… sed magis amica veritas
… ճշմարտությունն ավելի թանկ է

Գեւորգ Ղուկասյան. «Դատարանի դահլիճից իրան բաց թողեք, եթե ինքն է` 2 օր հետո ձորը կընկնի»

dat karen
04 Հունիս , 2013 18:06    |    Հեղինակ` Սոնա Առաքելյան


Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով հերթական դատական նիստը կայացավ: Տուժողի իրավահաջորդ Անահիտ Իսկանդարյանը դատարան գրություն էր ուղարկել, որ ինքն այսուհետ դատարան չի ներկայանալու եւ խնդրել էր նիստերն անցկացնել իր բացակայությամբ: Ա.Իսկանդարյանի պատճառաբանությամբ՝ դատական նիստերին ներկա գտնվելով` իրեն վատ է զգում:

Դեռ նախորդ նիստին դատավոր Մ.Սարոյանը հայտնել էր, որ այս դատական նիստին ծանուցված վկաների ցանկում են Ղուկասյանները` Վարդան, Գեւորգ եւ Մանյա, ովքեր, դեռ նախորդ նիստին դատարան գրություն էին ուղարկել, թե իրենք վշտի մեջ են ու կներկայանան հաջորդ նիստին:

Սակայն այսօր դատարան ներկայացել էր միայն Վարդան Ղուկասյանի եղբայրը` Գեւորգ Ղուկասյանը, ով դատարանին խնդրել էր, որ վկայությունը չտեսագրվի եւ չձայնագրի: Վերջինս իր ցուցմունքի հենց սկզբում նշեց, թե ճանաչում է ամբաստանյալ Հարություն Սարգսյանին, բայց 2012թ.-ի ապրիլի 12-ին տեղի ունեցած դեպքից հետո: Գ.Ղուկասյանը պատմեց, որ դեպքից առաջ Մանյա Ղուկասյանի ձեռքը խնդրելու հարցով իր եղբորը եւ իրեն դիմել է Հարությունի հայրը` Սամվել Սարգսյանը: Նրա վստահեցմամբ, Ս.Սարգսյանը երկու անգամ դիմել է Վարդան Ղուկասյանին, այնուհետ 3-4 անգամ` իրեն, եւ հենց ինքն էլ Ս.Սարգսյանին ասել, որ այլեւս այդ հարցով չդիմի, քանի որ Մանյայի ամուսնության հարցը լուծված է: Վկայի մեկնաբանմամբ, իրենցից աղջիկ ուզելու եւ մերժվելու հանգամանքը, սակայն, չի նշանակում, որ նա մարդ է սպանել: Վկան այնուհետ պատմեց, թե ինքը երբ եւ ումից է իմացել, որ Կ.Եսայանը կորել է, ովքեր են սկսել նրան փնտրել եւ այլն: Վկան նշեց, թե ավտոլվացման կետի տեսագրությունների ետեւից ինքը չի գնացել, բայց դեպքի օրը գնացել է Հարությունենց տուն, զրուցել նրա հետ: Վերջինս Գ.Ղուկասյանի հետ զրույցի ընթացքում  ասել է. «Գեւորգ ձյաձյա, ես չեմ, ես խաբար չեմ»:

«Դատարանի դահլիճից իրան բաց թողեք», մի քանի անգամ կրկնեց Գ.Ղուկասյանն ու այնուհետ հավելեց.«Եթե ինքն է` 2 օր հետո ձորը կընկնի, եթե ինքը չէ` իրա համար կապրի, վերեւն Աստված կա, Աստված կպատժե»: Անդրադառնալով Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում Կ. Եսայանի դին հայտնաբերելուն` ասաց.«Ինքը լրիվ փոշոտված, շորերը փոշոտված էին, ոնց որ գետնին գցած լինեին ու հետո վերցնեին ու դնեին մեքենա: Արունն ու փոշին, որ իրար խառնված լինի` ի՞նչ կլինի»: Երբ վկային հարցեր տալու հերթն հասավ ամբաստանյալի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանին, Գ.Ղուկասյանն ասաց. «Պրովոկացիոն հարցեր չտաս»:

Դատական նիստի ավարտին ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը հետաքրքրվեց հաջորդ դատական նիստին դատակոչված վկաների եւ այս նիստին չներկայացած անձանց մասին, մասնավորապես` Վարդան եւ Մանյա Ղուկասյանների մասով: Դատավոր Մ.Սարոյանը նշեց, թե նրանք ծանուցված են հունիսի 4-ի եւ 5-ի նիստերի համար, հավանաբար հունիսի 5-ի նիստին կներկայանան: Լ.Սահակյանը միջնորդություն ներկայացրեց նրանց նկատմամբ բերման ենթարկելու որոշում կայացնելու մասին ու խնդրեց խտրական վերաբեմունք չցուցաբերել նրանց նկատմամբ.

-Դատարանը մի քանի անգամ բերման ենթարկելու որոշում է կայացրել մյուս վկաների նկատմամբ, բայց Վարդան եւ Մանյա Ղուկասյանների նկատմամբ չի կայացրել, որովհետեւ դատարանն էլ չգիտի` վաղը կներկայանա՞ն, թե՝ ոչ:

Մ.Սարոյանը Վարդան եւ Մանյա Ղուկասյանների մասով բերման ենթարկելու որոշում չկայացրեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 5-ին:

Սոնա Առաքելյան

________________________________

Բաժանորդագրություն.

Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի թղթե տարբերակը: Այս կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը միայն: Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք էական գումար: Այսպես. թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 25.700 դրամ, իսկ տարեկան բաժանորդագրման դեպքում` ընդամենը 16.000 դրամ: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ 6 ամսով, 3 եւ 1 ամսով: Բաժանորդագրությունն իրականացվում է առայժմ միայն Գյումրիում:

Բաժանորդագրության առավելությունն այն է, որ անկախ տարվա եղանակից եւ ձեր զբաղվածությունից, դուք ամեն օր ժամը 9-12-ի միջակայքում, պայմանագրում ձեր նշած հասցեում կստանաք թերթը: 8 ամսվա ընթացքում մեր բաժանորդագիրներից որեւէ մեկին թերթը ոչ մի անգամ ուշ չի հասցվել:

Եթե կկամենաք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք (0312) 50622, ձեզ կայցելի գործակալը:

Դիտումներ՝ 215