակցությունների ներկայացուցիչների հնարավոր հայտարարությունները դրանց առնչությամբ:

Լուսանկարը՝ tert.am-ի

Հ. Կիրակոսյան

Դիտումներ՝ 18

Մեկնաբանել

comments