… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

Մեկ օր` լռության մեջ խորհելու համար

Bald woman with her fingers in her ears
05 Մայիս, 2012 00:05    |    Հեղինակ` Լիլիթ Թովմասյան


Վերջապես.. Նախընտրական քարոզչությունն ավարտված է ու այսօր հաճելի լռություն է: Իսկ աղմուկը, որ խլացրել էր ամեն ինչ` մասնակի ժամանակային եւ տրամադրության փոփոխություններով,  վերստին ամեն ինչ կխլացնի մայիսի 7-ի առավոտից` մի քանի օրով: Հարթակներից, հեռուստաեթերից, թերթերից, համացանցից, շենքերի պատերից, փողոցային պաստառներից ու էլի շատ տեղերից «թափվող» աղմուկն այս անգամ կհնչի  մեկ որպես «շնորհակալություն վստահության համար», մեկ էլ`«սխալվեցիք ժողովուրդ» կամ «անարդար էր ամեն ինչ» ենթատեքստերով:

Ու ինչքան էլ աջ ու ձախ բոլոր քաղաքական ուժերը վստահեցնում էին, որ հոգնել է ժողովուրդը փուչ խոսքերից, զազրախոսությունից ու անիմաստ ճառերից, այնուամենայնիվ, այդ նույն քաղաքական ուժերը չալարեցին խոսել: Ով ինչքան կարող էր, ինչ կարող էր ու ինչպես կարող էր` խոսեց, պատմեց,  բացատրեց, խնդրեց, վստահեցրեց, հորդորեց` ապացուցելու համար, որ հենց ինքը կամ իր կուսակցությունն է ամենափրկիչը հայոց:

Կես րոպեանոց հեղափոխություններ, վստահելու, հավատի, փոխելու ու փոխվելու կոչեր, բազմամարդ ցույցեր, հանրահավաքներ, ոտքով կամ ամենաշքեղ ավտոմեքենաներով ու թիկնազորի տասնյակ անդամներով ողջ Հայաստանը շրջած թեկնածուներ ու կուսակցության ղեկավարներ, տնետուն կամ փողոցից-փողոց քայլարշավ-քարոզարշավներ, մեկ տարում անճանաչելի Հայաստան ունենալու հավաստիացումներ, մեկ ամսում` կրկնակի չափով աշխատավարձն ու կենսաթոշակը բարձրացնելու վստահեցումներ,  արժանապատիվ աշխատավարձով արժանապատիվ աշխատանք ու կյանք ունենալու խոստումներ, հրապարակներ եկած կամ բերված քաղաքացիներ,գյուղամիջյան զրույցներ, ծափ ու ծիծաղ, էստրադային երգիչներ, փուչիկներ ու գունավորված,գունազարդված PR. եւ այս ամենը մայիսի 6-ին հայ ժողովրդի կյանքում եւ զարգացման գործընթացում նոր էջ բացելու «ինքնաբուխ մղումով»:

Ժողովուրդը այս աղմուկը համբերատար լսեց, չհավատալով, բայց լսեց: Հասարակական, միջազգային, դիտորդական առաքելություն կամ սոցիոլոգիական հետազոտությունններ իրականցնող կազմակերպությունները վերլուծություններ արեցին, թվեր ու տոկոսներ հրապարակեցին, գնահատականներ տվեցին ու հիմա սպասում են ժողովրդի որոշմանը` նույն բանն արդեն մայիսի 6-ին գրանցված տվյալների հետ անելու համար:

Այսօր լռության օր է, վաղը հայ ժողովուրդը կկատարի իր ընտրությունը:  Թե ի՞նչ կլսենք  հետընրտական զարգացումների ընթացքում, հավատախա՞բ, թե՞ հուսավառ ժողովուրդ կունենանք մայիսի 7-ի առավոտյան, նու՞յնը, թե՞ տարբեր կլինեն այս ընտրությունները` նախորդների համեմատ, արդյո՞ք մայիսյան հաղթանակներին հայ ժողովուրդը կգումարի խորհրդարանական ընտրությունների ելքը` որպես իր երազած պետության մեջ արժանապատիվ ապրելու երաշխիք եւ  նոր կյանքի սկիզբ  եւ ո՞ր կուսակցությունները սիրտ ու տրամադրություն կունենան ընտրություններից մեկ օր անց նշելու մեր փառահեղ հաղթանակի` Շուշիի աշատագրման 20-ամյակը. ամեն ինչ պարզ կլինի հաշված ժամերից:

Իսկ այսօր լռությամբ խորհելու եւ  ճիշտ կողմնորոշվելու օր է: Խաղաղ ու անցնցում ընտրություններ մեզ` բոլորիս:

Մայիսյոթյան անխռով առավոտի ակնկալիքով`

Լիլիթ Թովմասյան

Դիտումներ՝ 54