Պատմվածք
Մեր տունը լիքը ճամպրուկ ու պայուսակ է, շաժվելու տեղ չկա: Մենք գնում ենք: Չգիտեմ` ուր ենք գնում` երկրի խորքը, թե երկրից դուրս, բայց հաստատ գիտեմ` արտագաղթում ենք: Ավելի ճիշտ` քոչում ենք: Որովետեւ պարտվել ենք ու հոգնել, հինգ տարվա մեր պայքարը արդյունք չտվեց: Մենք էլի կմնայինք ու արդարացի կլիներ, եթե մնայինք-տանջվեինք էն երկրում, որը չկարողացանք երկիր դարձնել, բայց մենք հիմա երեխա ունենք, մեզ վրա պատասխանատվություն է դրված, մենք պարտավոր ենք նրա համար ապահովել բարեկեցիկ ու բախտավոր կյանք: Կամ գոնե պարտավոր ենք հեռացնել նրան այնտեղից, որտեղ նրան վտանգ է սպառնում: Դրա համար էլ գնում ենք: Հնարավոր է գյուղ` ապացուցելու, որ երկրագործությունն է ուղիղ ճանապարհը, հնարավոր է` արտերկիր: Դեռ պարզ չի:
Երեկոյան միտինգ կա: Հանրահավաք: Գայթակղությունը մեծ է: Կարելի էր արտագաղթելուց առաջ մի վերջին անգամ միտինգի մասնակցել, բայց այդ մասին խոսք անգամ լինել չի կարող: Ես ու ամուսինս վճռել ենք, որ այլեւս ոչ մի միտինգ: Նախ` չի բացառվում, որ այդ միտինգին միայն ես ու ինքը լինենք, որովհետեւ մեր ընկերները վաղուց կամ արտագաղթել են, կամ ծախվել ու հիմա ծառայում են ռեժիմին: Եվ երկրորդ` որ ի՞նչ: Մեզ համար, իհարկե, հանրահավաքի մասնակցելը մեծագույն հաճույք է, բայց հանրահավաքը չի կարող ինքնանպատակ լինել: Եվ բացի այդ, մեր երեխան հիվանդացել է, մենք պարտավոր ենք զբաղվել նրանով: Մեզնից մեկնումեկը պիտի նստի նրա հետ, իսկ մյուսը իջնի դեղատուն` դեղ բերելու: Ես ասում եմ` դու գնա, հետո մտքովս անցնում է, որ կարող է չդիմանա գայթակղությանը ու ձեռի հետ միտինգի գնա, երկու քայլ տեղ է, հենց շենքի հետեւի այգում, ու ասում եմ` չէ, ես վազելով իջնեմ, գամ: Ես դեմ չեմ, որ միտինգի գնա, եթե սիրտն ուզում է, թեկուզ ինձնից թաքուն, բայց երեխային դեղը շտապ է պետք, եւ ես խալաթը գցում եմ վրաս ու իջնում մեր շենքի տակ գտնվող դեղատունը:
Դեղատնից մինչեւ մանկական այգի երեսուն վայրկյանի ճանապարհ է: Հաշվի առնելով, թե ինչ կայծակնային արագությամբ եմ իջել դեղատուն` կարելի է ասել` մի քանի րոպե խնայել եմ: Եթե նույն արագությամբ անցնեմ մանկական այգով, կստացվի, որ միայն իջել եմ դեղատուն: Ամուսնուցս թաքցնելու համար չէ թվաբանությունը, երեխայի համար եմ արդարանում ինքս իմ առաջ: Նրան ոչինչ չի պատահի, միեւնույնն է` ինձ որոշակի ժամանակ էր անհրաժեշտ դեղատուն հասնելու համար: Հնարավոր է` այս հանրահավաքին ինչ-որ խոսք հնչի, որը մեզ ստիպի չարտագաղթել: Դա, իհարկե, քիչ հավանական է, բայց հրաշքները պատահում են նրանց, ովքեր հավատում են հրաշքներին, ուստի չի կարելի չհավատալ:
