… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

Հիվանդատերը պնդում է, բժիշկները՝ հերքում

images (4)
13 Դեկտեմբեր, 2011 17:12    |    Հեղինակ` Մարինե Պետրոսյան


-Քույրս իրեն վատ էր զգում, ստամոքսից էր բողոքում: Շտապօգնություն կանչեցինք: Եկան, դեղ ներարկեցին, որ հանգստանա ու, քանի որ դիմացը շաբաթ-կիրակի էր, իրենց խորհուրդով  երկուշաբթի օրը տարանք «Նոր Մեդ» սոնոգրաֆիա անելու: Այնտեղ ասացին, որ երիկամները ջրի մեջ են եւ պետք է շտապ «Սամարիթեր» հիվանդանոց տեղափոխենք: Մեկ օր «Սամարիթերի» վերակենդանացման բաժնում մնալուց հետո մեզ ասացին, որ անհապաղ պետք է Երեւան տեղափոխենք, որովհետեւ կասկածում են, որ գլխին եւ երիկամներին տրոմբ է փախել: Շատ ծանր վիճակում շտապօգնության մեքենայով քրոջս Երեւան տեղափոխեցինք,-պատմում է «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի խմբագրություն դիմած Մուշեղ Մուրադյանը:

7 օրվա ընթացքում բժիշկներին հաջողվել է կարգավորել հիվանդի վիճակը եւ ազոտի մակարդակն իջեցնել: Բայց այդ ժամանակ, ինչպես պատմում է եղբայրը, հիվանդը լսել է բուժքույրերի զրույցը: Կարծելով, թե կինը քնած է, ասել են՝  «իրան սխալ բուժում են արել», մյուսն էլ ասել է՝ «ոչ երեխա ունի, ոչ էլ բան, մեկ է՝ հետեւից լացող չկա»:

-Էդ ամեն ինչը ինքը լսել էր: Կպատկերացնեք, ինչ վիճակում կեղնի հիվանդը, եթե իմանա, որ իրան սխալ բուժում են արել ու ինքը … մահանալու է …,-հիշելով այդ օրվա հետ կապված մանրամասները՝ դժվարությամբ պատմում էր Մանյայի եղբայրը:

Երեւանում, «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժնում գտնվող քրոջ հետ զրուցելու եւ նրան հանգստացնելու համար թույլտվություն է խնդրել բժշկից: Մի քանի րոպե տեսակցելուց հետո նրան այլեւս չեն թողել քրոջ մոտ.

- Բժշկին ասացի՝ քույրս նման բան է լսել, ու կարող է` դա ճիշտ է, թույլ տվեք գոնե մտնեմ հանգստացնեմ, ինձ ասացին՝ «առավոտ ես մտել, համ էլ` դժվար նման բան լսած լինի»… բայց քույրս խելագար չէ, որ իրենից հորիներ:

«Էդ պահին, որ թողնեին մտնեի, հետը զրուցեի, գունե քույրս մի քիչ կհանգստանար» պարբերաբար կրկնում էր նա ու նաեւ ասում, որ «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մյուս ավելի ծանր հիվանդներին չխանգարելու համար քրոջ ձեռքերն ու բերանը կապել են:

-Ի՞նչ է նշանակում՝ քույրերից է լսել …, եթե դռնապաhների խոսակցություններն էլ լսեին, նորից մեզ էին մեղադրելու,-մեր հարցին ի պատասխան, վիրավորված ասում է «Էրեբունի» հիվանդանոցի դիալեզի բաժնի վարիչ Գագիկ Պապիկյանը եւ չթաքցնելով իր վրդովմունքը՝ ավելացնում է,-մենք մեր կյանքի գնով պայքարում ենք յուրաքանչյուր հիվանդի համար, ու մեր աշխատանքն այսպե՞ս է փոխհատուցվում:

Նա չհիշեց, թե կոնկրետ որ հիվանդի մասին է խոսքը, բայց մեզ հավաստիացրեց, որ նման բան չի կարող լինել ու այդ խնդրի պարզաբանման համար ինքը պատրաստ է անգամ գալ Գյումրի. «Հեղինակության ու արժանապատվության հարց է, հասկանու՞մ եք»:

