… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

Վարձավճարների գանձման նոր տարբերակ՝ Գյումրու մանկապարտեզներում

vardzavchar 1
03 Հուլիս, 2013 17:07    |    Հեղինակ` Անի Մկրտչյան


Եթե նախկինում Գյումրու համայնքային մանկապարտեզներում ծնողները վարձավճարներն առձեռն էին մուծում, այդ մասին հաստատությունների աշխատակիցները գրառումներ կատարվում էին միայն գրանցամատյաններում եւ ծնողը վճարման մասին փաստաթուղթ չէր ստանում,  ապա ներկայում համակարգը կարգավորված է: Ծնողները վարձավճարները մուծում են տվյալ մանկապարտեզի հետ պայմանագիր կնքած բանկում եւ հատուկ հաշվեհամարին: Այս տարբերակով ծնողներից լրացուցիչ գումար չի պահանջվում, ինչպես դա, ասենք, պահանջվում է մանկապարտեզի հետ պայմանագիր չունեցող բանկում:

Վարձավճարների հավաքագրման այս տարբերակը, սակայն, դժգոհություններ է առաջացրել որոշ ծնողների մոտ: Խնդիրն այն է, որ կոնկրետ մանկապարտեզի հետ պայմանագիր կնքած բանկ հասնելու եւ վճարում կատարելու համար պահանջվում են տրանսպորտային ծախսեր: Ծնողների այս դժգոհությունների մասին տեղեկացնում է նաեւ Գյումրու թիվ 6 մանկապարտեզի տնօրենը:

Հակառակ սրա՝  թիվ 3 մանկապարտեզում նման դժգոհություններ չեն եղել եւ բոլորը գոհ են. համենայն դեպս, այսպես է վստահեցնում  տնօրենը:

Ծնողները նորից հնարավորություն ունեն մաս-մաս վճարում կատարել, վճարում են ամիսն ավարտվելուց հետո: Իսկ մինչ այդ մանկապարտեզներում հաշվարկվում է տվյալ ամսում երեխայի բացակայությունների թիվը եւ ըստ այդմ, պայմանագրով սահմանված, վարձավճարից հանվում է սննդի վճարի օրական ծախսը:

Թիվ 28 մանկապարտեզում, տնօրենի խոսքերով, թեպետ պարտադրանք չի եղել, սակայն մինչ այժմ ծնողները վճարումները կատարել են ամբողջությամբ եւ ընտրել են մանկապարտեզի բանկը:

Նկատվում է, որ ծնողների մեծ մասը՝ հաշվի առնելով մի քանի անգամ բանկ գնալ-գալու, տրանսպորտային ծասերի, այլ բանկում հավելյալ գումար մուծելու հանգամանքերը, նախընտրում է  վարձավճարի ամբողջական մուծում:

Ի դեպ, համակարգային այս փոփոխությունը Գյումրու քաղաքապետարանի ծրագրերից ու հիմնական նպատակներից էր, որի մասին նորանշանակ պաշտոնյաները խոսում էին դեռ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից: Մինչ այժմ, սակայն, անկատար է մնացել քաղաքապետարանի մեկ այլ՝ վարձավճարների, սննդի ու կոմունալ ծախսերի ընդհանուր չափը սահմանելու ծրագիրը. այսօր յուրաքանչյուր մանկապարտեզ ունի վարձավճարի սահմանած իր առանձին չափը: Վարձավճարի սահմանվող ընդհանուր չափի մասին, ինչպես փոխանցում են քաղաքապետարանից, ներկայում քննարկումներ ընթանում են. հարցը ներառվելու է ավագանու նիստերից մեկի օրակարգում:

Անի Մկրտչյան

________________________________

Բաժանորդագրություն.

Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի թղթե տարբերակը: Այս կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը միայն: Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք էական գումար: Այսպես. թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 25.700 դրամ, իսկ տարեկան բաժանորդագրման դեպքում` ընդամենը 16.000 դրամ: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ 6 ամսով, 3 եւ 1 ամսով: Բաժանորդագրությունն իրականացվում է առայժմ միայն Գյումրիում:

Բաժանորդագրության առավելությունն այն է, որ անկախ տարվա եղանակից եւ ձեր զբաղվածությունից, դուք ամեն օր ժամը 9-12-ի միջակայքում, պայմանագրում ձեր նշած հասցեում կստանաք թերթը: 8 ամսվա ընթացքում մեր բաժանորդագիրներից որեւէ մեկին թերթը ոչ մի անգամ ուշ չի հասցվել:

Եթե կկամենաք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք (0312) 50622, ձեզ կայցելի գործակալը:

Դիտումներ՝ 97