«Արթուրներ շատ կան Հայաստանում»

«Միակ բանը, որ ժողովրդի մեջ անկոտրում է, դա Արցախն է»

Նուբար ԱսլանյանԻսրայելում բնակվող ԽՍՀՄ, Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ Նուբար Ասլանյանն «Ասպարեզի» հետ զրույցում անդրադարձ կատարեց «Սասնա ծռեր»-ին հաց բերած Արթուր Սարգսյանի ազատ արձակմանը եւ Արցախյան հիմնախնդրին:

-Պարոն Ասլանյան, հաց բերող Արթուր Սարգսյանին վերջերս նորից ազատ են արձակել: Ինչպիսի՞ կերպար է նա Ձեզ համար:

-Ինձ համար նա, ոնց որ, ազատամարտիկներից մեկը լինի: Այն ազատամարտիկները, ովքեր իրենց կյանքը դնում են հայ ժողովրդի, սահմանների ամրության համար: Ես նրան չեմ առանձնացնում «Սասնա ծռեր»-ից, բոլոր ազատամարտիկներից, եւ այն բոլոր քաղաքացիներից, ովքեր իսկապես ունեն հայրենիքի նկատմամբ մեծ հոգատարություն, պատրաստ են ծառայելու ամեն ինչում: Ես չեմ առանձնացնում այդ հերոսին:

-Կխնդրեի՝ բնութագրել նրա կատարած քայլը:

-Պարույր Սեւակն ասում էր. «Երբ չի մնում խելք ու ճար, խենթերն են գտնում հնար»: Եկեք՝ համարենք, որ նա այն խենթերից մեկն էր, ով տեսավ, որ ճար չկա եւ որոշեց մի բանով օգտակար լինել ըմբոստներին, ովքեր ուզեցան ինչ-որ բան փոխել: Կհաջողվի՞, չի՞ հաջողվի՝ հարցը դա չէ: Մի մարդ կար, անունը Լենին էր, ով ասում էր.«Կայծից բոց կբռնկվի»: Թող «Սասնա ծռեր»-ը կայծը լինեն, իսկ «Հաց բերող»-ը նրանց մի մասնիկը: Ես սա համարում եմ բարի խենթություն:

-Մեր ժողովրդի համար ինչպիսի՞ արժեք ունի հացը:

-Հացը սրբություն է, եւ ոչ միայն մեզ համար:  Մենք սովորել էինք գետնին ընկած հացը բարձրացնել, համբուրել եւ դնել մի ապահով բարձր տեղ, որ չընկնի: Հացը ոչ միայն կեցության խնդիր է, հացը խաղաղություն է, սեր է, ջերմություն է, պետություն է: Ամեն ինչ է հացը:

հաց բերող-Արդյո՞ք Արթուր Սարգսյանի նման կերպար ունեցողները շատ են հասարակության մեջ: Կարո՞ղ էր նրա փոխարեն մեկ ուրիշը հաց հասցնել «Սասնա ծռեր»-ին:

-Այո՛, համոզված եմ, որ կարող էր: Պարզապես այդ վայրկյանին Արթուրն հայտնվեց: Ես անգամ չգիտեմ՝ Արթուրը «Սասնա ծռեր»-ի տղաների հետ կապ ուներ-չուներ, սա ինձ համար բացարձակ ոչ մի նշանակություն չունի:

Ինձ համար բացարձակ նշանակություն ունի այն, որ նա շատ հանգիստ կարող էր մտածել այն, որ իր ետեւից կկրակեին: Ամեն ինչ կարող էր լինել, բայց նա գնաց այդ քայլին: Ես չեմ ասում, թե բոլորը կանեին դա, բայց ով որ ուներ ներքին համարձակություն, սեր, արդարության հասնելու ձգտում, ժողովրդին մի բան մատուցելու… ես կարծում եմ, որ Արթուրներ շատ կան Հայաստանում:

Փառք Աստծո, բոլորս էլ գիտենք, թե Արցախյան պատերազմն ինչպիսի հերոսներ ծնեց: Համարենք, որ Արթուրը դրանցից մեկն էր:

-Կա նաեւ կարծիք, որ մեր հասարակությունում մեկը մյուսի հանդեպ չարացել են:

-Մարդկանց նյութական կենցաղը շատ վատ վիճակում է, տղամարդը կարծում է, որ ինքն անզոր է ընտանիքը պահել, եւ ստորանում է իր ընտանիքի առաջ: Ներքին խնդիրներից է գալիս, որ մարդիկ չարացել են: Սա ահավոր սթրես է: Ես հիշում եմ՝ Արցախյան պատերազմի օրերին նորից շատ դժվար էր: Եղան ժամանակներ, երբ հաց չեղավ: Քաջ հայտնի է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել էր Թուրքիային, որ թույլ տային սահմանով ցորեն մտներ Հայաստան: Սա փաստ է, անգամ Ժիրայր Լիպարիտյանն էր այդ մասին խոսում: Ճիշտ է, այն ժամանակ գլուխներս կախ էր, մի տեսակ ընկճված, բայց մարդիկ չարացած չէին ու հույս կար: Այդ հույսը դեպի լավը գնաց, հետո նորից ամեն ինչ ընկավ:

Միակ բանը, որ ժողովրդի մեջ անկոտրում է, դա Արցախն է, որ սոված ժողովուրդը կգնա սահման: Ես չեմ ուզում սենտիմենտալ կամ գոռոզ բաներ ասել, բայց երբ անցյալ տարի Արցախի համար կռիվ սկսվեց, ես հավաքվում էի, որ Իսրայելից գայի Հայաստան: Ինձ պես շատ-շատ մարդիկ կան էդպես (հուզվում է.-հեղ): Եթե Արցախի հարցն եղավ, կմոռանան ամեն ինչ՝ հացն էլ, ջուրն էլ, իսկ ժողովրդին էսպես պահելն անբարոյականություն է:

Ն.Ասլանյանի լուսանկարները՝ ֆեյսբուքյան էջից

Զրուցեց Անահիտ Սիմոնյանը

Դիտումներ՝ 133

Մեկնաբանել

comments