Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը լրագրողներին հավաստիացրեց, որ եկող տարում ոչ մի արտառոց բան չի լինի, եթե, իհարկե, մի այնպիսի բան չլինի, որի մասին մարզպետարանը տեղյակ չլինի: Անդրադառնալով Շիրակի մարզի արդյունաբերական արտադրանքի 60 տոկոսով ծավալի աճին, նա ասաց, որ պետք չէ թերահավատորեն վերաբերվել իր հաշվետվության մեջ բերված այդ ցուցանիշին: Իսկ այն հարցին, թե գուցե զրոն պետք էր վեց թվի առջեւ՞մ լիներ, նա լիաթոք ծիծաղեց եւ նկատեց, թե այդ համեմատությունը գնահատում է որպես նախատոնական կատակ: Իսկ այնուհանդերձ, մի քիչ շատ չէ՞ աճի բնութագրման համար, ճշգրտեց «Մենք՝ շիրակցիներս, գլուխգովան ժողովուրդ ենք, է,՜ թո՜ղ շատ լինի, ի՞նչ է եղել»:
Իսկ այն, որ մարդիկ սպասում էին բնակարաններին, բայց դրանք այս տարի շահագործման չհանձնվեցին, դա, ըստ մարզպետի, իր պատճառաբանությունն ուներ. «Բնակարանները պատրաստ չէին, տանեինք այդ մարդկանց չավարտված շենքե՞րը մտցնեինք: Մոտ երկու ամսից շահագործման կհանձնվեն, ու մարդիկ իրենց բնակարանները կստանան, դրանում առանձնահատուկ բան չկա»: Նույնն էլ նոր հիվանդանոցի կառուցման հարցում էր, երբ մարզպետը շինարարի հետ գրազ էր եկել, որ ժամկետում չի տեղավորվի: Հենց այդպես էլ եղավ՝ չտեղավորվեց «Բայց ոչինչ, դա հանցագործություն չէ, թող մի քիչ ժամկետը ուշանա, բայց հիվանդանոցը կառուցվի՚:
Ա. Գիզիրյանը չի կարծում, որ մարզը գործազուկների թվով առաջատարի դիրքերում .ՙ Եկեք լավատես լինենք , մշտապես չասենք, թե մարզը աղքատ է, ինչքան այդպես ասենք, ավելի կաղքատանա: Գիտե՞ք երբ է վատ լինում, երբ ղեկավարն իր տեղում չի լինում: Կներեք, խոսքը իմ մասին չէ, դա ինձ չի վերաբերում՚: Հետո մտածեց ու ավելացրեց, թե գուցե իրեն էլ է վերաբերում՝ այն չափով որ կարողանա մարզում համակարգել աշխատանքը»:
Համայնքապետերին աշխատանքից ազատելը ամենավերջին ձեւն է համարում՝ պրոֆիլակտիկ միջոցով պետք է մարդուն կարգի հրավիրել: Եթե մարդը չի ուղղվում, նրան պետք է պատժել: Մարզպետի համար մյուս կարեւոր հանգամանքը համայնքապետի փողկապ կապելն է, դրանում վատ բան չկա: Հարցը այն չէ, թե ՙմարդը գալստուկ չի կապում կամ թրաշ է թողնում, հարցն այն է, որ հա՜մ համայնքի բնակիչներին է ասում, որ ինքը պաշտոնյա է, հա՜մ՝ իր նկատմամբ հարգանքով լցվում՚:
Իմ այն հարցին, թե գեներալ լինելն օգնու՞մ է մարզպետին, նա արագ մտածեց ու ասաց ՙԳեներալ լինելն ամեն ինչին է օգնում՚:
«Հնարավո՞ր է գեներալ մարզպետը որոշի ԱԺ պատգամավոր ընտրվել՚: Պարզվեց, նա էլ է այդ մասին մտածել, հետո հանգել է այն եզրակացության, որ դեռ երիտասարդ է, հետո կմտածի այդ մասին, եթե իհարկե, շիրակցիները խոստանան իրեն ընտրել: Իմ հարցին, թե կարելի՞ է դա խոստովանություն համարել, որ իր համար ԱԺ-ն թոշակառուների տեղ է, պատասխանեց «Այդպես ստացվեց», բայց եթե ավելի լուրջ՝ ապա այդպես չի կարծում:
Գեներալը մականունավորների նկատմամբ իր վերաբերմունքն ընդգծելով, նշեց՝ ո՞նց կարող է մականունավորներին ընդունել, էն էլ ինքը, չի ընդունում: Ընտրությունների նախաշեմին համայնքապետերին կողմնորոշիչ հրահանգներ չեն լինելու, իր բնույթն այնպիսին է, որ առաջնորդվում է համոզելու եւ պարտադրելու սկզբունքով: Աշխատելու է համոզելու տարբերակով, եթե չստացվեց մյուս տարբերակին է անցնելու: Ամանորի տոներին գյուղապետերին չի պատրաստվում հյուր ընդունել, դա արգելելու է ընդհանրապես: Միայն ընտանիքի անդամների եւ հարազատների հետ է անցկացնելու տոները՝ որոշված է: Ոչ թե այն պատճառով, որ հյուրասեր չէ, այլ դա պարզապես հոգնեցնում է:
Սամվել Հունանյան




