-Այս երգը մինչեւ հոգուս խորքը հուզեց ինձ: Եւ երգն է հրաշալի, եւ աղջնակը լավ կատարեց: Ես հիշեցի ահեղ ճակատամարտը. անընդհատ տանկերի կրակոցներ էին հնչում, թշնամին գրոհում էր, զինվորներից մեկը կանգնած հենց այս՝ «Վառվիր, վառվիր իմ աստղ» երգն էր երգում: Ես գոռացի, որ նա դադարեցնի երգելը՝ հանկարծ չվիրավորի,-պատմում է Հայրենական մեծ պատերազմի վետերան Գաբրիել Սուքիասյանը,-նույն պահին նրա երգն ուժեղ պայթյունից դադարեց:
Մայիսի 9-ին հայ ժողովուրդը նշում է Հաղթանակի ու խաղաղության տոնը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-ամյակը եւ Շուշի ազատագրման 20-ամյակը: Հաղթական մայիսը սկսվելով Բաշ Ապարանով եւ Սարդարապատով՝ շարունակվեց մինչեւ Բեռլին, ապա Շուշի: 20-րդ դարում մեզ պարտադրված հաղթանակներն ավարտվեցին փառահեղ հաղթանակներով: Արցախյան հերոսամարտում հիրավի նշանավոր էր Շուշիի գրավումը, որը բեկումնային դարձավ այս պատերազմում: Այն եւս մեկ անգամ հիշեցրեց՝ հերոս նախնիները ծնում են հաղթող սերունդներ, միայն անհրաժեշտ է միասնություն եւ ուժերի կենտրոնացում:
Մեր պատմության մեջ ոսկե տառերով գրված մայիսի 9-ը տոնելու, քաջարի հերոսների հիշատակը վառ պահելու, կենդանիներին հարգանքի տուրքի մատուցելու միջոցառում էր կազմակերպվել Գյումրու թիվ 6 դպրոցում:
Աշակերտների ասմունքը, երգն ու պարը հուզել էին ներկաններին, արթնացրել լավ ու վատ հիշողություններ, որոնք, անկախ ժամանակից, միշտ թարմ են:
Պատերազմի վետերան Ցոլակ Խաչատրյանը պատմում է, որ կռվել է 1942 թվականից մինչեւ պատերազմի հաղթական ավարտը: Իր ռազմական ուղին սկսել է Հեռավոր արեւելքից, մասնակցել այնպիսի արյունահեղ ճակատամարտերի, ինչպիսիք են Ստալինգրադինը եւ Կուրսկինը:
-Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակը հայերի համար կենսական նշանակություն ուներ, եթե կրեինք պարտություն, ապա Թուրքիան, անկասկած, կհարձակվեր Հայաստանի վրա,-ասում է Ց.Խաչատրյանը,-իսկ Կուրսկի ճակատամարտից հետո արդեն մենք էինք գրոհում՝ օրական 30-40 կիլոմետր էինք անցնում:
Վարդգես Ստեփանյանն էլ է մասնակցել բազմաթիվ մարտերի, ի թիվս բազմաթիվ մեդալների՝ կրծքին կրում է նաեւ փառքի երկու շքանշան:
-Կռվել եմ 1943 թվականից մինչեւ հաղթական մայիս: Տարբեր ռազմաճակատներում եմ եղել՝ Բելառուս, Լիտվա, Բալթիկ ծով…ուր ասես:
Աշակերտները միջոցառումն ավարտեցին «Հաղթանակի օրը» հայտնի երգով եւ պատերազմի մասնակիցներին նվիրեցին ծաղիկներ:
-Եթե ապրում ենք անկախ եւ ազատ Հայաստանում, ապա դա միայն մեր հերոսների շնորհիվ է,-ասում է Տաթեւ Ղազարյանը,-պետք է հարգել նրանցից յուրաքանչյուրին եւ չմոռանալ նրանց սխրանքը:
Ալիսա Հակոբյան




