Հունիսի 14-ին Գյումրու թիվ 2 դպրոցում կայացավ հասարակական կազմակերպությունների երկրորդ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին 24 կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկա էր նաեւ քաղաքապետարանի ներկայացուցիչը` ի դեմս Բորիս Ալեքսանովի: Հանդիպման Ժամանակ վերջինս եւս մեկ անգամ հայտարարեց, որ քաղաքապետարանը պատրաստակամ է աջակցել հասարակական կազմակերպություններին Գյումրու հիմնախնդիրների լուծման հարցում: «Քաղաքապետարանը դոնոր կազմակերպություն չէ, ուստի չի տալիս դրամաշնորհներ, այլ աջակցելու է ՀԿ-ներին ծրագրերի իրականացման հարցում, – ասաց Բ. Ալեքսանովը: Քաղաքապետը նաեւ խոստացել է քաղաքապետարանի շենքում տարածք տրամադրել հետագա ժողովների համար:
Հանդիպման ժամանակ որոշվեց ստեղծել կամավոր աշխատանքային խումբ, որը զբաղվելու է հիմնախնդիրների վերհանմամբ եւ ձեւակերպմամբ: Ներկաներից այդ խմբում ներգրավվելու ցանկություն հայտնեցին 6 կազմակերպության ներկայացուցիչներ. Արա Սուքիասյան (ԵՀԱԿ), Արմինե Պետրոսյան («Երաշխիք» ՀԿ), Արա Մելիքջանյան («Երիտասարդությունը նախաձեռնությամբ» ՀԿ), Սերգեյ Գաբրիելյան («Նոր Սերունդ» ՀԿ), Կարեն Մարտիրոսյան («Ժամանակի հայացքից» ՀԿ), Անահիտ Ղարիբյան («Գյումրի Անի» ՀԿ):
Աշխատանքային խումբը բաց է եւ խմբին կարող է միանալ ցանկացած կազմակերպության լիազորված անձ:
«Հաջորդ հանդիպման ժամանակ մշակելու ենք կանոնակարգ, որով եւ համագործակցելու ենք քաղաքապետարանի հետ, կանոնակարգը կնքվելու եւ ստորագրվելու է քաղաքապետի եւ հետաքրքրված կազմակերպությունների կողմից»- տեղեկացրեց «Նոր սերունդ» ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը:
Վազգեն Մարտիրոսյան




