… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

Դժգոհողներ չկա՞ն, թե՞ արդեն ճարը գտել են

soc patet 2
26 Հուլիս, 2012 17:07    |    Հեղինակ` Անի Մկրտչյան


Այս տարվա պետբյուջեով նախատեսված է սոցիալական փաթեթ տրամադրել 120 000 պետական ծառայողների՝ տարեկան 132 000 դրամ ծավալով: Դեռ տարեսկզբին, երբ «սոցիալական փաթեթ» հասկացությունը մուտք գործեց իրականություն եւ պարզ դարձավ, թե ովքեր են օգտվելու ծրագրից, այս ու այն կողմից սկսվեց դժգոհությունների տարափը: Պատճառն այն էր, որ ծրագիրն ուներ որոշ սահմանափակումներ: Սոցիալական փաթեթից չօգտվողներից էին համայնքային հաստատությունների, նաեւ բուժհաստատությունների աշխատակիցները: Եթե առաջինի դեպքում պատճառը հաստատությունների՝ համայնքային ենթակայությամբ գործելն էր, ապա երկրորդի դեպքում՝ բաժնետիրական ընկերություններ լինելը: Փաթեթ ընդգրկվեցին միայն պետական կառույցների ծառայողները: Պետական կառույցներում պատկերն ավելի քան մտահոգիչ էր: Դրանցից՝ պետական դպրոցներում եւ վարժարաններում փաթեթում չընդգրկվեցին գործավարը, համակարգչային օպերատորը եւ նրանք, ովքեր տվյալ հաստատությունում ունեին 6 ամսից պակաս աշխատանքային ստաժ ու կես դրույքից պակաս ծանրաբեռնվածություն:

Գյումրու հանրակրթական հաստատություններում մարտ-ապրիլ ամիսներին, երբ նոր էին սկսել տրամադրել փաթեթներն ու պայմանագրեր կնքել ապահովագրական ընկերությունների հետ, արդեն պարզ էր դառնում, որ շատերի համար  սոցիալական փաթեթի սեփականատեր դառնալը մնալու է երազանք: «Բան չկա, հետո կօգտվեն, բացի դրանից գործընթացը նոր է եւ ոմանց համար դժվար է համակերպվել փաթեթ չունենալու մտքի հետ»,-ընդհանուր բացատրություններն այսպիսին էին գրեթե բոլոր հաստատություների տնօրենների շրջանում: Նույն բնութագիրն է նաեւ այսօր. այս անգամ նրանք խոսում են արդեն փաթեթ ձեռք բերած աշխատակիցների մասին.«Սկզբից պատկերացնում էին, թե ամեն ինչ իրենց ուզածով է լինելու, բայց հետագայում համակերպվում են ու ըստ պայմանագրի շարժվում»: Պայմանագիրը, որը կնքվում է ապահովագրողի եւ ապահովադիրի միջեւ, առաջարկում է որոշ պայմաններ: Ապահովագրական որեւէ ընկերության հետ պայմանագիր պետական հաստատությունը կնքում է՝ ելնելով այդ ընկերության եւ հաստատության աշխատակցի գրավոր համաձայնությունից: Պայմանագիրը գործում է կնքելու 15-րդ օրը եւ շարունակում գործել 365 օր: Փաթեթի նախատեսված գումարը մեկ տարում մեկ անձի համար կազմում է 132 000 դրամ: Բժշկական ապահովագրության համար սահմանված է պարտադիր բազային ծածկույթ՝ 52 000 դրամ. մեկ տարվա կտրվածքով այն կազմում է 3 մլն 800 հազար դրամ: Փաթեթից կարող են օգտվել շահառուի կինը կամ ամուսինը եւ նրա մինչեւ 27 տարեկան չամուսնացած երեխաները:

Առողջապահական փաթեթում ներառված բժշկական որոշ ծառայությունների կողքին կան երկու տասնյակից ավելի հիվանդություններ ու ախտորոշումների տեսակներ, որոնք ենթակա չեն փոխհատուցման՝ հոգեկան հիվանդությունները, ալկոհոլիզմը, թմրամոլությունը, ՄԻԱՎ/ՁԻԱՀԸ, պետպատվերի շրջանակում ընդգրկված հիվանդություններ, ողնաշարի միջողնային սկավառակների ախտահարումներ եւ այլն: Սակայն բացառություններ այս հարցում եւ աջակցություն քաղաքացիներին դրսեւորել են ԱՊՊԱ-ները: Դրանցից, օրինակ, «Շիրակի մարզային գրադարան ՊՈԱԿ»-ի աշխատակիցներին ողնաշարի ախտորոշում բացառության կարգով կատարել են հանրապետության բժշկական կենտրոններից մեկում՝ հանուն այն բանի, որ եկել-հասել են Գյումրուց:

