Մինասի թանգարանը չի ջեռուցվում

Ուշ աշնան շրջանից մինչ վաղ գարուն ընկած հատվածում Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի այցելուները չեն տեսնում ամբողջական ցուցադրության դրված բոլոր գործերը։ Շատ գործեր ամեն տարի ցուցադրությունից հանվում են, պատերը դատարկ են մնում, որովհետեւ թանգարանի ջեռուցման հարցը դեռ լուծում չի ստացել։

Գրանցամատյանում նախորդ ամիսներից ամեն մեկի տակ երեք-չորս այցելուի տվյալներ էին։ Ես մարտ ամսի առաջին այցելուն էի։

Հետաքրքիրն այն է, որ մուտքի տոմսը շատ մատչելի է՝ արժե ընդամենը 200 դրամ, եւ թանգարանում հանգանակության արկղ չկա:

Մշտական ցուցադրության այցելության տոմսերի վրա գրված է, որ  թանգարանը Հայաստանի Ազգային պատկերասրահի մասնաճյուղն է։ Դե, մշակույթի նախարարությունը, իհարկե, գերադասում է միլիոններ ծախսել մեկօրյա համերգներ վրա, եւ այսպիսի հրատապ խնդիրների չի էլ անդրադառնում։

Թանգարանում այդ պահին գտնվող աշխատակից Գոհարն ասում է, որ այցելուների թվում հաճախ լինում են բարձրաստիճան պաշտոնյաներ ու բարերարներ: Կնոջ խոսքով՝ շատերն են խոստանում լուծել թանգարանի ջեռուցման հարցը։

Այդ բոլոր խոստումների արդյունքն այսօր տեսա։

Թանգարանն ընդհանուր առմամբ նորմալ վիճակում է գտնվում, բայց վերջին մի քանի տարիներին առաստաղի որոշ հատվածներ խոնավացել են ու ներքին հարդարումը շարունակում է փչանալ։ Ցածր ջերմաստիճանն ու խոնավությունը սպառնում են որակազրկել, խունացնել ու փչացնել Մինասի հրաշք գործերը, եւ եթե հարցն էսպես էլ մնա, մի քանի տարի հետո թանգարանը ողջ ձմեռային սեզոնին հավանաբար փակ կմնա։

Արփինե Գինոսյան

Դիտումներ՝ 123

This post is also available in: English

Մեկնաբանել

comments