Օրենքով խտրականությունն այսպես է լինում

Իսկ դուք գիտեի՞ք, որ Երեւանի ավագանու անդամի արյունը մնացած ավագանիների մոտ 5000 անդամների արյունից անհամեմատ կապույտ է …

«Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում կա խտրական վերաբերմունք տարբեր համայնքների ավագանու անդամների նկատմամբ: Մասնավորաբար, որպես ավագանու անդամ գործունեության համար արված ծախսերի փոխհատուցման մասով Երեւանի ավագանու անդամը կարող է իր կամքով ստանալ ամսական մինչեւ 55.000 դրամ փոխհատուցում (2013թ. սեպտեմբերի 10-ի որոշմամբ փոխհատուցման հաստատուն գումարի չափը սահմանվել է հաստատուն 45.000 դրամ/ամսական), իսկ մյուս բոլոր համայնքների ավագանու անդամները, ՏԻՄ օրենքի համաձայն, կարող են ստանալ առավելագույնը ամսական 15.000 դրամ ընդամենը (Գործող ՏԻՄ օրենքի 24-րդ հոդվածով (Համայնքի ավագանու անդամի ծախսերի հատուցումը եւ գործունեության երաշխիքները): Համայնքի ավագանու անդամն իր պարտականությունների կատարման հետեւանքով առաջացած ծախսերի դիմաց իր ցանկությամբ եւ ավագանու որոշմամբ կարող է ստանալ ամսական դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի ամենամսյա պատգամավորական ծախսերի մինչեւ 30 տոկոսի չափով:

Միաժամանակ. Երեւանի ավագանու անդամների փոխհատուցումը, ըստ էության, վճարի կամ հոնորարի իմաստ ունի, եւ ոչ թե փոխհատուցման: Այն հաստատուն գումար է, անկախ ավագանու իրականացրած ծախսերի չափից, անկախ ծախսած լինելուց կամ չլինելուց: Փոխհատուցումը պիտի հիմնված լիներ կատարված ծախսերի ապացույցների վրա (վճարաթղթեր, հաշիվ/ապրանքագրեր, ՀԴՄ կտրոններ, ավագանու անդամի եւ մատակարարի կամ ծառայություն մատուցողի միջեւ կնքված պայմանագրեր եւ այլն), ինչի դեպքում այդ փոխհատուցումը քիչ հավանական էր, որ լիներ բոլորի դեպքում համահավասար: Երեւանի ավագանու անդամներին` որպես փոխհատուցում հատկացված գումարները` առանց կատարած փաստացի ծախսերը ապացուցող վճարաթղթերի, չհիմնավորված ծախս է:

Այս խտրականությունը վերացնելու համար հարկավոր է, որ նույն հասարակական ծառայության համար կատարված ծախսերը, տարբեր համայնքների ավագանու անդամներ տարբեր առավելագույն չափերով չփոխհատուցվեն, այլ առավելագույն փոխհատուցման չափը բոլոր համայնքների դեպքում լինի նույնական:

Այն հնարավոր արդարացումը, թե խոշոր համայնքներում հնարավոր է, որ ավագանու անդամը իր պարտականությունների կատարման համար ավելի մեծ ծախսեր անի, քան փոքր համայնքի ավագանու անդամը, որեւէ կերպ հիմք չէ փոխհատուցման առավելագույն չափի խտրական սահմանման համար. ով ինչքան հիմնավոր ծախս արեց, թող այդքան էլ փոխհատուցվի, բայց բոլորի համար լինի փոխհատուցման գումարի ամսական կամ տարեկան առավելագույն չափ:

Բացի այդ, ըստ մեր հետազոտությունների, միայն Երեւանի ավագանու անդամներն են փոխատուցում ստանում, մարզերում կամ չգիտեն այդ մասին կամ փող չկա:

Երեւանի քաղաքապետն եու ավագանու անդամները լավ կլինի վերանայեն համայնքի բյուջեից ավագանու անդամներին կատարված ծախսերի փոխհատուցման անվան տակ իրականացվող վճարումների առկա պրակտիկան: Ավագանու անդամները պիտի ոչ թե վճարվեն, այլ փոխհատուցվեն միայն կատարած ծախսերի համար՝ համապատասխան վճարաթղթերի առկայության դեպքում:

Երեւանի քաղաքապետը ճիշտ կանի, եթե ներքին աուդիտորական ստուգում իրականացնել տա մինչ օրս ավագանու անդամներին արված վճարումների կամ փոխհատուցումների մասով, պարզել, արդյո՞ք բոլոր այդ վճարումների հիմքում եղել են պատշաճ կազմված եւ ներկայացված ծախսային փաստաթղթեր, թե՞ ոչ: Այդ փաստաթղթերի բացակայության դեպքում կատարված փոխհատուցումները հարկավոր է համարել անարդյունավետ ծախս կամ չարաշահում եւ՝ ջանքեր ներդնել այդ գումարները վերականգնելու եւ հնարավոր պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Լեւոն Բարսեղյան

Դիտումներ՝ 187

Մեկնաբանել

comments