Խնդիրներ, դժվարություններ, անլուծելի ու անպատասխան թվացող հարցեր: Մինչդեռ, շատ հաճախ, իրավիճակը, որում գտնվում եք, ունի պարզ եւ արագ լուծում, որի մասին անգամ չէիք կռահում: Պարզապես անհրաժեշտ է մեկը, ով կլսի եւ կտա մասնագիտական` հոգեբանական, խորհուրդ: Հարցեր ունենալու դեպքում` դրանք կարող եք ուղղել մեր հոգեբանին հետեւյալ էլեկտրոնային հասցեով` alisahakobyan@gmail.com: Եթե անգամ խնդրի լուծումն ամբողջությամբ չստանաք, ապա ճիշտ որոշում ընդունելու ուղին, ամեն դեպքում, կմատնանշվի:
Պատասխանում է հոգեբան Աշոտ Հակոբյանը
-Ի՞նչ է խաղամոլությունը, արդյո՞ք այն կախվածության տեսակ է:
-Այո, այստեղ կախվածություն է եւ այն զուտ հոգեբանական է: Խաղամոլությունը գալիս է վարքային շեղումներից եւ հետո նոր վարքային համապատասխան մեխանիզմներով անդրադառնում է անձի վրա: Հոգեբանական հզոր տեսություն կա՝ օպերանտային վարքաբանության տեսությունը, որ խաղամոլության մեխանիզմը նկարագրում է ամրապնդումների ռեժիմներով: Ի՞նչ է նշանակում ամրապնդումների ռեժիմ. մենք ինչ-որ գործողություններ կատարելիս՝ սպասում ենք այն ձեռք բերմանը, որը մեր գործողությունն ամրապնդելու է, որպեսզի հետո նորից գործողություններ կատարենք: Օրինակ՝ աշխատավարձը դա իմ ամրապնդումն է, եթե ես կատարում եմ աշխատանքային գործողություն որոշակի ժամանակահատվածի մեջ, ապա այդ ժամանակահատվածից հետո ես պետք է ստանամ աշխատավարձ՝ դա կոչվում է ամրապնդման ռեժիմ հաստատուն ժամանակահատվածում: Եկավ աշխատավարձի օրը՝ իմ աշխատավարձը պետք է տան: Ինչ կլինի, եթե աշխատավարձ չտան, ես աշխատավարձ չստանալուց հետո, հավանաբար, նույն խանդավառությամբ 2-րդ ամիսն էլ կաշխատեմ, եթե տրամաբանական պատասխանեն, թե ինչու չտվեցին: 2-րդ ամսվա վերջում ես կրկին սպասում եմ ամրապնդման՝ աշխատավարձի տեսքով, բայց նորից չեն տալիս: Հիմա ես ստիպված եմ աշխատել առանց աշխատավարձի եւ 3-րդ ամսին հաստատ խանդավառված չեմ աշխատի, 4-րդ ամսում ընդհանրապես չեմ աշխատի՝ մի կերպ կգնամ աշխատանքի, իսկ 5-րդ ամսում ես ընդհանրապես տանից դուրս չեմ գա: Սա ամրապնդման հետեւանքն է, որով իմ գործողությունը կարող եւ աշխուժանալ, եւ մարել:
Սա ամրապնդումների հաստատուն ժամանակն է, բայց խաղամոլության պարագայում գոյություն ունի ամրապնդումների հետաքրքիր ռեժիմ, որը շատ ազդեցիկ է եւ անմիջապես հոգեբանական կախում է առաջացնում: Ո՞րն է սրա մեխանիզմը: Խաղամոլության պարագայում ամրապնդումների ռեժիմը կոչվում է տատանվող գործողությունների ռեժիմ: Այսինքն, ես չգիտեմ կատարվող յուրաքանչյուր հաջորդ գործողությունն ամրապնդվելո՞ւ է, թե՞ ոչ, բայց հավանական է, որ ամրապնդվի: Ես գործողություն եմ կատարում, յուրաքանչյուր հաջորդը կարող է արդյունավետ լինել: Միեւնույն է, եթե մի գործողությունն եղավ անարդյունավետ, հաջորդը կարող է լինել արդյունավետ, եւ ես ամրապնդումը կարող եմ ստանալ յուրաքանչյուր հաջորդ գործողությունից հետո, ուղղակի չգիտեմ՝ որերորդից հետո: Ընդունենք հասարակ մի բան. ես լոտո եմ գնում, ջնջեցի՝ լոտոն չշահեց: Չշահեց՝ ոչինչ, ես դիրքորոշված եմ հաջորդը գնել՝ սա կշահի: Դա էլ չի շահում, ոչինչ՝ երրորդը կշահի, եւ ես հայտնվում եմ փակ շրջանի մեջ, որովհետեւ յուրաքանչյուր հաջորդ գործողությունը կարող է շահեկան լինել, մանավանդ, եթե շահման չափը մեծ է: Հետեւաբար, ես ընկնում եմ կախվածության մեջ. ես չեմ կարող խաղատնից դուրս գալ, ես արդեն չեմ կարող այդ լոտոները չգնել:
Պատրաստեց Ալիսա Հակոբյանը
______________________________
Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի թղթե տարբերակը: Այս կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը միայն: Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք էական գումար: Այսպես. թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 25.700 դրամ, իսկ տարեկան բաժանորդագրման դեպքում` ընդամենը 16.000 դրամ: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ 6 ամսով, 3 եւ 1 ամսով: Բաժանորդագրությունն իրականացվում է առայժմ միայն Գյումրիում:
Բաժանորդագրության առավելությունն այն է, որ անկախ տարվա եղանակից եւ ձեր զբաղվածությունից, դուք ամեն օր ժամը 9-12-ի միջակայքում, պայմանագրում ձեր նշած հասցեում կստանաք թերթը: 8 ամսվա ընթացքում մեր բաժանորդագիրներից որեւէ մեկին թերթը ոչ մի անգամ ուշ չի հասցվել:
Եթե կկամենաք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք (0312) 50622, ձեզ կայցելի գործակալը:




