«Խոսակցություններն անցյալում են». բուհն ունի նոր ռեկտոր

Այսօր Շիրակի պետական համալսարանի՝ (նախկինում՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ) ռեկտորի թափուր տեղի մրցույթի միակ մասնակիցը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության նախկին պետ Սահակ Մինասյանն էր: Նա հոգաբարձուների խորհրդի 21 անդամի դռնփակ նիստի միաձայն որոշման արդյունքում ճանաչվեց հաղթող, նշանակվելու է համալսարան հիմնադրամի ռեկտոր: Հոգաբարձուների խորհուրդը կազմված է 24 անդամից, մրցույթին ներկա է եղել 21-ը: Հոգաբարձուների խորհրդի նախագահը Շիրակի նախկին մարզպետ, վարչապետի վերահսկողության ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանն է, ով եղել է նաեւ բուհի կառավարման խորհրդի նախագահը:
Այս մրցույթով թեպետ հետաքրքրվողները շատ են եղել, սակայն դիմել է միայն մեկը՝ Ս.Մինասյանը: Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, բուհի կանոնակարգով սահմանված պահանջներն ու պայմաններ են եղել: Շատերը թեկնածուին առաջադրված պահանջները չեն կարողացել բավարարել:
Համաձայն բուհի հոգաբարձուների կանոնակարգի՝ Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) ռեկտորի թափուր պաշտոնի թեկնածուներն առաջադրվում են համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կամ ինքնաառաջադրմամբ:
«ՇՊՀ-ի ռեկտոր կարող է առաջադրվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, ով ունի գիտական աստիճան եւ վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 10 տարվա պետական կառավարման կամ բուհում վարչական աշխատանքի ստաժ». հենց այս պահանջը չեն բավարարել որոշ քաղաքացիներ, ովքեր փորձել են դիմել մրցույթին մասնակցելու նպատակով:
Նախորդ տարվա հուլիս-օգոստոսին այս բուհում տարբեր տարաձայնություններ ստեղծվեցին, բուհի աշխատակազմի անունից նամակներ հրապարակվեցին մամուլում, այդ նամակների հետքերով վարչապետն հանձնարարեց վերահսկություն իրականացնել: Վերահսկողությունն ընդհանուր առմամբ խախտումներ չարձանագրեց, մինչդեռ բուհի որոշ աշխատողներ հակառակն էին կարծում եւ որոշակիորեն համաձայն չէին այս արդյունքների հետ:
Այս բուհում մտքերի ու կարծիքների բեւեռացում էր նկատվում. հետաքրքիր է, թե բուհի աշխատակազմն արդեն համակերպվելու է ռեկտոր ընտրված Սահակ Մինասյանի աշխատանքային սկզբունքների հետ:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ այսօր մամուլի ասուլիսի ընթացքում Սահակ Մինասյանը հակիրճ անդրադարձավ այս հարցին ու ասաց.«Մենք միախմբված մի թիմ ենք ամբողջ բուհում, այն, ինչ խոսակցությունններ եղել են, արդեն անցյալում են, ցանկացած նոր ղեկավարի պարագայում առաջին օրերին, առաջին ամսիներին տեղի է ունենում փոխճանաչում, սա բնական երեւույթ է»:
Բուհի՝ ՊՈԱԿ-ից հիմնադրամ եւ ինստիտուտից համալսարան վերակազմակերպման արդյունքում կառավարման առումով որոշակի փոփոխություններ կլինեն: Ս.Մինասյանն էլ հաստատում է, որ համալսարանի վարչական մասում օպտիմալացման խնդիրներ կառաջանան:
Բուհում 9 նոր բաժին է ստեղծվելու, բացվելու է 3 հեռավար ուսուցման լաբորատորիա, չի բացառվում, որ անհրաժեշտ դասախոսներ, մասնագետներ եւս հրավիրվեն դրսից:
«Նոր մարտահրավերներ ունենք, նոր ծրագրեր ենք իրականացնելու»,-համենայն դեպս այսպես է վստահեցնում Սահակ Մինասյանը եւ հավաստիացնում, որ քայլեր են ձեռնարկելու համալսարանի լրագրության բաժնի ավանդույթները վերադարձնելու նպատակով, այսինքն՝ ուսանողների թիվն ավելացնելու:
Մոտ տասը տարի առաջ այս բաժնի մեկ կուրսում սովորում էր 15-25 ուսանող, աստիճանաբար այս թիվը կրճատվեց, այսօր 2 կամ 3 ուսանող է սովորում, թեպետ մարզը լրագրողների պահանջ ունի:
«Ցավոք, բաժինը վերջին տարիններին չէր կարողացել համապատասխան ոււսանողական համակազմ հավաքել, հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ անում են, մենք կունենանք եւ առկա, եւ բակալավրի մասնագիտությունների կրթական ծրագրեր: Նախանշում ենք վերադարձնել այն ավանդույթները, որոնք ունեցել է բաժինը»,-եզրափակեց Ս.Մինասյանը:
Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 321

Մեկնաբանել

comments