Հին Հայաստանում Նավասարդի 1-ը, այսինքն` օգոստոսի 11-ը, եղել է համազգային տոն: Այդ օրը հայ ժողովուրդը մեծ շուքով, խրախճանքներով, ձիարշավներով ու բազմապիսի խաղերով տոնել է Նոր տարին: Նավասարդին նվիրված տոնակատարությունները տեւում էին օրեր:
Մեծ խրախճանքներ ու տոնախմբություններ էին լինում հատկապես Բագավանում եւ Աշտիշատում: Բագավանը հանդիսավոր տեսք էր ստանում, տոնակատարությանը ներկա էին լինում թագավորը, իշխանական դասը եւ ժողովուրդը: Ուխտավորները զոհաբերության համար այստեղ էին բերում խոյեր, աղավնիներ, խոշոր եղջերավոր անասուններ: Նավասարդի տոնախմբությանը հավաքված բնակչությունն իր հետ բերում էր տարվա պտուղների առաջին բերքը: Կար նաեւ երդիկներից գույնզգույն տոպրակ կամ գուլպա կախելու սովորույթը: Ակնկալվում էր, որ դրանցում լինելու էին Նոր տարվա նվերներ:
Քրիստոնեության պաշտոնապես ընդունումից հետո, ինպես աշխարհի շատ երկրներում, հայ ժողովրդի ավանդական տոնացույցում եւս կատարվեցին փոփոխություններ:
-Երբ տոմարային փոփոխություններ տեղի ունեցան եւ Ամանորը կամ Նոր տարին սկսեցին նշել հունվարի 1-ին, Նավասարդյան տոնակատարությունները ժողովրդի կենցաղից կամաց-կամաց դուրս մնացին,-ասում է ազգագրագետ Կարինե Բազեյանը:- Արդեն 19-րդ դարում Նավասարդը ոչ թե տոնում, այլ նշում էին հոկտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում: Այդպես էր Գանձակում, Վարանդայում, Նախիջեւանում, Գողթնում, այսինքն` հիմնականում Արեւելյան Հայաստանում:
Նավասարդը 19-րդ դարի վերջին համընկնում էր տնտեսական տարվա, երկրագործական եւ անասնապահական գործունեության ավարտի հետ: Այդ պատճառով ժողովրդի մեջ հայտնի է նաեւ Նախրաթող անունով:
Ինչպես ցանկացած տոն, Նավասարդի ժամանակ մատուցվում էին ավանդական ճաշատեսականներ. Նախիջեւանի, Երեւանի գավառներում` հարիսա, Արցախում` քյաշկա, Գողթնում եւ Շիրակում` նաեւ խաշ: Արարատյան դաշտում եւ Մեղրիում իրենց հյուրերին բազմատեսակ չրեր էին հյուրասիրում: Նոր ամուսնացած զույգերի ծնողները չրեր ու մրգեր էին ուղարկում իրենց խնամիներին: Տանտիկինների կողմից թխվում էին խմորեղեններ` գաթա, նազուկ, բիշի: Իսկ ամենակարեւորը տիրող լավ տրամադրությունն էր ու այդ օրը միմյանց ներելու սովորույթի պահպանումը:
Այսօր քչերն են հիշում, որ օգոստոսի 11-ը Նավասարդի տոնն է, շատերի համար դա ուղղակի շաբաթվա սովորական օրերից մեկն է: Այս տոնը ծագումով գալիս է ժողովրդի ձեւավորման շրջանից եւ իր մեջ կրում է մեր ազգային սովորույթներից, դիմագծից ինչ-որ մի մաս:
Ալիսա Հակոբյան
Լուսանկարում` Մ.Սարյանի գեղանկարներից մեկն է




