… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

Պոետ՝ արեւը հոգում

001
27 Ապրիլ, 2012 17:04    |    Հեղինակ` Մարինե Պետրոսյան


«Հետչարենցյան շրջանի մեր ամբողջ գրականությունը բարձրացել է Հովհաննես Շիրազի ողնաշարի վրա». տարիներ առաջ բնաստեղծին այսպես է բնորոշել գրականության մեր մյուս բարձունքը՝ Պարույր Սեւակը:

1914 թ ապրիլի  27-ին (որոշ աղբյուրներում՝ նաեւ՝ 26-ին) Գյումրիում ծնվել է մայրերգության ու Մասսի մեծագույն երգիչը՝  Հովհաննես Շիրազը: Նա այսօր կդառնար 98 տարեկան:

-Շիրազն հայ բանաստեղծության մեջ ունի այն դերն ու նշանակությունը, ինչ Րաֆֆին հայ վիպասանության մեջ: Այսինքն՝ եւ բարձր գեղարվեստական արժեք, եւ ազգային զարթանքի մունետիկ,- հայ գրականության պատմության մեջ Շիրազի  դերն է կարեւորում բանաստեղծ Սերգեյ Վարոսյանը, ապա խոսելով ժամանակակից պոեզիայում  բանաստեղծի ազդեցության մասին՝ ավելացնում:- Ինչպես Շիրազը Սիամանթոյից ու Վարուժանից է ազդվել, այնպես էլ ինքն իր ազդեցությունն ունի այսօրվա գրականության վրա, բայց այդ ազդեցությունն այնքան էլ մեծ չէ: Ու առհասարակ բոլոր պոետներն էլ ազդեցություն ունենում են հաջորդ սերունդների գրականության վրա:

Ամեն տարի բանաստեղծի մահվան ու ծննդյան օրերին հայրենի քաղաքում գտնվող տուն-թանգարանում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում, հիշվում ու գնահատվում մեծանուն բանաստեղծի վաստակը հայ գրականության անդաստանում:

Շիրազի հուշատուն-թանգարանը Գյումրիում սկսել է գործել 2003 թ. սեպտեմբերից: Տունը պոետը նվեր է ստացել 1983-ին, բայց նրան այդպես էլ բախտ չի վիճակվել ապրել այնտեղ:

Թանգարանում բանաստեղծի անձնական իրերն են, ձեռագրերն ու տպագիր գործերը: Կարեւոր մասունքներ են նաեւ թանգարանին նվիրաբերված նշանավոր արվեստագետների՝ Մ.Սարյանի, Ս.Փարաջանովի, Ա.Շիրազի, Ս.Շիրազի եւ այլոց աշխատանքները:

Մարինե Պետրոսյան

Դիտումներ՝ 151