Մանյա Մուրադյանը մի քանի տարի առաջ սրտի վիրահատություն, իսկ 2005-ին` ինսուլտ էր տարել: Երկրորդ կարգի հաշմանդամություն ուներ, բայց, ինչպես հավաստիացնում էր հիվանդի եղբայրը, բժշկական ոչ մի ծառայություն պետպատվերի շրջանակներում չի եղել:

-Ինքն իմ հիվանդն է եղել, ունեցել է հաշմանդմության կարգ: Վստահաբար կարող եմ ասել, որ ոչ մի գումար չի վճարել, ոչ մի ծառայության համար գումար չի տվել, ամեն ինչ պետպատվերի շրջանակներում է եղել,-մեզ հետ զրույցում ասաց «Սամարիթեր» հիվանդանոցի բժիշկ Աշոտ Քաբաբյանը:

-Ամեն օր 40-50 հազարի դեղ կգրեին, մենք էլ ի վիճակի չէինք: 40 հազար դրամ էլ Գյումրիից Երեւան տեղափոխելու համար ենք վճարել, էն դեպքում, երբ հայրս լսել էր, որ կարգ ունեցող հիվնադներին անվճար են տեղափոխում,-պնդում էր հանգուցյալի եղբայրը:

-Շտապ օգնության ծառայությունը բոլոր քաղաքացիների համար անվճար է: Բայց Գյումրիից-Եւեւան տեղափոխումը 40.000 դրամ է: Դա օրենքով սահմանված կարգ է,-ասում է Գյումրու շտապ օգնության կարգավորիչ Հերմինե Գեւորգյանը:

-Էդ դեպքում ինչո՞ւ են հեռուստատեսությամբ հայտարարում, որ կարգային հիվանդների համար շտապ օգնության մեքենայով տեղափոխումն անվճար է: Ու բացի այդ, ինչո՞ւ կտրոնի վրա չկա նշված ամիս-ամսաթիվ,-բողոքում էր հիվանդի եղբայրը:

Երեւանից-Գյումրի հիվանդին ետ տեղափոխելու համար նրանցից նորից են գումար պահանջել, այս անգամ արդեն 80.000 դրամ, ստիպված սեփական մեքենայով են տեղափոխել՝ հիվանդանոցում ստորագրություն թողնելով:

Մուշեղ Մուրադյանը խոսում էր նաեւ բուժաշխատողների անմարդկային վերաբերմունքի մասին. մասնավորապես, որ քրոջն ինչպես հարկն է չեն խնամել, ու կասկածներ ունի, որ հնարավոր է կերակրած էլ չլինեն:

-Քաջ գիտակցելով, որ քույրս մահանալու է, անգամ վերջին ցանկությունները չէին թողնում կատարեմ: Եթե ինձ հույս չտային ու ամեն ինչ ճիշտն ասեին, մենք իրա բոլոր ցանկությունները կկատարեինք, սրտիս վրա էնքան ծանր չէր նստի:

Երեւանից հիվանդին նորից բերել են Գյումրու «Սամարիթեր» հիվանդանոց: Այս անգամ հիվանդի մոտ այրան սեպտիզ են հայտնաբերել ու 15 օր հիվանդին սկսել են այս հիվանդության դեմ բուժել: Բայց, ապարդյուն, տուն տեղափոխելու հաջորդ օրը նա մահացել է:

-Մինչեւ վերջ դիագնոզը չի ճշտվել, քրոջս սխալ բուժում են արել: Ու քաջ գիտակցելով, որ քույրս մահանալու է, մեզ էդքան գումարներ էին ծախսել տալիս ու պարտքի տակ գցում:

Այս ամենի մասին հանգուցյալ Մանյա Մուրադյանի հայրը նամակ է գրել երկրի նախագահին ու առողջապահության նախարարին:

Մարինե Պետրոսյան

Դիտումներ՝ 162