Իսկ ինչպե՞ս է իրականացվում բժշկական ապահովագրությունը: Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցից բացատրում են, որ իրենք այս մասին պայմանագիր ունեն «ԻնգոԱրմենիա» եւ «Ռեսո» ապահովագրական ընկերությունների հետ: Ըստ պայմանագրի եւ իրականացվող բուժզննումների ցանկի էլ իրականացվում է բժշկական ապահովագրությունը: Բուժումն ավարտելուց հետո հիվանդանոցը հաշիվ-ապրանքագիր է ներկայացնում, ինչի հիման վրա էլ ԱՊՊԱ-ն հիվանդանոցին սահմանված ժամկետում փոխհատուցում է գումարը:

Սոցիալական փաթեթն իր մեջ ներառում է ոչ միայն հիշյալ բժշկական պարտադիր ապահովագրությունը, այլ նաեւ հիպոթեքային վարկի ամենամսյա վճարի մարում, ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճար, հանգստի կազմակերպում ՀՀ եւ ԼԶՀ տարածքում:

Ներկայում ընտանիքի 3 անդամների հետ իր հանգիստն է անցկացնում Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի ուսուցչուհի Ամալյա Մինասյանը: Սոցիալական փաթեթից իրեն բաժին հասած 32 000 գումարին ընտանիքն ավելացրել է 105 000 դրամ լրացուցիչ գումար, որպեսզի 4 հոգոց բաղկացած ընտանիքը 3 գիշեր կամ 4 օր երեքանգամյա սննդով հանգիստանա Ծաղկահովտում: Բնականաբար, Մինասյանների նման շատ ընտանիքներ եւս կլինեն, ովքեր կնախընտրեն հանգստանալ միասին, հետեւաբար վճարել այն տուրիստական ընկերությանը, որը խոստացել է իրականացնել հանգիստը: Ապահովագրական յուրաքանչյուր ընկերություն շահառուին ծանոթացրել է հանգիստ անցկացնելու վայրերի ցանկը, որը ներկայացված է նաեւ ՀՀ էկոնոմիկայի կայքէջում: Իսկ ԿԳՆ պաշտոնական կայքէջում էլ ներկայացված են սոցիալական ապահովության փաթեթներում ընդգրկված ուսումնական հաստատությունների ցանկը. կարեւորություն տրվել է պետական եւ հավատարմագրված ոչ պետական հաստատություններին: Այսինք, եթե շահառուն ուզում է հանգստանալ այնտեղ, որտեղ սիրտն է ուզում, սակայն չի գտնում այդ վայրը սահմանված ցանկում, ստիպված է նման մի բան ընտրել կամ լուռ համակերպվել: Խնդիրն այլ է մեկ այլ դեպքում: Եթե շահառուի երեխան չի սովորում այն հաստատությունում, որը ԿԳՆ հաստատված ցանկում չկա, ապա փաթեթի այս տարբերակից ինչպե՞ս է օգտվելու: Գյումրիում նման խնդիրների հանդիպողների կարելի է ասել չգտանք կամ կային պարզապես մի ճար գտել էին ու հարկ չէին համարում խոսել: Ի դեպ, սոցիալական փաթեթի վերաբերյալ դիմում-բողոքներ մինչ երեկ չեն եղել ՄԻՊ-ի ու ՇՊԱԿ-ի Գյումրու գրասենյակներում:

Ի սկզբանե հայտարարվում էր, որ սոցիալական փաթեթի նպատակը աշխատակիցների սոցիալական կարիքների բավարարումն է, կադրերի արտահոսքի նվազումը: Սա, իհարկե, միայն փաթեթից օգտվողների համար: Պետական հանրակրթական հաստատություններում  փաթեթից կարող են օգտվել երկար տարիների աշխատանքային ստաժ ունեցողներն ու բարձր վարձատրվողները: Իսկ ի՞նչ անեն այն քաղաքացիները, ովքեր չունեն թե մեկը, թե մյուսը: Արդյո՞ք այս դեպքում կադրերի նվազման ճանապարհը միակողմանի չէ՞ կամ ինչքանո՞վ է իրական:

Անի Մկրտչյան

Դիտումներ՝ 90