«Իշխանությունները գործի են դրել ողջ զինանոցը»

ՀՀ խորհրդարանական ընտություններին ընդառաջ նախընտրական քարոզարշավը մեր հանրապետությունում ընթանում է բավական լարված մթնոլորտում՝ ունենալով սուր դրսեւորումներ:

խորհրդարանականՇատերն են ձգտում ընտրվել ԱԺ պատգամավոր, իսկ ժողովուրդն արդեն գիտե, որ թեկնածուներից գրեթե յուրաքանչյուրն իր անձնական շահի եւ բիզնեսն առաջ տանելու համար է ցանկանում հայտնվել ԱԺ-ում: Բացի այդ, պատգամավոր դառնալով կարելի է մի շարք արտոնություններից օգտվել:

Նախընտրական քարոզարշավից առաջ որոշ քաղաքագետներ եւ վերլուծաբաններ բարձրաձայնում էին այն մասին, որ թեկնածուները, ընդգրկվելով տարածքային վարկանիշային ընտրացուցակ, բացի սեփական կուսակցության համար ձայներ ապահովելուց, պայքարելու են նաեւ իրար դեմ, ինչն էլ նպաստելու է միջանձնային հարաբերությունների սրմանը:

Նախընտրական քարոզարշավի շրջանում այդ դրսեւորումներն արդեն ակնհայտ են:  ԱԺ մուտք գործելու համար թեկնածուներն անգամ պատրաստ են իրար վրա կրակել:

Օրինակ, վերջերս Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում՝ եկեղեցու մոտ, ծեծկռտուք տեղի ունեցավ ՀՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրված պատգամավոր Կարեն Բոթոյանի ու Սեւանի հացի գործարանի տնօրեն, թեկնածու Աշոտ Ավետիսյանի կողմնակիցների միջեւ: Ականատեսները պատմել են, որ կողմերն իրար հայհոյել են, ծեծել:

«ՀՀԿ-ականներին բաժանել է դեպքի վայր հասած ոստիկանությունը, որն էլ, սակայն, ականատես բնակիչներին հորդորել է ձայն չհանել ու մոռանալ միջադեպի մասին»,-անդրադառնալով դեպքին՝ գրել է «Փաստ» լրատվականը:

ՋրառատԱյս դեպքից առաջ էլ  Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր ու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների միջեւ էր բախում տեղի ունեցել։ Հետո Ջրառատում իրավիճակն այնքան էր սրվել, որ «ՕՐՕ» դաշինքի երեք համակիրներ հրազենային եւ այլ տիպի վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։

Դրանից հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ գործող իշխանությունների թողտվությամբ է այս ամենը տեղի ունեցել, քանի որ իշխանությունները ցանկանում են վերարտադրվել:

Իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը եւս համակարծիք է այն մտքի հետ, որ իշխանությունները ցանկանում են վերարտադրվել: Ինչպես Ս.Մարտիրոսյանն է նշում, այդ նպատակով իշխանությունն արդեն գործի է դրել իր ողջ զինանոցը:

-Ելնելով իրավիճակից՝ իշխանությունն իր զինանոցն օգտագործում է  այս կամ այն չափով: Երբ հասկանում է, որ զարգացումներն իր օգտին չեն հասնում՝ ընդհուպ մինչեւ լավ մոռացված մեթոդների՝ լցոնումների, ճնշումների, անթաքույց ուղղորդումների եւ այլն: Այն, ինչ պետք է տեղի ունենա ընտրական տեղամասից դուրս, դրա վրա պետք է հատուկ շեշտադրում լինի: Ընտրական տեղամասից դուրս եւ՛ վարչական ռեսուրսի կիրառումն է հնարավոր, եւ՛ մարդկանց կաշառելը: Վարչական ռեսուրսն արդեն օգտագործվում է, որովհետեւ համարյա թե չկա մարդ, ով ունի ազդեցության ինչ-ինչ շրջանակներ եւ ընդգրկված չլինի  ցուցակներում, եթե ոչ համամասնական, ապա ըստ շրջանների. եւ դա ամենամեծ պոտենցիալն է իշխող կուսակցության համար, երբ յուրաքանչյուր տարածքում դու կարող ես ունենալ ձայներ բերողներ, որոնցից ամեն մեկն իր լծակները՝ վարչական, ֆինանսական, նաեւ հեղինակային (երբ կապ ունեն թաղերի, որոշակի քրեական, կիսաքրեական շրջանակների հետ) սկսում են օգտագործել: Իշխանությունների համար շատ կարեւոր է վերարտադրվելը, ընտրվելը, առաջին փուլով ամեն ինչը վերջացնելը, կոալիցիա կազմելու խնդրանքով էլ ոչ մեկին չդիմելը: Նրանք կուզենան ամբողջը եւ միանգամից,-նշում է իրավապաշտպանը:

Ըստ Ս.Մարտիրոսյանի՝ բոլոր նրանք, ովքեր ռեժիմին ծառայում են եւ ծառայել են, անկախ այն բանից՝ կհայտնվեն խորհրդարանում, թե՝ ոչ, ստիպված են դա անելու, քանի որ մնալ իշխանության հետ, նշանակում է՝ մնալ շատ ավելի անվտանգ եւ ապահով դաշտում, հեռու տարբեր տեսակի կառույցների ճնշումներից, հեռու իրենց բիզնեսի վրա կախվող վտանգներից: Ուստի յուրաքանչյուրը, որպես նախապայման դա գիտենալով, պետք է տեղում աշխատի ձայներ բերելու համար՝ հնարավոր բոլոր մեթոդներով:

-Իրենք նոր տեխնոլոգիաներ չեն հնարելու. ինչպես որ սովոր են, այնպես էլ վարվելու են,-հավելում է զրուցակիցս:

Անահիտ Սիմոնյան

Դիտումներ՝ 87

Մեկնաբանել

comments