… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

Որ թոռնիկը պարապ չմնա, կամ` պայքար գործազրկության դեմ

001
17 Սեպտեմբեր, 2011 17:09    |    Հեղինակ` Սոնա Առաքելյան


Դեռ 2010 թվականին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն ԲարսեղյանըՇիրակի մարզպետարանի աշխատակցի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար 3 հարցում էր ուղարկել մարզպետ Աշոտ Գիզիրյանին. «…Կ.Ս.  (անուն-ազգանունը հարցման մեջ լրիվությամբ է տրված) անունով մարդ աշխատե՞լ է մարզպետարանում եւ, եթե այո, ապա ե՞րբ է աշխատել եւ ի՞նչ պաշտոն է զբաղեցրել»:

2010թ. օգոստոսի 8-ին Շիրակի մազպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը տեղեկացրել էր, որ «2009 թվականի հուլիսի 1-ին Կ.Ս.-ի հետ կնքվել է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր եւ նա երկու ամիս` 2009 թվականի հուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 30-ը աշխատել է ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության սպասարկման բաժնում»:

2010 թվականի օգոստոսի 10-ին Լ.Բարսեղյանը երկրորդ հարցումն էր ուղարկել մարզպետարան եւ խնդրել տեղեկացնել, թե «Կ.Ս.-ն ի՞նչ կրթություն եւ ի՞նչ մասնագիտություն է ունեցել մարզետարանում աշխատանքի ընդունվելիս, ի՞նչ դրույքաչափով է աշխատանքի ընդունվել»: Նաեւ հարցման մեջ խնդրել է տեղեկացնել, թե «Կ.Սուքիասյանի աշխատանքի ընդունվելուց առաջ այդ թափուր տեղի մասին ի՞նչ հանրային իրազեկում է եղել, ի՞նչ միջոցներով եւ ե՞րբ, եթե այդպիսի հանրային իրազեկում եղել է: Ինչի՞ հիման վրա է աշխատանքի ընդունվել (մրցույթի արդյունքներ, անձնական դիմում, կամ այլ)»:

 

Ս.Պետրոսյանը գրավոր տեղեկացրել էր, որ «Կ.Ս.-ն 2009թ. հուլիսի 1-ից, համաձայն իր անձնական դիմումի, ժամանակավոր աշխատանքային պայմանագրով ընդունվել աշխատանքի մարզպետարանի քարտուղարության սպասարկման բաժնում, աշխատավարձը կազմել է ամսական 35.000 դրամ: Կրթությունը միջնակարգ է»:

Քանի որ մարզպետարանը Լ.Բարսեղյանի հարցումներում նշված երկու հարցերին` Կ.Սուքիասյանը ի՞նչ պաշտոն է զբաղեցրել այդտեղ աշխատելիս եւ ի՞նչ դրույքաչափով է աշխատանքի ընդունվել Շիրակի մարզպետարանում, հարցումների պատասխաններում հստակ նշված չի եղել, Լեւոն Բարսեղյանը նույն այդ հարցերով երրորդ անգամ է հարցում ուղարկել մարզպետարան:

Մարզպետի տեղակալը 2010 թվականի սեպտեմբերի 27-ին պատասխաում գրել էր. «2009 թվականի հուլիսին մարզպետարանի ինտերնետային կայքը համապատասխան տեղեկատվությամբ համալրելու, ծանրաբեռնվածությունը հաղթահարելու նպատակով, համաձայն աշխատանքային օրենսգրքի 101 հոդվածի 1-ին մասի, Կ.Ս.-ն իր անձնական դիմումի համաձայն աշխատանքի է ընդունվել մարզպետարանի քարտուղարության սպասարկման բաժնում, աշխատավարձը կազմել է ամսական 35.000 դրամ: Նա աշխատել է 5-օրյա աշխատանքային շաբաթ, օրական 8 ժամ տեւողությամբ»:

Ուսումնասիրելով այս երեք հարցումներն ու դրանց պատասխանները, այդպես էլ չհասկանալով, թե այնուամենայնիվ ինչ հաստիք կամ պաշտոն է զբաղեցրել Կ.Ս.-ն` դիմեցի Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչիկ Պողոսյանին:

