67 տարի առաջ Խորհրդային Միության կազմի մեջ մտնող բոլոր ժողովուրդները ֆաշիզմի դեմ պայքարելու հերոսական ձգտումով, փայլուն հաղթանակ տարան Հիտլերյան Գերմանիայի դեմ մղված՝ մարդկության պատմության մեջ չտեսնված ամենադաժան պատերազմում:
Հաղթանակին նպաստեց ինչպես երկրի ղեկավարության ու բանակի հրամանատարության՝ պատերազմում հաղթելու վճռականությունը, այնպես էլ խորհրդային ժողովուրդների անսասանությունն ու միասնականությունը: Առաջին աշխարհամարտից հետո Գերմանիայի կողմից սանձազերծված երկրորդ համաշխարհային պատեարզմն աննախադեպ էր մարդկության պատմության մեջ իր մասշտաբներով, զոհերի թվով:
Այն աչքի ընկավ չտեսնված խոշորամասշտաբ, արյունահեղ ճակատամարտերով, ինչպիսիք էին Ստալինգրադի ճակատամարտը, Կուրսկի տանկային ճակատամարտը: Պատերազմի հետեւանքով զոհվեց մոտ 50 մլն, հաշմանդամ դարձավ 90 մլն-ից ավելի մարդ: Պատերազմին մասնակցեցին բազմաթիվ հայորդիներ: Հայ ժողովուրդը ունեցավ հարյուրից ավելի հերոսներ, հմուտ զորավարներ, շատերը իրենց ծառայությունների համար արժանացան տարբեր կոչումների:
Ավանդույթի համաձայն, մայիսի 9-ին Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրում տեղի ունեցավ ՀՀ Զինված ուժերի եւ Գյումրիում տեղակայված ՌԴ սահմանապահ եւ 102-րդ ռազմաբազայի զինվորների համատեղ շքերթը: Հնչեցին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության օրհներգերը: Մարզային, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, զինվորականները ծաղկեպսակներ դրեցին Մեծ Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված Անմար կրակի մոտ:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչները, Գյումրիում ՌԴ հյուպատոս Վասիլի Կորչմարը, պատերազմին մասնակցած վետերաններ, 102-րդ ռուսական ռազմաբազայի զինվորականներ, Երկրապահ կամավորականների միության անդամներ: Իր խոսքում Վ.Կորչմարն ասաց, որ հաղթանակի օրը մեր հուշերում կմնա հավետ, քանի որ այն սովետական զինվորի կողմից ձեռք է բերվել մեծ դժվարությամբ:
-Հայերը մյուս խորհրդային ժողովուրդների հետ մեծ ներդրում ունեցան այս հաղթանակի համար: Այսօր որ մենք խաղաղ վիճակում ենք ապրում, պետք է շնորհակալություն հայտնենք վետերաններին,-ասաց Վ.Կորչմարը:Վետերան Աղասի Զավարյանի խոսքերով, վետերանների թիվը մարզում շատ քիչ է՝ 120 մարդ, որոնցից միջոցառմանը ներկա էր 30-ը:
-Մեր վետերանները կռվել են Ստալինգրադի եւ Կուրսկի ճակատամարտերում, գրոհով վերցրել Քյոնիքսբերգը, Բեռլինը: Կանցեն տարիներ, հարյուրամյակներ, հազարամյակներ, անցյալը երբեք չի մոռացվի,-ասաց նա:
102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Օլեգ Սմիրյոնովն ասաց, որ մեր վետերանների հաղթանակի շնորհիվ այսօր ապրում ենք խաղաղ, հզոր պետություններում: Մեծ Հայրենական պատերազմի վետերան, 86-ամյա Արմենակ Գալոյանի խոսքերով, ինքը կռվել է Ռումինիայում, Հունգարիայում, Չեխոսլովակիայում, մասնակցել է երկրորդ աշխարհամարտի վերջում նաեւ Ճապոնիայի դեմ մղված ճակատամարտին:
Ծառայել է Ճինաստանում, մասնակցել Արցախյան պատերազմին:
Գյումրու քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանի խոսքերով, քաղաքապետարանը միշտ աջակցելու է վետերաններին՝ իրենց հուզող խնդիրների լուծման համար:
Պատերազմի 1-ին կարգի հաշմանդամ, 89-ամյա Ժորա Պողոսյանը 1943 թվականից ռազմաճակատում է եղել եւ, իր խոսքերով, երբեք չէր ցանկանա, որ մատաղ սերունդը երբեւէ տեսներ այն, ինչ տեսել են իրենք:
-Գյումրիում ընդհամենը 90 վետերան է մնացել:
Ճիշտ է, ավանդները տվել են, բայց եղած գումարն էլ կոմունալ ծախսերի համար եմ տալիս, տակը բան չի մնում,-ասում է վետերանը:
Անահիտ Սիմոնյան





