«Ոմանք մեռնում են չափազանց ուշ, ոմանք՝ չափազանց շուտ: Դեռ օտար է հնչում իմ ուսմունքը՝ մեռիր ճիշտ ժամանակին»:
Ծանոթ ձայնի ելեւէջները արվեստների ակադեմիայի ընդարձակ աստիճաններով տանում են դեպի թատերական փորձասենյակ, ուր ներկայացումից առաջ նախապատրաստական վերջին փորձերն են, վերջին շտկումները: Շատ զգույշ չխանգարելու մտայնությամբ կիաբաց դռնից մտնում եմ ներս ու նույնքան աննկատ տեղավորվում առջին իսկ պատահած աթոռին:
Բեմ, կիսամութ լուսավորություն, դատարկ աթոռներ, ծանոթ ու մոռացված դերասանական խաղ՝ ձայնային ուրույն էլեւէջներով ու դերասանի հմուտ շարժուձեւի ինքնատիպ լուծումներով.
«Ես ձեզ արդեն ասել էի. ճշմարտությունը մեզ ենք հարմարեցնում …,- շարունակ հնչում է նույն ձայնը, երբեմն ընդմիջվում ռեժիսորական շտկումներրով, հանդիսատեսի համար աննակատ, բայց թատրոնի մարդուն ակնառու թվացող թերությունների ուղղումներով, ապա փոքր առ փոքր ամբողջանում է անեւեւույթ կերպարը՝ զգացմունքախառը հորինվածքով ու արտիստիկ պոռթկումներով:
Սամվել Գրիգորյանն է՝ Գյումրիում հայտնի մարդ ու նույնքան հայտնի դերասան: Շուրջ տասը տարվա բեմին չլինելու կարոտն ու բեմից տեւական բացակայութունը դերասանն այժմ հաղթահարում ու լրացնում է միանգամից աբսուրդի թատրոնով, Իոնեսկոյով ու «Աթոռները» պիեսի բեմադրությամբ:
-Այս աբսուրդը շատ ավելի ռեալ է, որովհետեւ ինքը խորություն ունի, ինքը ենթատեքստ ունի, իսկ ենթատեքստով այդ բոլորը խաղալ, արտահայտել եւ ցույց տալ, ահավոր բարդ է: Այդ անհանգստությունը ես հիմա երեխայի նման ապրում եմ, անփորձ երեխայի նման, կյանք չճանաչող երախայի նման,-անկեղծանում է վաստակավոր արտիստը՝ խոստովանելով, որ աբսուրդի թատրոնում ներկայանալը, այն էլ Իոնեսկոյով ոչ միայն բարդ է, այլեւ պատվաբեր:
Իոնեսկոն հակադրամայով նպատակադրվեց գտնել նորը, նոր ազատ թատրոնը, նա ստեղծեց հակափիլիսոփայական, հակաթեմատիկ, հակագիտական թատրոնը, որտեղ մարդկայի կյանքն է՝ որպես մղձավանջ, իսկ իրերը՝ որպես առեղծված խորհրդանիշեր: 1952-ին «Աթոռների» առաջին բեմականացումը՝ որպես նորություն թատերական աշխարհում, անցավ դատարկ աթոռներով դահլիճում՝ մի քանի հանդիսատես միայն:
- Իոնեսկոյի ամեն բառի տակ կարող ես իմաստ գտնել, ամեն մտքի տակ թաքնված է մի ամբողջ ճակատագիր, ոչ միայն մարդկային, այլեւ երկրի ճակատագիր կա այստեղ. ի՞նչ է խոսում կերպարը, ինչի՞ համար է խոսում, աս ի՞նչ պատմություն է, ի՞նչ աթոռներ են, ո՞վ է այս մարդը, պիեսի խորքայնության ու առեղծվածի զուգաձեւումների շուրջ մտորում է արտիստը:
«Մեռիր ճիշտ ժամանակին» բեմադրության երիտասարդ, անփորձ բեմադրիչը բացատրոմ է՝ Սալվադոր Դալիի կտավների նման Իոնեսկոն բարդ է ու խորքային, ու պարտահական չէր, որ Դալին առաջիններից մեկն էր, ով տեսել ու բարձր էր գնահատել ստեղծագործությունը:
Միակ խաղընկերը՝ Նառա Սանթոյանը, ով բեմում ե՛ւ մայր է, ե՛ւ կին, ե՛ւ սիրուհի, հանդիսատեսին ներկայանալու է ինքնատիպ դերասանական մեկնաբանությամբ, իսկ նրանց համատեղ խաղը անտիթատերական ցանկացած անձի կբարեկամացնի թատրոնի հետ:
-Ես համոզված եմ, որ ինքը բեմում շատ հետաքրքիր կլինի: Նա հետաքրքիր է մտածում, նաեւ հետաքրքիր պիեսներ ունի գրած,- Նառա Սանթոյանի մասին է խոսում դերասանը՝ եւ նշում,- ես շատ կարեւոր եմ համարում, որ Նառա Սանթոյան է, ու ոչ ուրիշը:
Այնուհետ խոսում է իր մարմնավարած կերպարից եւ անկեղծանում դերը հաղթահարելու մտորումներով.