Նախկին աշխատակցի անուն ազգանունը լսելուց հետո Խ.Պողոսյանը ինձ հարցրեց` գի՞տեմ արդյոք, թե ով է նա: Իմ բացասական պատասխանից հետո ավելացրեց,

-Նախկին մարզպետ Լիդա Նանյանի թոռնիկն է, աշխատանքի ընդունելիս որոշակի դերակատարություն ունեցել է այդ հանգամանքը, բայց որ ասեմ` դա մեծ ազդեցություն է ունեցել, դա այդպես չէ, հակառակ դեպքում նա մինչ այժմ կաշխատեր մարզպետարանում: Այդ ժամանակ նա ուսանող է եղել եւ արձակուրդներին երկու ամսով աշխատել է մարզպետարանում:

Իմ այն հարցին, թե Կ.Սուքիասյանը ի՞նչ պաշտոն է զբաղեցրել եւ ի՞նչ հաստիքով է աշխատել մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության սպասարկման բաժնում, Խ.Պողոսյանը պատասխանեց.

-Քարտուղարության սպասարկման բաժնում լիազորությունների լրիվ տարանջատում չկա: Կ.Սուքիասյանը վերահսկել է մարզպետարանի պաշտոնական կայքը, թե ինչքան նյութեր են այնտեղ տեղադրվել, թվայնացրել է իրեն տրված տեքստերը, վերահսկել է համացանցը: Այսինքն`հաստիքային միավոր` որպես այդպիսին, չենք ունեցել, ուղղակի անհրաժեշտություն է եղել նման աշխատողի, ընդունել ենք նրան եւ կնքել  ժամանակավոր աշխատանքային պայմանագիր:

Ինչպես նշեց Խ.Պողոսյանը, քարտուղարության սպասարկման բաժնում աշխատելու համար նախկինում մրցույթ չի հայտարարվել, աշխատողները մրցութային կարգով չեն ընտրվել, ուղղակի դիմում ներկայացնողների տվյալներն են նայել եւ համապատասխանելու դեպքում` ընդունել: Ըստ Խ.Պողոսյանի, այդ աշխատանքում բարձրագույն կրթությունը պարտադիր չէ:

-Մինչ 2011 թվականը, բացի Կ.Սուքիասյանից, նմանատիպ աշխատանքներ կատարելու համար, ժամանակավոր աշխատանքային պայմանագրով մարզպետարանում աշխատանքի են ընդունվել ե՛ւ Գյումրու Տնտեսագիտական համալսարանի, ե՛ւ ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողներից, բայց 2011-ին արդեն կարգը փոխվել է եւ այդ աշխատանքները` քաղծառայողի կարգավիճակով, կատարում է մեկ մասնագետ,-ասաց Խաչիկ Պողոսյանը:

Այսպիսով մնում է անհասկանալի, թե ինչ իրավական ակտերի հիման վրա է երկու ամսով աշխատատեղ ստեղծել մարզպետարանը, ինչպես է թափուր աշխատատեղի մասին տեղեկացրել հանրությանը, այդ ինչպես է Կ.Ս.-ն իմացել այդ թափուր աշխատատեղի մասին ու ճիշտ ժամանակին դիմել մարզպետարան այդ աշխատատեղը զբաղեցնելու համար, ու, մանավանդ, այդ ինչպես է ստացվել, որ ոչ ոք նրանից բացի այդ աշխատատեղն զբաղեցնելու համար չի դիմել մարզպետարան, գուցե տեղեկացված չի եղել հանրությունը: Ստացվում է նաեւ, որ այն հեռավոր եւ անկապ ժամանակներում` 2009-ի ամռանը, մարզպետարանը կամ մարզպետը կարող էր որոշել` ստեղծել 1-2-200 կամ 5000 լրացուցիչ աշխատատեղ մարզպետարանում, իսկ, թե ինչպես է այդ խնդիրները կարգավորում ՀՀ օրենսդրությունն, այնքան էլ կարեւոր չէր:

Սոնա Առաքելյան

Դիտումներ՝ 116