Վերջերս Գյումրին հակոտնյա գաղափարների, թեր ու դեմ կարծիքների, գաղափարական բախումների (ոչ միայն՝ գաղափարական), ինչ- որ բանի դեմ բողոքելու ու բողոքով իր ձայնը բարձրացնելու պակաս չունի: Սա ողջունելի է: Նշանակում է՝ Գյումրին վերջին շրջանին բնորոշ պասսիվությունը կոտրում է ու վերագտնում իրեն: Բայց անհրաժեշտ է միայն հստակեցնել բողոքելու ու ինչ-որ բանի դեմ պայքարելու ճշգրիտ սահմանը:
Ապրիլի 23-ին Գյումրին դարձյալ նույն հակոտնյա իրողությունների ու «պայքարի» այլըտրանքի առաջ էր կանգնած: Գրեթե նույն ժամին երկու կարեւոր իրադարձություն գյումրեցիներին երկու՝ ուրախացողների ու սգացողների թեւերի էր բաժանել: Մի կողմում Դաշնակցությունն ու վերջինիս հետեւորդ ու չհետեւորդ երիտասարդությունն էր՝ իր ավանդական դարձած ջահերի երթով եւ թուրքերի կողմից իրականացրած ցեղասպանությունը դատապարտող կոչերով, մյուս կողմում՝ Արամեն ու նրա երիտասարդ ու ոչ երիտասարդ երկրպագուները՝ ռիթմիկ երգերի հավաքածուով ու գյումրեցիներին ուրախացնելու մեծ ցանկությամբ:
Այս հակոտնյան, սակայն, ի տարբերություն նախորդների, սոցիալական կայքերում ծավալված քննարկումների շրջանակից դուրս չեկավ: Մյուսների նման Արամեին ու համերգի մասնակիցներին դավաճան չպիտակեցին, ոչ էլ քաղաքից քշելու փորձեր արեցին: Ու մինչ սգերթի մասնակիցները Հակոբ Մծբնեցի եկեղեցու տարածքում թուրքական դրոշ այրելով ու հարյուրավոր ջահեր վառելով մեռյալների հիշատակն էին ոգեկոչում, երգիչն իր հիթային զվարթ երգերով դրամատիկական թատրոնում իսկական տոն ու «տժժոց» էր սարքել ու պարեցնում էր գյումրեցիներին:
Արամեն թատրոնից հեռացավ այն պահին, երբ երթը մոտենում էր դրամատիկականի շենքին, այդպես էլ թերեւս չիմանալով ոչ ջահերով երթի, ոչ էլ իր համերգը բոյկոտելու ցանկություն ունեցողների մասին:
Դաշնակցականներից մեկն էլ նշեց, թե Արամեն նույն Վանյանն է, մի տարբերությամբ, որ Վանյանին Բրիտաանական դեսպանատունն է հովանավորել, Արամեին՝ Հայաստանի մշակույթի նախարարությունը:
Դե, երեւի այս դեպքում պաշտոնական ամեն թույլտվություն վեր է բոլոր քննարկումներից ու բողոքի ակցիաներից:
Մարինե Պետրոսյան




