Արդեն երրորդ անգամ հետաձգվում է Գյումրու Մուշ-2 եւ Անի թաղամասերում կառուցվող բնակարանների շահագործման ժամկետները: Գյումրեցիները ըստ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի, բնակարանամուտ կտոնեն 2013 թվականի վերջին՝ նախագահական ընտրություններից հետո:
Շինարարական աշխատանքների ավարտի վերջնաժամկետն էլ 2013 թվականի առաջին եռամսյակն է նշվում: Այս մասին լրագրողներին պարզ դարձավ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջերս Շիրակի մարզ կատարած այցելության ժամանակ:
-Ավելի լավ է մի քիչ ուշացումով, բայց որակով բնակարաններ հանձնենք,-ասել է նախարարը: ՙԳլենդել Հիլզի՚ Շիրակի մարզի կառուցապատման պատասխանատու Միքայել Ներսիսյանն էլ նշել է, որ բնակիչը հնարավորություն կունենա շինարարի հետ համաձայնության գալ բնակարանի ներքին հարդարման աշխատանքների իրականացման հարցում, որ դրանք բնակչի ուզած ձեւով իրականացվեն:Մեզ հետ զրույցում «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումայսանն ասաց, որ իքն էլ հստակ չգիտե, երբ են Մուշ-2 եւ Անի թաղամասերում կառուցվող բնակարանները շահագործման հանձնվելու:
Խնդրի վերաբերյալ զրուցեցինք անօթեւանների հետ:
Անահիտ Գասպարյանի խոսքերով, ինքը տղային ամուսնացնում է եւ բնակարանը շուտ ստանալը անհրաժեշտութուն է իրենց համար: Վերջինս անակնկալի է եկել այն հանգամանքից, որ գյումրեցին 2013 թվականի վերջին է տոնելու բնակարանամուտ:
-Մենք գիտեինք, թե 2012 թվականին են շահագործման հանձնվելու,-մեզ հետ ասաց Ա.Գասպարյանը: Նրա ամուսինն էլ նշում է, թե դեռ պարզ էլ չէ՝ երբ է լինելու բնակարանների վիճակահանությունը, որ մի հատ էլ շինարարի հետ համաձայնության գան բնակարանի ներքին հարդարման աշխատանքներն իրենց ուզած ձեւով իրականացնելու հարցում:
Գեւորգ Ղազարյանը, ում ընտանիքը 6 անձից է բաղկացած՝ 3 սենյականոց բնակարան պետք է ստանա:
-Մենք գիտեինք, որ 2012 թվականի մարտին կամ տարեվերջին ենք տոնելու բնակարանամուտ,-ասաց զրուցակիցս,-էլ ինչ են ձգձգում, չեմ հասկանում:
Բնակիչներից մեկի խոսքերով, պաշտոնյաները գյումրեցուն հիմարի տեղ են դրել թե՜ բնակարանների, թե՜ ընտրությունների հարցում: Նա ասում է, որ իր ընտանիքը Մուշում 4 սենյականոց պետք է ստանա, եւ ինքը հույս չունի, որ երկար կապրի, քանի որ առողջություն չունի. «Ինչ կարեւոր է, թե չէ ինչ գույն կունենան բնակարանի սենյակներն ու պատերը, կարեւորն այն է, որ որքան հնարավոր է շուտ տուն տան մարդկանց: Էլ սպասելու հնար չկա»:
Նշենք, որ դեռեւս 2011 թվականի մայիսի վերջին Գյումրի այցելած Վ. Վարդանյանը նշել էր, որ Մուշ-2-ում կառուցվող շենքերը շահագործման կհանձնվեն 2011 թվականի հոկտեմբերին, սակայն տեխնիկական թերությունների պատճառով հետաձգվեց դրանց շահագործումը: Հետո էլ բնակարանների շահագործման վերջնաժամկետ նշվեց 2012 թվականի մայիսը: Այս մասին Վ.Վարդանյանը հայտարարել էր 2012 թվականի փետրվարի 24-ի եւ մարտի 25-ի՝ Գյումրիում անօթեւանների հարցով տեղի ունեցած հանձնաժողովի նիստերի ժամանակ: Ստացվում է, որ Հայաստանում կառավարական խոստումներին մարդիկ այնքան էլ լուրջ չպետք է վերաբերվեն:
Անահիտ Սիմոնյան