-Ինքը լինելով անանուն, էնքան անուն ունի իր մեջ, լինելով անդեմ, անհասկանալի, բազում կերպարներ է միաժամանակ, մի կերպար չէ: Եթե մի կերպար լիներ, ես այսքան կտանջվե՞ի…ինքը տաս է, հարյուր է, հազար է, ես չգիտեմ: Համոզված եմ՝ ինչ-որ բան կասենք, կասենք հասկացողներին, իսկ մեզ պետք են այդ պահին դահլիճում հասկացողները լինեն, թատրոն հասկացողներ, ովքեր գիտեն ինչ է թատրոնը եւ դրա տարբեր ուղղություները:
Հարցնում եմ՝ ի՞նչը փոխվեց դերասանի մեջ երկարատեւ ստեղծագործական դադրից հետո:
-Ընդմիջումը երկար էր դերասանի համար, մինչդեռ դերասանը արձակուրդ չպիտի ունենար, իսկ ես երկար մնացի արձակուրդում եւ ինձ թվաց, թե ես կարող եմ ուսանողների հետ մարել իմ մեջ եղած կրակը կամ դերասանի պոռթկումները, ներսի ճիչը: Բայց պարզվեց այդպես չէ: Այլ բան է դասավանդել, եւ այլ բան է բեմում ստեղծագործել :
Դերասանական խոշոր աչքերի խորքում միախառնվում են անցյալն ու ներկան , բեմին վերստին հայտնվելու ու իրեն՝ արտիստին վերագտնելու հույզերը համատեղվում են ու արցունք դարձած բյուրեղանում արվեստագետի աչքերում, որ կորուստի ցավն է ու նորից բեմին հայտնվելու երջանկությունը.
-Ես մանուկ լինելս կորցրի, երախա լինելս կորցրի: Իսկ այդ հատկությունը կորցնելը շատ վնասակար է: Ես դրա ազդեցությունը հիմա տեսնում եմ: Չեմ խաղացել սիրած դերերը, չեմ դատարկվել, չեմ ասել, ինչ-որ կարող էի անցյալ տարի ասել, ու եթե անցած տարվանն հիմա ասեմ, ուշացած է անշուշտ: Ես բնավորությունս եմ փոխել, ես գիտեմ, թե ես չեմ:
Բայց կորստի համար արվեստագետը նախեւառաջ իրեն է մեղավոր տեսնում ու շտապելով ավելացնում՝ ինքնամեղադրումով ավելի հեշտ է ապրել, քան չարածների մեղքը ուրիշի վրա բարդելով: Ապա գալով պրեմիերային՝ եզրափակում.
-Թատրոնն ինքը հրաշք է..եթե մենք կարողանանք այդ հարաշքը ցույց տանք, ինձ թվում է՝ իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկը կլինի:
Մարինե Պետրոսյան




