… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

Ժան Տեր-Մերկերյան. «Հայաստանն հրճվանք է ինձ համար»

jan ter merkeryan 1
17 Ապրիլ, 2013 13:04    |    Հեղինակ` Լիլիթ Թովմասյան


1988թ.երկրաշարժից ու անկախության հռչակումից հետո  հայրենիքում համերգներով հանդես եկող բազմաթիվ մեծանուն երաժիշտներից էր նաեւ Ժան Տեր-Մերկերյանը: Մեր զրույցը ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Մարսելի կոնսերվատորիայի պրոֆեսոր, աշխարհահռչակ ջութակահարի հետ է:

-Պարոն Մերկերյան, ո՞ւր են տանում ձեր արմատները, որտե՞ղ եւ ինչպե՞ս է սկսվել ձեր երաժշտական ճանապարհը:

-Արմատներս գալիս են Թուրքիայից, ինչպես որ շատ հայերի ճակատագիրն է դասավորվել 1915 թվականից հետո: Այլ կերպ ասած` Եղեռնից փրկված ծնողների զավակ եմ, ծնվել եմ Մարսելում: 11-12 տարեկան եմ եղել, երբ Հայաստան ենք տեղափոխվել (11 տարեկանում փոքրիկ Ժանն արդեն հասցրել էր ավարտել է Մարսելի կոնսերվատորիան, Մարսելում հանդես գալ իր առաջին մենահամերգով` կատարելով Մենդելսոնի եւ Վիվալդիի ջութակի կոնցերտները նվագախմբի հետ-հեղ.): Երաժշտական գործունեություն ծավալել եմ  Հայաստանում, հետո Մոսկվայի պետական կոնսերվատորիայում, հետո արդեն Մարսելի կոնսերվատորիայում: 1981 թվականին ենք տեղափոխվել Ֆրանսիա, պատճառների մասին խոսել չեմ ուզում: Հիմա ապրում եմ Մարսելում, բայց սիրտս Հայաստանում է:

-Հայաստան հաճա՞խ եք գալիս:

-Շատ հաճախ չեմ գալիս, երբ հնարավոր է լինում` գալիս եմ, որովհետեւ  Հայաստանն հրճվանք է ինձ համար: Հնարավոր է` մի օր հետ գամ: Չի բացառվում:

-Ձեզանով հպարտանում ու ձեր մասին ակնածանքով խոսում է նույնիսկ համաշխարհային երաժշտական հասարակությունը: Ի՞նչ եք կարծում, ձեր հայրենիքում ձեզ բավարար չափով ճանաչո՞ւմ են:

-Ինձ հիմա հնարավոր է` քչերը գիտեն, որովհետեւ  նոր սերունդ է եկել, իսկ  իմ տարիքի համեմատությամբ, այդ նոր սերունդը երիտասարդ է: Ինձ ավելի լավ հիշում են մեր մեծերը, իսկ որ բոլորն իմանան, երեւի պետք է ավելի հաճախ գալ Հայաստան:

-Հայաստանյան երաժշտական միջավայրն ու մթնոլորտը Ձեր գնահատմամբ:

- Դժվարանում եմ պատասխանել այդ հարցին, որովհետեւ ոչ կոնսերվատորիայի հետ կապ ունեմ, ոչ որեւէ այլ կառույցի: Խաչատրյանի անվան ջութակահարների միջազգային կոնկուրսը եւս մեկ հնարավորություն էր՝ ավելի մոտիկից ուսումնասիրել, զգալ այդ միջավայրը, բայց  այնտեղ կապերն ինձ հետ արհեստականորեն խզեցին, կտրեցին. առաջին մրցույթին որպես ժյուրիի անդման մասնակցեցի, հետո վերացրեցին` տարբեր պատճառներով, որոնց մասին խոսել չեմ ուզում: Այնպես, որ ինձ մի փոքր բարդ է գնահատելը:

-Գալով փառատոններին ու մասնավորապես «Վերածնունդ»-ին, քանի որ հենց այս փառատոնի շրջանակներում եք Հայաստանում. ի՞նչ կասեք այս փառատոնի մասին:

-Սա հրաշալի մի բան է, ես միշտ ասել եմ` հիացած եմ, Գյումրին շատ եմ սիրում, շատ կապված եմ այս քաղաքին, որովհետեւ Լենինական հաճախ եմ եկել համերգներով: Հիմա Գյումրու երաժշտական կյանքի աշխուժությունը նաեւ «Վերածնունդ»-ն է ապահովում: Երկրորդ անգամ եմ մասնակցում այս փառատոնին: Սիրով եմ ընդունել հրավերն ու նախորդ տարվա համեմատությամբ` որակական մեծ աճ եմ նկատում: Ցանկանում եմ, որ այս հրաշալի երեւույթը  գնալով զարգանա, ծաղկի, լավագույն ցանկություններս ու հարգանքներս նաեւ  կեզմակերպիչներին: Թող հնչեղություն ստանա այս փառատոնը տարեցտարի` իմ սիրելի Գյումրու անունը եւս ավելի հնչեղ դարձնելով:

- Եւ վերջում` ի՞նչը կուզեիք փոխված տեսնել ձեր հոգու տանը` Հայաստանում:

-Այն, ինչ մեծամասնությունը կուզեր փոխված տեսնել: Քաղաքական դրվագների մեջ մտնել չեմ ուզում, բայց կուզեի ավելի լավ ապրող ժողովուրդ տեսնել իմ հայրենիքում եւ իհարկե, ավելի լավ Հայաստան:

Զրուցեց` Լիլիթ Թովմասյանը

________________________________

Բաժանորդագրություն.

Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի թղթե տարբերակը: Այս կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը միայն: Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք էական գումար: Այսպես. թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 25.700 դրամ, իսկ տարեկան բաժանորդագրման դեպքում` ընդամենը 16.000 դրամ: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ 6 ամսով, 3 եւ 1 ամսով: Բաժանորդագրությունն իրականացվում է առայժմ միայն Գյումրիում:

Բաժանորդագրության առավելությունն այն է, որ անկախ տարվա եղանակից եւ ձեր զբաղվածությունից, դուք ամեն օր ժամը 9-12-ի միջակայքում, պայմանագրում ձեր նշած հասցեում կստանաք թերթը: 8 ամսվա ընթացքում մեր բաժանորդագիրներից որեւէ մեկին թերթը ոչ մի անգամ ուշ չի հասցվել:

Եթե կկամենաք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք (0312) 50622, ձեզ կայցելի գործակալը:

Դիտումներ՝ 121