«Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի նախորդ համարներում անդրադարձել էինք 70-ամյա Սվետլանա Լալայանի հարազատների գերեզմանատեղիի մաքրման խնդրին: Տարեց կինը կրկին դիմել էր մեզ, որ իր հարազատների գերեզմանատեղի մոտ էլի աղբ են թափել: Վերջինս խոստացել էր մեզ հետ կրկին այցելել թիվ 2-րդ գերեզմանոց, որպեսզի մենք լուսանկարենք գերեզմանատեղի շրջակայքը: Վատառողջ լինելու պատճառով տիկին Սվետլանան չէր կարողացել մեզ հետ գալ գերեզմանոց: Ոստի մենք դիմեցինք գերեզմանոցի վերակացուին` Արամին, ով խոստացավ մաքրել գերեզմանատեղի շրջակայքը:
-Այս անգամ էլ կմաքրենք, սակայն համապատասխան տեխնիկայի բացակայության պատճառով միշտ չէ, որ կարող ենք այդ աշխատանքներն իրականացնել: Այստեղ պահակ չկա, ոչ էլ տրանսպորտ, որ աղբը տանենք դուրս, թափենք: Աղբը կթափեմ, աղբարկղն էլ կտանենք, որ այստեղ էլ աղբ չբերեն, թափեն,-մեզ հետ զրույցում ասաց գերեզմանոցի վերակացուն:
Խնդրի կապակցությամբ դիմեցինք Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանին: Մեր այն հարցին, թե գերեզմանոցների մաքրման աշխատանքները համա՞յնքն է իրականացնում, թե ոչ, վերջինս ասաց, որ գերեզմանոցները աղբից մաքրելու համար քաղաքապետարանը մի քանի անգամ շաբաթօրյակներ է կազմակերպել, սակայն կան անբարեխիղճ մարդիկ, ովքեր իրենց գերեզմանոցի աղբը տանում, ուրիշի գերեզմանոցի մոտ են լցնում: Այդ դեպքում, ոչ ոք չի իմանում, թե ով բերեց, աղբը թափեց:
-Պետք է պահակ կանգնես, որ իմանաս, թե ով է աղբը թափում: Թաղման բյուրոն՝ («Հավերժ Հիշատակ» ընկերությունը) քաղաքապետարանին ենթակա կառույց չէ, ինքնուրույն ՓԲԸ է,-ասաց Լ.Աղեկյանը:
Ըստ իրավաբան Կարեն Թումանյանի, եթե գերեզմանոցները պատկանում են համայնքին, համայնքն է պատասխանատվություն կրում դրանց մաքրման աշխատանքների համար, իսկ եթե ինչ-որ մասնավոր ընկերության են պատկանում, ուրեմն տվյալ ընկերությունն է պատասխանատու:
-Գերեզմանոցների աղբահանության անմիջական պատասխանատուն հանդիսանում է Թաղման բյուրոն, որը եւ տարածքների հատկացման եւ պահպանման հսկողությունն է իրականացնում, յուրաքանչյուր գերեզմանատուն էլ իր պահակներն ունի,-ասում է փաստաբան Գայանե Գեւորգյանը:
Նշենք, որ ըստ հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին օրենքի, գերեզմանատները կազմավորվում են տեղական ինքնակառավարման մարմինների որոշմամբ: Դրանց գործունեության եւ պահպանման աշխատանքները կազմակերպում է համայնքի ղեկավարը: Հուղարկավորության կազմակերպումը` գերեզմանատների տրամադրումը, դրանց հաշվառումը, պահպանումն ու շահագործումը իրականացվում է համայնքի ղեկավարի կողմից ստեղծված ոչ առեւտրային կազմակերպության միջոցով:
Անահիտ Սիմոնյան





