Խնդիրներ, դժվարություններ, անլուծելի ու անպատասխան թվացող հարցեր: Մինչդեռ, շատ հաճախ, իրավիճակը, որում գտնվում եք, ունի պարզ եւ արագ լուծում, որի մասին անգամ չէիք կռահում: Պարզապես անհրաժեշտ է մեկը, ով կլսի եւ կտա մասնագիտական՝ հոգեբանական, խորհուրդ: Հարցեր ունենալու դեպքում՝ դրանք կարող եք ուղղել մեր հոգեբանին հետեւյալ էլեկտրոնային հասցեով՝ alisahakobyan@gmail.com: Եթե անգամ խնդրի լուծումն ամբողջությամբ չստանաք, ապա ճիշտ որոշում ընդունելու ուղին, ամեն դեպքում, կմատնանշվի:
-Ի՞նչ է թերարժեքության բարդույթը: Որո՞նք են դրա առաջացման պատճառները եւ ի՞նչ հետեւանքներ այն ունի:
Պատասխանում է հոգեբան Աշոտ Հակոբյանը
-Թերարժեքությունը համարվում է հիմնական մոտիվացիոն լիցքերից մեկը: Դա բնական կազմավորում է, հոգեկան գոյացություն, որը յուրաքանչյուր առողջ մարդ իր մեջ կրում է: Թերարժեքության հետ կապված է փոխահատուցման գաղափարը եւ համապատասխանորեն ձեւավորված կյանքի շրջանակներում է, որ անձը պետք է կարողանա իր ստեղծագործական ես-ը ծավալել: Այսինքն, անընդհատ, մշտապես ձգտում ես գերազանցության` հաղթահարելու համար թերարժեքությունը եւ հասնելու փոխհատուցման: Եթե այսպիսի մեխանիզմ չլինի՝ անձն իր ստեղծագործական էությունը չի ծավալվի:
Սա առողջ հոգեկան ազդեցությունների պարագայում: Սակայն շատ գործոնների դեպքում՝ հակառակը կարող է տեղի ունենալ: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է տարբերակել «թերարժեքության զգացում» եւ «թերարժեքության բարդույթ» («թերարժեքության կոմպլեքս») հասկացությունները: Սրանք շատ հաճախ շփոթում ենք: Թերարժեքության զգացումը առողջ վիճակ է, որը բերելու է փոխհատուցման, անձի ստեղծագործական ես-ի: Իսկ եթե խոսքը թերարժեքության բարդույթի մասին է, ուրեմն այս պարագայում տեղի կունենա ոչ թե փոխհատուցում, այլ հիպերփոխհատուցում` գերհատուցում: Բարդույթի ձեւավորումը կարող է տեղի ունենալ տարբեր հանգամանքների բերումով` արտաքին գործոններ, դաստիարակչական ներգործություն եւ այլն: Ախտաբանական, բացասական ազդեցությունների արդյունքում ձեւավորվում է մարդու կյանքի որոշակի ոճ: Այս պարագայում մարդու ստեղծագործական ես-ը չի ծավալվի: Չկա սոցիալական հետաքրքրություն, անձն այլեւս չի գործում ի բարօրություն սոցիալական միջավայրի: Անձը ձգտում է ամեն ինչ սեփական շահին ծառայեցնել, միջավայրում ամեն ինչ դասավորել այնպես, որ յուրաքանչյուր իրավիճակից միայն իր համար շահեկան ելքով դուրս գա:
Թերարժեքության բարդույթով տառապող մարդու հետ հարաբերությունները շատ դժվար են եւ հաճախ կոնֆլիկտային կարող են լինել, որովհետեւ ինքն անընդհատ շոյում է իր անձը, ունի եսակենտրոն մոտիվացիա, անընդհատ կողմնորոշված է սեփական անձի պաշտպանությանը եւ առաջմղմանը: Ընդունենք՝ ինչ-որ մեկը հիպերհատուցման է հասել ինտելեկտուալ աշխատանքի մեջ, ինքն անընդհատ իր ինտելեկտը կցուցադրի: Իրականում, իր ինտելեկտը որեւէ բանով աչքի չի ընկնում, թերարժեքության բարդույթն է ստիպում այդպիսի հիվանդագին հակազդեցություն դրսեւորել:
Պատրաստեց Ալիսա Հակոբյանը




