… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

Մայիսի մեկ. տոն առանց տոնակատարության

Vilik2
01 Մայիս, 2012 21:05    |    Հեղինակ` Սոնա Առաքելյան


Խորհրդային տարիներին մեծ շուքով տոնվող աշխատավորի օրը` մայիսի 1-ը, այսօր կարծես մոռացության է մատնվել: Տոնը նախկինի նման տոնելու հույսով երեկ շատերն էին շտապել քաղաքի կենտրոն, բայց օրվա տոնականության մասին հիշեցնող ոչինչ չտեսնելուց հետո` հուսախաբ գնացել ամենքը մեկ ուղղությամբ: Հին ու բարի ժամանակներում տոնը մեծ շուքով նշող տարեցները տոնի մասին պատմում էին իրենց հիշողությունները թարմացնելով:

Վիլիկ պապ, 79 տարեկան. «Ի՞նչ տոն, այգու մեջ նստած ենք, ոչ պառադ ենք գնացել, ոչ էլ: Առաջ էնպես էին տոնում, որ դահուլ-զուռնով մարդիկ ուրախանում էին: Ներկայումս աշխատատեղ չկա, աշխատավոր չկա, էլ ի՞նչ տոն: Ես ֆիզիկապես առողջ եմ, ոտով ձեռով, կարող եմ նաեւ աշխատել, բայց տարիքս մեծ է, ինձ պահակի աշխատանք էլ չեն տա: Ես հաստոց ունեի, արտադրություն դրեցի ու դրանով 5 ընտանիք ապրուստի միջոց կունենար, բայց եռաֆազ հոսանք էր պետք: Գնացի էլցանց, 450.000 ուզեցին, ասեցի քաշեք, կամաց-կամաց կմուծեմ փողըª չհամաձայնվեցին: Այսօր համ ես չունեմ աշխատանք, համ էլ՝ հնարավորություն չունեցա գոնե 5 հոգու աշխատանքով ապահովել»:

Ալեքսան Խաչատրյան, 89 տարեկան. «Ինձ համար այս օրը ժամանակին ամենալավն է եղել: Առավոտ գնում էինք շքերթի, հետո էլ քեֆ-ուրախությամբ շարունակում տոնը: Մայիսի 1-ը սովետի ժամանակ ամենալավ օրն էր, սովետը փլվավ, էս օրը էլ հետը վերացավ: Սովետական պետությունը օրինական պետություն էր: Հիմա ոչ ոք չի հիշում, չի նշում մայիսի 1-ը, մենակ հեռուստացույցով մի հատ ասեցին, որ վաղը մայիսի մեկն է ու վերջ՝ տոնն այդքանով սահմանափակվեց: Հիմա Գյումրիում աշխատանք էլ չկա, ուր մնաց աշխատավորի օր ու տոն լինի»:

Թամարա 55, տարեկան. «Ինչ ասեմ՝ թոռներիս առել, գնում եմ այգի, ուրիշ ոչինչ: Տանից դուրս գալուց առաջ ես նրանց ասացի ուր ենք գնում ու ինչ առիթով ու նոր դուրս եկանք տանից: Չեմ կարող ասել, թե հիմա տոնողներ կան, թե՝ ոչ, կարծում եմ հարուստները կտոնեն ու լավ էլ կտոնեն: Երբ աշխատում էինք՝ կոլեկտիվով գնում էինք շքերթ, բայց հիմա շքերթ էլ չկա, ուր գնա ժողովուրդը: Ես ինքս վաղուց չեմ աշխատում, այսինքն՝ այն օրից, երբ փակվեց Լուկաշինի մանվածքային ֆաբրիկան: Լավ կլիներ, որ մարդիկ աշխատանք ունենային, որ հետո էլ տոնը տոնելու ցանկություն ունենան»:

Ցոլակ Խաչատրյան.«Մայիսի 1-ը որպես աշխատավորի օր՝ ամբողջ աշխարհն է տոնում, բացի Հայաստանից: Առաջ օրը սկսվում էր շքերթով, դհոլ-զուռնով: Մեր երեխաների, թոռների ձեռը բռնած՝ ուրախ-ուրախ գալիս էինք տոնին մասնակցում, երեկոյան էլ՝ գնում ուրախությունը շարունակելու: Կարծում եմ, այսօր հարուստներն են միայն նշում: Հայրենական պատերազմի մասնակից եմ, ունեմ շքանշաններ ու մինչ օրս տնակում եմ ապրում, ես էլ ի՞նչ լավ բան խոսամ: Երկու թոռնիկներս բարձրագույն են ավարտել ու լավ էլ սովորել են, բայց այսօր նրանք էլ չեն աշխատում, ի՞նչ անեն, թողնե՞ն գնան արտասահման: Ուրեմն թող էդ երեխեքին տեր եղնեն»:

Մի պապիկ, ով չցանկացավ ներկայանալ. «Ես ու ընկերս առավոտյան գնացինք գարեջուր խմեցինք, պատրաստություն ենք տեսել, որ վաղն էլ գնանք Չերքեզի ձոր: Այսօր շատերն աշխատանք չունեն, բայց, այնուամենայնիվ, տոնը հիշում են ու նշում: Ես ինքս գոհ եմ մեր պետությունից, ծառայել եմ սովետական բանակում: 30 տարի է, ինչ զինվորական թոշակ եմ ստանում, տոներն էլ չեմ մոռանում: Մոսկվան էլ միանգամից չի կառուցվել, կգա ժամանակ ամեն ինչ էլ լավ կլինի»:

Սոնա Առաքելյան

Դիտումներ՝ 93