Ես վազում եմ: Հագիս վարդագույն սրբիչի խալաթ է, ոտքերիս` սրբիչի հողաթափեր: Ափսոս հեռախոսս չեմ վերցրել: Լավ, մտածում եմ, եթե հրաշքի շորշոփ զգամ, մեկնումեկից հեռախոս կվերցնեմ, կզանգեմ ամուսնուս, կասեմ` երեխուն վերցրու, արի: Ինձ մի քիչ տարօրինակ է թվում, որ մանկական այգում են հանրահավաքը անում: Ի՞նչ է, Ազատության հրապարակը նորից գրավվա՞ծ է: Այդ դեպքում` ինչո՞ւ ոչ Մատենադարան:
Մանկական այգում հանրահավաք եղել է միայն 2008 թվին, ինչքան հիշում եմ` մարտի քսանին, արտակարգ դրության վերացումից հետո, դա առաջին հետմարտիմեկյան հանրահավաքն էր: Ու նաեւ հիշում եմ, որ չորս տարի շարունակ հանրահավաքի օրերին մտովի պատկերացրել եմ, որ մանկական այգի եմ գնալու: Իհարկե, երբեք չեմ սխալվել ու միշտ գնացել եմ այնտեղ, ուր անց է կացվում հանրահավաքը` առաջին տարիներին, երբ Ազատության հրապարակը գրավված էր, Մատենադարան, իսկ հետո` հրապարակ: Ինձ միշտ տարօրինակ է թվացել, որ ամեն անգամ պատկերացրել եմ հանրահավաքը մանկական այգում: Իսկ հիմա, արի ու տես` հենց մանկական այգում էլ տեղի է ունենում:
Ինձ տարօրինակ է թվում, որ դեղատնից մինչեւ մանկական այգի ընկած ճանապարհը, որ մեկ կարճլիկ հինգ հարկանի շենքի երկարություն ունի, թունելով եմ անցնում: Այդտեղ պիտի որ թունել չլիներ: Ի՞նչ իմաստ ունի մայթին թունել կառուցել: Թունելը երկար տարածությունը կարճելու համար է: Իսկ այս թունելը երկարացրել է այդքան կարճ ճանապարհը: Թե՞ ես եմ սխալվել: Համենայնդեպս սա երեսուն վայրկյանում անցնելու բան չէ: Արդեն մի քանի րոպե է` վազում եմ, իսկ թունելի վերջը չի երեւում: Պետք է կանգնել ու հետ դառնալ, խնայված րոպեներս արդեն ծախսվել են, երեխային պետք է դեղ հասցնել: Սկսում եմ ավելի արագ վազել, ու մոտս երկրորդ շնչառություն է բացվում` ասես ճախրում եմ: Ոտնաթաթերս հազիվ դիպչում են գետնին: Սկզբում վազքս իսկապես արագանում է, բայց հանկարծ զգում եմ, որ ոտքերս դժվարությամբ եմ իջեցնում գետնին: Ճախրում եմ, բայց արագությունը չեմ կարողանում կառավարել: Օդը չափազանց առաձգական է: Ոտքերս շարժվում են ու վարդագույն խալաթս փողփողում է, ինչպես` դանդաղացված կադրում: Ինչքան ավելի արագ եմ փորձում վազել, այնքան ավելի դանդաղ է ստացվում: Խնայված րոպեներս սպառված են: Պետք է կանգնել ու հետ դառնալ, տղայիս դեղ է պետք:
Հանկարծ մտքովս անցնում է, որ այս վայրում գոյություն չունեցող ու անտրամաբանական այս թունելը իրականում բոլորովին այլ թունել է` նրանցից, որոնցով մարդիկ անցնում են մահից առաջ: Հիշում եմ, որ կլինիկական մահ ապրածները հեռուստացույցով պատմում էին, թե անցնում են թունելով, իսկ թունելի վերջում կուրացուցիչ լույս են տեսնում: Ինձ ընդառաջ սիրահարներ են գալիս` համբուրվելով, հետո մանկական սայլակով տղամարդ: Երկկողմանիությունը արժանահավատություն է հաղորդում թունելին: Վերջն էլ է նշմարվում, ու լույս էլ կա: Լույսի մեջ ոստիկաններ են, մարդկանց են քաշքշում: Լարում եմ տեսողությունս. երիտասարդ, բոյով տղամարդ է, վանդակավոր վերնաշապիկով, շատ նման ամուսնուս: Ուսերին կենգուրու է հագած, երեխային մեջից հանել են, ձեռքերն են ոլորում: Երեխայի լացն արձագանքվում է թունելում: Ոստիկանների գրկում է: Թողեք երեխուն` գոռում է: Երեխան բղավում է: Շատ նման է տղայիս: Կողքով մարդիկ են անցնում-դառնում, ոչ ոք չի միջամտում: Ճիշտ կլիներ, որ խառնվեի, բայց տղայիս պիտի դեղ հասցնեմ: Պետք է կանգնել ու հետ դառնալ:
Մանկական այգու եզրը երեւում է, ցանկապատի ամբողջ երկայնքով զինվորներ են կանգնած: Այգին պաշարված է: Այգու երեւացող մասի դեղին խոտը ծածկվում է շինելավոր զինվորներով: Ֆիլմում նման կադրը կուղեկցվեր չարագույժ երաժշտությամբ, բայց այստեղ երաժշտություն չի հնչում, ինչը կադրն ավելի չարագույժ է դարձնում: Սա ֆիլմ չէ: Առաջ գնալն անիմաստ է: Հետ եմ դառնում: Ոստիկանն ինչ-որ ձայն է արձակում, որից հասկանում եմ` ֆիքսել է ինձ: Հետ դառնալս մատնեց ինձ: Գիտի, որ հանրահավաքի էի գնում: Հիմա կգա: Ես պիտի դեղ հասցնեմ: Վազել է պետք: Մանկությունից հիշում եմ` եթե վազես, շները կվազեն հետեւիցդ: Ստիպված քայլում եմ:
Այ քեզ բան, մտածում եմ, այ քեզ ճաք տված ավազակապետություն, այ քեզ իշխանության կիսված մոնոլիտ: Մի՞թե էդ զինվորները ընդդիմություն դարձած իշխանական կուսակցություններից մեկի դեմ են հանված: Չէ՞ որ հիմա ընդիմությունը դա է: Էլի զորք են հանել ժողովրդի դեմ կեղտերը: Իսկ միգուցե դա հայոց փառապանծ բանակը չէ, միգուցե ռուսական զորքն է կամ միգուցե թուրքն է գրավել Երեւանը: Գուցե ՆԱՏՕ-ի խաղաղապհնե՞րն են: Ի՞նչ իմանաս, քաղաքականությունը փոփոխական բան է: Գնալ, գնալ, գնալ այստեղից: Տանել, փրկել իմ սիրելի տղաներին:
Ես սկսում եմ վազել: Հետեւիցս ոստիկանի սուլոց ու զինվորների վազքի ձայն եմ լսում: Բայց ելք չունեմ` պիտի դեղը տեղ հասցնեմ ու վազում եմ այնքան արագ, որքան հնարավոր չէ:
Ինչ-որ պահի դադարում են հետապնդել ինձ: Հասնում եմ տուն: Բացում եմ դուռը` ամուսինս տանը չէ, ոչ էլ տղաս: Երեւի իմ հետեւից են եկել` մտածում եմ: Սպասել,սպասել են ու եկել: Հանկարծ հիշում եմ թունելի վերջում տեսածս: Բոյով տղամարդուն ու երեխային, որ խլեցին նրանից: Այն պահին միայն նմանեցրի, իսկ հիմա մտքովս անցավ, որ իրենք էին: Բայց ինչպե՞ս կարող էին ինձնից առաջ անցած լինել, եթե իմ հետեւից եւ ինձնից հետո են դուրս եկել: Չէ, հնարավոր չէ, ուր որ է կգան:
Մոտեցա պատուհանին ու բացեցի վարագույրը: Դրսում տանկեր էին: Փողոցում զորքերի տարբեր տեսակներ կային` ոնց որ մարտի մեկին, չէ` մարտի երկուսին: 2008 թվականի մարտի երկուսին: Այսինքն` ինչի՞ ոնց որ: Այսօր 2008 թվականի մարտի երկուսն է` կոտորածի հաջորդ օրը: Արտակարգ դրություն: Պատուհանիս տակ տանկեր են: Ես դեռ ամուսին չունեմ, ոչ էլ երեխա: Ինչո՞ւ էր ինձ թվում, թե չորս տարի է անցել: Այսօր 2008 թվականի մարտի երկուսն է:
2012, մայիս
Արփի Ոսկանյան




