Նպաստ են ստացել ապահով ու աշխատող քաղաքացիները

63 մլն-ից ավել դրամի չափով խախտումներ են բացահայտվել

ՀՀ վերահսկիչ պալատն ուսումնասիրել է «Նպաստ» տեղեկատվական համակարգը վարող թվով 38 տարածքային գործակալություններից 20-ի` Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի եւ Վայքի, Սյունիքի մարզի Գորիսի, Սիսիանի, Կապանի եւ Մեղրիի, Շիրակի մարզի Արթիկի, Աշոցքի, Մարալիկի, Ամասիայի եւ Ախուրյանի, Գեղարքունիքի մարզի Գավառի, Սեւանի, Վարդենիսի, Մարտունու եւ Ճամբարակի, Տավուշի մարզի Իջեւանի, Դիլիջանի, Բերդի եւ Նոյեմբերյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների եւ Ջերմուկի սոցիալական աջակցության տարածքային բաժնի կողմից նպաստների նշանակման գործընթացները:

Վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են  «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 30.01.2014թ. «Պետական նպաստների մասին»  ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին»  թիվ 145-ն որոշման մի շարք դրույթների խախտումներ: Ընդհանուր առմամբ` Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի, Գեղարքունիքի  եւ Տավուշի մարզպետարանների ենթակայության թվով 20 սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների եւ Ջերմուկի քաղաքային համայնքի ենթակայության Ջերմուկի սոցիալական աջակցության տարածքային բաժնում  վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են 539 դեպքով  63,618.0 հազ. դրամ գումարի չափով  տարբեր բնույթի խախտումներ, մասնավորապես՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Նորք» ՏՎԿ կողմից  հարակից բազաներով սոցիալական աջակցության տարածքային գործակալության /բաժնի ՍԱՏԳ/Բ/-ներին տրամադրված տեղեկատվության իրացման վերահսկողության արդյունքում հայտնաբերված 283 դեպքերով խախտումների գումարը կազմել է ընդհանուր 29,652.0 հազ. դրամ, որը տրամադրված տեղեկատվությունը ժամանակին եւ ամբողջությամբ համակարգ չմուտքագրելու եւ սահմանված կարգով նպաստի վճարումը չդադարեցնելու հետեւանք է: Նշված խախտումների մեջ կան դեպքեր, որտեղ  գործատուի տեղեկանքում աշխատավարձի չափը չի համընկել «Նորք»  ՏՎԿ-ի կողմից տրված աշխատավարձի չափի մասին տեղեկատվությանը: Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները` ՍԱՏԳ-ները, հիմք չեն ընդունել «Նորք» ՏՎԿ-ի կողմից տրված  տեղեկատվությունը: Այդ մասով արձանագրվել է 28  դեպք 1,935.0 հազ. դրամ գումարի: Իսկ 1 դեպքում նպաստառուն իր հայտարարության համաձայն չի աշխատել, սակայն «Նորք» ՏՎԿ-ի տեղեկատվության համաձայն աշխատել է «ԻՄԻՋ Մ.Գ» ՍՊԸ-ում եւ ստացել է աշխատավարձ (Գորիսի ՍԱՏԳ):

Արեւիկում նպաստառուն 2005թ.ից աշխատել է «Հարավ կովկասյան երկաթուղի» ընկերությունում: Նպաստառու է 01.03.2005թ-ից: 2015թ-ի երրորդ եռամսյակի  միջին ամսական զուտ եկամուտը  կազմել է 164.0 հազ. դրամ, մինչդեռ սոց. անձնագրում՝  գործատուի տեղեկանքի համաձայն, եկամուտը  մուտքագրվել է 126.3 հազ. դրամ: Ամսական նպաստի չափը կազմում է 43.0 հազ.  դրամ: Աշխատավարձի իրական չափը կիրառելու դեպքում նպաստառուն կզրկվեր նպաստ ստանալու իրավունքից: Ավել վճարված գումարը կազմում է 173.0 հազ. դրամ:

Վայքի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում նպաստառուն  սխալ է ներկայացրել  որդու  իրական աշխատավարձի չափը:  Համաձայն «Նորք»  ՏՎԿ-ի կողմից ներկայացված տեղեկատվության 2015 թվականի միջին  ամսական աշխատավարձը կազմել է 148.5 հազ. դրամ:  Մինչդեռ նպաստառուն իր աշխատավայրից ներկայացրել է տեղեկանք (նպաստառուն աշխատում է որպես դատական կարգադրիչների ծառայության Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի  դատական կարգադրիչ), որի համաձայն միջին  ամսական աշխատավարձը կազմել  է 102.0 հազ. դրամ,  որն էլ  հիմք է ընդունվել Վայքի  ՍԱՏԳ-ի կողմից: Ավել վճարված գումարը կազմում է 100.5 հազ. դրամ

