… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

2011 թվականի «բոցերը»

007
28 Հունվար , 2012 22:01 Հեղինակ` Մարինե Պետրոսյան


«Գյումրի-Ասպարեզ» օրաթերթը, քննարկումների արդյունքում, առանձնացրել է անցած տարվա առավել աղմկահարույց, զավեշտալի, հասարակական հնչեղություն ստացած դեպքերն ու դեմքերը, որոնք պարբերաբար ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը (Լուսանկարները՝ Երկիր Մեդիա, www.7or.am, www.finance.am կայքերի ):


Տարվա ձեթը

Տարեվերջին կառավարությունը ամանորի նվեր մատուցեց նպաստառուներին՝ նրանց բաժանելով 3-ական շիշ ձեթ: Ծիտիկները խաբար բերեցին, թե ձեթը ժամկետանց է: Մամուլում կառավարության ձեռնարկը բնորոշվեց որպես «լֆիկյան բարեգործություն»: 116 հազար ընտանիքներին տարեմուտի նախաշեմին կարողացան վայելել լրացուցիչ 3 լիտր ձեթ ունենալու բերկրանքը: Վարչապետն էլ վստահեցրել է՝ նմանատիպ բերկրանք ապրելու հնարավորություն անապահով ընտանիքները դեռ շատ կունենան: Ըստ երեւույթին խոսքը վերաբերում էր տարեսկզբին ընտանեկան նպաստի ու կենսաթոշակի 10-ական տոկոսով բարձրանալուն:

Տարվա արաղն ու կոնյակը

Ամանորի նախաշեմին Շիրակի մարզպետը հոգաց ազատամարտիկների ընտանիքների Նոր տարվա սեղանի խմիչքի հարցը՝ նրանց բաժանելով 6-ական շիշ օղի, 2-ական շիշ կոնյակ: «Սպասված» նվերներով լի 654 արկղերը անձամբ գեներալ մարզպետի ստորագրությամբ համալրված շնորհավորական բացիկներով գտան իրենց «երջանիկ» հասցեատերերին: Նրանք 1991-1994թ. ԼՂՀ-ում մարտական գործողություների ժամանակ զոհված 202 ազատամարտիկների, 1994-2010թթ. զինվորական ծառայության ընթացքում զոհված 211 զինծառայողների, Զինված ուժերում ծառայության ընթացքում առաջին խմբի հաշմանդամ դարձած ու հայրենական մեծ պատերազմի 202 վետերանների ընտանիքներն են:

Տարվա խոպանչին

Կարեն Կարապետյանը թողեց Երեւանի քաղաքապետի պաշտոնը եւ հետեւելով հայկական ավանդույթին՝  «արտագնա» աշխատանքի մեկնեց Ռուսաստան: «Գազպրոմբանկում» ընկերության առաջին փոխնախագահի  նոր պաշտոնն ու խոստացած բարձր աշխատավարձը, ըստ էրեւույթին, այնքան էլ կապ չունեն գազի սակագների փոփոխության եւ Իրան-Հայաստան գազամուղի նկատմամբ «Գազպրոմի» հետաքրքրության հետ: Այս դեպում կարեւորը «շատ լինի, քիչ չլինի սկզբունքն է». անշուշտ արտագնա աշխատանքի կլորիկ եկամուտը (5 մլն ռուբլի, 153 800 դոլար) Կարապետյանը չէր փոխարինի Երեւանի քաղաքապետի 300.000 դրամ աշխատավարձով:

Տարվա չափալախը

Այս տիտղոսակիրը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է (հայտնի Լիսկան), ով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սրճարանում  2011- ի նոյեմբերի 14-ին ապտակել էր գործարար Սիլվա Համբարձումյանին: Չնայած նշված հանգամանքն հիմնավորվել էր նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով, ականատեսների վկայություններով ու հյուրանոցի տեսաձայնագրությամբ, բայց եւ այնպես  միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճվել էր: Բանն այն է, որ Ս.Խաչատրյանը իր ցուցմունքում հայտարարել էր, թե զղջում էր կատարվածի համար, իսկ Սիլվա Համբարձումյանն էլ իր ցուցմունքում նշել էր, որ մարզպետի ապտակից մարմնական վնասվածք չի ստացել եւ հրաժարվել է դատաբժշկի ուղեգրից: Փաստորեն, մեր երկրում բոլորը կարող են իրար անպատիժ ապտակել: Որոշ փորձագետներ սա համարեցին ապտակ Հայաստանի իրավական համակարգին, ինչին համակարգը, անկեղծ ասած սովոր է. առաջին անգամը հո չէ՞:

Տարվա շքեղությունը

Դեկտեմբերի 7-ի նախօրեին, երբ Գյումրու տնակներում բնակվող բազմաթիվ անօթեւաններ սպասում էին բնակարաններ ստանալու իրենց հերթին ու այդպես էլ չստացան, քաղաքում շենշող գովազդային պաստառներով ու գովազդային հոլովակով ազդարարվեց ոչ պակաս շենշող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի գործունեության սկիզբը: Աղետից 23 տարի անց քաղաքում առկա տնակների համայնապատկերում՝ քաղաքապետի ընտանիքին պատկանող հյուրանոցը, անշուշտ, զարդարեց ետերկրաշարժյան Գյումրին:

Պատրաստեց Մարինե Պետրոսյանը

Դիտումներ՝ 146