… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

Փոսերը լցնում են, բայց ճանապարհները քանդված են մնում

DSC03736
25 Ապրիլ, 2012 20:04    |    Հեղինակ` Ալիսա Հակոբյան


Գյումրու Պուշկին փողոցի որոշ բնակարաններ արդեն երկու օր ջուր չունեն: Այդ փողոցի վրա ջրագծերի նորոգման աշխատանքներ են կատարվում: Մի քանի տեղերում փոսեր են փորված եւ ժապավեններով փակված: Բնակիչներից մեկը նշեց, որ վերջին 10 օրվա ընթացքում ինչ-որ ստուգումներ են եղել, եւ հնարավոր է ջրի հետ խնդիրներ են առաջացել եւ դա է պատճառը, որ ջուր չունեն:

Սակայն «Շիրակ-Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ից նշեցին, որ իրենք տեղյակ չեն, որ որոշ բնակիչներ ջուր չունեն՝ իրենց չեն դիմել այդ հարցով: Իսկ ինչ վերաբերում է ջրի ստուգումներին, ապա դրանք սովորական ստուգումներ են, որոնք անընդհատ կատարվում են՝ ջրի որակը վերաhսկելու համար  եւ ջրի հետ կապված որեւէ խնդիր չկա:

Նոր ջրագծերի անցկացման աշխատանքներ են կատարվում նաեւ Մազմանյան փողոցում: Այստեղ, ինչպես նշեցին բնակիչները, հին ջրագծերը դեռ գործում են եւ կատարվող աշխատանքները չեն խանգարում ջրամատակարարմանը: Այն շուրջօրյա չէ, բայց որոշակի կոնկրետ ժամերի միշտ ջուր կա: Բնակիչները գոհ են, որ աշխատանքներ են կատարում, բայց դժգոհում են նրանից, որ աշխատանքները ավարտին լիարժեք չեն հասցվում: Ցույց են տալիս այն տարածքները, որտեղ մի քանի օր առաջ են ավարտվել նոր ջրագծերի անցկացման աշխատանքները:

-Երեք օր առաջ են վերջացրել: Փոսերն, ինչպես տեսնում եք՝ լցրել են, խոսք չունենք, բայց մի հատ անձրեւ որ գա, վերջ, էս փողոցով անցնել չի լինի,-ասում է Մազմանյան փողոցի բնակիչներից մեկը:- Առաջ փողոցն ավելի բարվոք վիճակում էր: Աշխատանքները կատարելուց հետո լավ կլինի ասֆալտապատեն: Թե չէ քանդում են ու էդպես թողնում:

Մյուս բնակիչը հավելում է. «Որ կողմն էլ նայես՝ նույն իրավիճակն է, ամեն տեղ նույն ձեւով են աշխատանքները կատարում, այսինքն՝ որոշ առումով կիսատ են թողնում»:

Այսպես, թե այնպես՝ Մազմանյան փողոցում աշխատանքները դեռ շարունակվում են, թե կոնկրետ երբ են ավարտվելու եւ նոր ջրագծերը երբ են գործի դնելու՝ տարածքում աշխատողները դժվարանում են նշել: Կես կատակ, կես լուրջ նշում են. «Էս տարի հա էլ էստեղ ենք»:

Ալիսա Հակոբյան

Դիտումներ՝ 97