Հայկավանում նպաստառու ընտանիքի անդամներից 2-ը 08.09.2015թ.-ին ձեռք են բերել Հայկավանում բնակելի տուն եւ 12900քմ վարելահող: Նպաստառուն այդ մասին տեղեկատվություն չի հաղորդել ՍԱՏԳ-ին, իսկ «Նորք,, ՏՎԿ-ից 2015թ-ի հոկտեմբերին ստացված տեղեկատվության վերաբերյալ  «Կ» ծածկագիրը չի կիրառվել եւ նպաստի վճարումը չի դադարեցվել: ՍԱՏԳ-ի կողմից տնայց չի կատարվել, արձանագրություն չի կազմվել: Հարցը ՍԱԽ-ում չի քննարկվել: Ավելի վճարված գումարը կազմում է 168.0 հազ. դրամ:

Նպաստառու ընտանիքների կողմից սահմանված չափաքանակից ավել էլեկտրաէներգիայի սպառման դեպքերում հիմնականում բացակայել են սոցիալական աջակցության խորհրդի կողմից պատշաճ հիմնավորված առաջարկությունները նպաստի տրամադրումը շարունակելու վերաբերյալ, չկան հիմնավորումներ:

Նպաստառու ընտանիքների կազմի, բնակարանային պայմանների, բնակության վայրի ճշտության ստուգման արդյունքում հայտնաբերվել է 90 խախտում՝ ընդհանուր 13,804.5 հազ. դրամի:

Նպաստառու ընտանիքների անդամների` ըստ բնակության վայրի հաշվառման եւ այդ տվյալների համակարգ մուտքագրման ճշտության ստուգման արդյունքում հայտնաբերվել է 26 խախտում՝ ընդհանուր 6,111.5 հազ. դրամի:

Նպաստառու ընտանիքների` իրենց ընտանիքների անդամների մասին տեղեկանքների (հարգելի բացակաների, ուսանողների, զինծառայողների եւ այլն)  հավաստիության եւ այդ տվյալների համակարգ մուտքագրման ճշտության ստուգման արդյունքում հայտնաբերվել է 33 խախտում՝  ընդհանուր 4,143.5 հազ. դրամի:

Միայնակ չաշխատող կենսաթոշակառուների (Կ87) նպաստի գործերի ստուգման արդյունքում հայտնաբերվել է 9 խախտում՝ ընդհանուր 1,824.0 հազ. դրամի:

Նպաստառուների գործերի ուսումնասիրման արդյունքում հայտնաբերվել են ծածկագրերի սխալ կիրառման 11 դեպք, որոնց հիման վրա տրամադրվել է 730.5 հազ. դրամի նպաստ:

Նպաստառու ընտանիքներին, ինչպես նաեւ «Ընտանեկան նպաստ» համակարգում հաշվառված անձանց միանվագ եւ եռամսյակային հրատապ օգնության տրամադրման գործերի ստուգման արդյունքում հայտնաբերվել է 71 խախտում՝  ընդհանուր 6,110.0 հազ. դրամի: Մերժված գործերով  բացակայում են սոցիալական գործերը, դիմում հայտարարագրերը, ՍԱՏԳ-ների գրավոր պատասխանները, տնային այցելության արձանագրությունները, եզրակացությունները եւ այլն:

Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի  գործերի, դրանցում առկա  տեղեկանքների իսկությունն ու հավաստիությունը ստուգելու արդյունքում հայտնաբերվել է 16 խախտում՝ ընդհանուր 1,242.0 հազ. դրամի:

Հարակից բազաների ստացման ժամանակացույցի ճշտության ստուգման արդյունքում պարզվել է, որ հաճախ են դեպքերը, երբ ՍԱՏԳ-ները տեղեկատվությունները ստանում են 1-7 ամիս ուշացումով: Արդյունքում նպաստառուները ավել են ստանում շուրջ 7 ամսվա նպաստ եւ ավել ստացած նպաստը հետգանձելու խնդիր է առաջանում:

Սոցիալական աջակցության խորհուրդների առաջարկությունները հիմնականում կատարվել են առանց հանգամանքների ուսումնասիրության, բացակայում են տնային այցելության արձանագրությունները: Խորհրդի նիստերում քննարկվում են միանգամից մի քանի տասնյակ հարցեր: Խորհուրդների գործունեությունը կրում է ձեւական բնույթ` հաստատելով ՍԱՏԳ տեսուչների բոլոր գործողություններն առանց բացառության:

Ուսումնասիրվել են մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի գործեր, դրանցում առկա տեղեկանքների իսկությունն ու հավաստիությունը: Ուսումնասիրությունից պարզվել է, որ 16 դեպքում խախտվել է «Պետական նպաստների մասին»  ՀՀ օրենքի գլուխ 7, հոդված 27, 3 կետի դրույթը, որի արդյունքում վճարված գումարը կազմել է 1,242.0 հազ. դրամ (Մեղրիի ՍԱՏԳ-1 դեպք՝  126.0 հազ. դրամ, Արթիկի ՍԱՏԳ- 4 դեպք՝ 72.0 հազ. դրամ, Վայքի ՍԱՏԳ- 1 դեպք՝ 180.0 հազ. դրամ, Մարտունու  ՍԱՏԳ -6 դեպք՝ 702.0 հազ. դրամ, Դիլիջանի ՍԱՏԳ-4 դեպք՝ 162.0 հազ. դրամ):

Պարզվել է, որ 9 դեպքով /Ախուրյանի ՍԱՏԳ-2 դեպք՝ 272.0հազ. դրամ, Ճամբարակի ՍԱՏԳ- 4 դեպք՝ 1,292.0 հազ. դրամ, Բերդի ՍԱՏԳ- 3 դեպք՝ 260.0 հազ, դրամ/ խախտվել են ՀՀ կառավարության 30.01.2014թ. հ.145-Ն  որոշման`  ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու  (փաստագրվելու) կարգի 14-րդ կետի 8բ  ենթակետի, ինչպես նաեւ նույն  որոշման  22-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջները  որի արդյունքում վճարված գումարը կազմել է 1,824.0 հազ. դրամ: Օրինակ՝ Առափիում նպաստառուն ունեցել է որդեգրված աշխատունակ զավակ` ծնված 1990թ.:  Նրա նկատմամբ /Կ 87/ ծածկագիրը սխալ է կիրառված: Ընտանիքը նպաստառու է 01.01.2015թ-ից: Խախտման գումարի չափը կազմում է 272.0 հազ. դրամ:

Բերդում 20.05.2016թ.-ից նպաստառուի հաշվառման հասցեում հաշվառված է նաեւ այլ ընտանիք՝ 3 անձով: «Կ 87» ծածկագիրը սխալ է կիրառված: Խախտման գումարի չափը կազմում է 54.0 հազ. դրամ:

Ուսումնասիրվել են նպաստառու ընտանիքների կազմի, բնակարանային պայմանների, բնակության վայրի վերաբերյալ  ներկայացված տեղեկանքները նպաստի գործերում  եւ համեմատվել համակարգ մուտքագրված  տվյալների հետ: Ջրաձորում նպաստառուն 5 ամսից ավել տվյալ հասցեում չի բնակվում: Ավելի վճարված գումարը կազմում է 175.0 հազ. դրամ: Սառնաղբյուրում նպաստառուն  7 ամսից ավել տվյալ հասցեում չի բնակվում  իր ընտանիքի հետ: Ավել վճարված գումարը կազմում է 196.0 հազ. դրամ: Կապանում նպաստառուն 7 ամսից ավել տվյալ հասցեում չի բնակվում,  ընտանիքի հետ միասին բնակվում է Ագարակ համայնքում: Ավել վճարված գումարը կազմում է 196.0 հազ. դրամ:

Վերահսկիչ պալատն այս խախտումների վերացման վերաբերյալ առաջարկություններ է ուղարկել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը` միջոցներ ձեռնարկել հարակից բազաները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում համապատասխան մարմիններից ստացման եւ համադրման արդյունքները ՍԱՏԳ/Բ/-ներին տրամադրելու ուղղությամբ, ուժեղացնել հսկողությունը  ՍԱՏԳ/Բ/-ների գործունեության նկատմամբ՝ արձանագրված խախտումների եւ դրանց պատճառների վերացման եւ հետագայում  բացառելու նպատակով եւ այլն:

ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզպետներին եւս առաջարկել է միջոցներ ձեռնարկել վերահսկողության արդյունքներով  արձանագրված խախտումները վերացնելու եւ հետագայում դրանք բացառելու ուղղությամբ, նաեւ առաջարկել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել դիմում հայտարարագրերի 2-րդ կետի պահանջների համաձայն նպաստառուների ընտանիքի կազմի, եկամուտների, հասցեափոխության, բնակպայմանների վերաբերյալ սահմանված մեկամսյա ժամկետում անհրաժեշտ տեղեկատվության եւ հիմք փաստաթղթերի պարտադիր ապահովմանը եւ այլն:

Առաջարկել է նաեւ ՀՀ պետական բյուջե վերականգնվող գումարները փոխանցել ՀՀ վերահսկիչ պալատի անվամբ բացված «պետությանը պատճառված վնասների փոխհատուցումից մուտքեր» հաշվեհամարին, կամ գանձապետարանի համակարգում բացված այլ եկամտային հաշվին:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 462

Մեկնաբանել

comments