Նախօրեին Գորկայի այգում տոնականության մթնոլորտ էր տիրում: Մարդիկ գալիս էին մասնակցելու Եղիշե Չարենցի կիսանդրու բացման հանդիսությանը: Սա գյումրեցու հարգանաի տուրքն էր հայ մեծ պոետին: Կիսանդրու հեղինակն է Զավեն Կոշտոյանը: Ինձ հետ զրույցում նա ասաց, որ անչափ հուզված է, դժվարանում է խոսել: Միայն նշեց, որ մեծ բանաստեղծի կերպարային կերտվածքն իր մեջ երկար է «դեգերել», ապա ցույց տվեց ցուցասեղանին դրված նրա գրքերից մեկում տպագրված լուսանկարն ու ասաց, թե այդտեղ Չարենցը շատ «խարակտերային» է: Հանդիսությանը եկել էին մասնակցելու նաեւ մայրաքաղաքից ժամանած արվեստագետներ եւ մտավորականներ:
Գրականագետ Դավիթ Գասպարյանը, ով երկար տարիներ զբաղվել է Չարենցի կյանքի եւ ստեղծագործության ուսումնասիրությամբ, մասնավորապես նշեց. «Չարենցը դժվարին ժամանակներում ստեղծեց հայ գրականության գոհարները: Չարենցը ամենուր է, ու նա հրաշալի է: Այս առիթն օգտագործելով, չի կարելի չնշել, որ շուտով լույս կտեսնի գրողի անտիպների ժողովածուն` «Գիրք մնացորդացը», անտիպ երկերի եռահատոր ժողովածուն: Բոլոր գրողների համար ամենամեծ հուշարձանը նրա ստեղծագործությունն է: Երնեկ մենք հասնենք այն բանին, որ տպագրվի Չարենցի երկերի լիակատար ժողովածուն` գիտական հրատարակությամբ եւ դրվի ժողովրդի առջեւ»:
-Հարգելի չարենցասերներ եւ գրչասերներ, ճիշտ ժամանակն էր, որ Հայաստանի երկրորդ քաղաքում` Գյումրիում, բացվեր հանճարեղ Չարենցի կիսաքանդակը,- ասաց Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը,- Չարենցը, ըստ էության, ամբողջ Հայստանում պետք է քանդակներ ունենա: Ճակատագրի բերումով եւ պատմական անարդարությամբ, նա չունեցավ գերեզման: Ամբողջ Հայաստանը նրա համար պետք է լինի կենդանի հուշարձան: Երբ ուսումնասիրում ենք նրա կյանքը` տեսնում ենք, որ այն առաջին օրվանից մինչեւ վերջին օրը ողբերգություն է եղել. մաքառում ճակատագրի դեմ ու հերոսական կյանք: Նա զենքը ձեռքին պայքարել է հեղափոխության գաղափարի համար, իսկ հետագայում այդ գաղափարը խեղաթյուրողները նրան տարան մահվան դուռը: Այստեղ` այս այգում, այժմ կողք-կողքի են մեր մեծ պոետները, ուստի նրանց պոետական զրույցն այստեղ կշարունակվի:
ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն արձանագրեց. «Այս տարին, իսկապես, չարենցյան տարի է` լրացավ Չարենցի ծննդյան 115-ամյակը եւ մահվան 75-րդ տարելիցը: Մի վիճակագրական փաստ եմ ուզում բերել: Գյումրիում տարեսկզբից ծնվել եւ մշտական գրանցում է ստացել 685 գյումրեցի, Չարենցը այսօր եկավ ու մշտական գրանցում ստացավ Գյումրիում, դառնալով 686-րդ գյումրեցին»:
-Բոլորիս համար հուզիչ է այս օրը, բայց բոլորդ էլ պատկերացնում եք, որ ամենահուզվածը ես պիտի լինեմ,- ասաց Չարենցի դուստրը` Անահիտը,- որովհետեւ հայրս գերեզման չունի, եւ ես չեմ կարող գնալ նրան այցի: Բայց մենք բոլորս մեր սերը, նրա հանդեպ մեր պաշտամունքը կարող ենք այստեղ բերել: «Նարեկացու, Քուչակի պես` լուսապսակ ճակատ չկա» պատգամեց իմ հայրը, եւ այսօր հայ ժողովուրդը, գյումրեցիներն այդ սրբությունների լուսապսակ ճակատների շարքն է դասում իր նահատակ զավակին` Եղիշե Չարենցին: Եվ այս հրաշալի հանդիսությունը, եւ նրա կիսանդրու տեղադրումը դրա իսկական վկայությունն է: Չարենց-բանաստեղծն ամբողջ հայոց պատմության ծնունդ է, «Ոսկի երակը հնամյա ցեղի»:
Ասմուքի վարպետ Սիլվա Յուզբաշյանը եւս իր հուզառատ խոսքն ուներ ասելու. «Այսուհետ մեր մյուս մեծերի` Իսահակյանի, Շիրազի հետ, Չարենցի հայացքը պիտի հսկի անցորդներին, որ նրանք մի պահ մոռանան իրենց առօրյա հոգսերը եւ հիշեն նրա խոսքերը. «Ո¯վ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Պատգամ, որ մեզ այսօր օդի ու ջրի պես պետք է»:
Քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խոսքն հեռվից էր. Խորհրդային միության ժամանակ ասում էին` «Մի գավարիմ Լենին` պադրազումեվայեմ պարտիա, իսկ ես ասում եմ` մենք ասում ենք Ղարս, հասկանում ենք Ալեքպոլ, մենք ասում ենք Ալեքպոլ, հասկանում ենք Անի: Նիստուկացով, ամեն ինչով մենք նման ենք իրար, իսկ Չարենցը Ղարսի ծնունդ էր: Եվ երբ Անահիտ Չարենցը ասաց, թե հայրս գերեզման չունի, ես արտասվեցի այդ պահին: Իսկ հիմա ուզում եմ ասել, որ Չարենցի գերեզմանը` դա հայոց հողն է, Արեւմտյան եւ Արեւելյան հատվածում: Եւ բոլորս Չարենցի գերեզմանն ունենք մեր հոգիներում»:
Արձանը բացելու պատիվը տրվեց բանաստեղծի թոռնուհուն` Հասմիկ Չարենցին: Հանդիսության տասնյակ մասնակիցները դանդաղ մոտենալով, մեկական մեխակ էին դնում պատվանդանին: Հավերժի ճամփորդն այսուհետ կլինի գյումրեցիների հետ:
Սամվել Հունանյան




